«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը հերթական առաջանցիկ քայլն է կատարում հայաստանյան առողջապահության ոլորտում։ Կլինիկայում հաջողությամբ իրականացվել է երկրում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը։ Բելգիայում գտնվող աշխարհի առաջատար ուրոլոգներից մեկը՝ Ալստ քաղաքի OLV հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար և Orsi ակադեմիայի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մոտտրին, ավելի քան 3300 կմ հեռավորությունից վիրահատել է «Սլավմեդ»-ում գտնվող պացիենտին։
Շագանակագեղձի քաղցկեղի վաղ՝ առաջնային փուլում գտնվող պացիենտի մոտ իրականացվել է շագանակագեղձի՝ ռոբոտ-ասիստենցված արմատական հեռացում։ Հեռավար վիրահատական միջամտությունն անցել է հարթ և անվտանգ՝ շնորհիվ «Սլավմեդ»-ի բուժանձնակազմի բարձր պատրաստվածության և բացառիկ տեխնիկական հագեցվածության։
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադրման առաջին իսկ օրվանից մենք ընտրել ենք շարունակական զարգացման ու կատարելագործման, ժամանակակից մոտեցումների և նորարարությունների որդեգրման ուղին։ Այսօր մեզ համար առանձնահատուկ կարևոր և ուղենշային ձեռքբերում է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատության իրականացումը»,- ասել է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր Արմինե Հովակիմյանը։
Նշենք, որ «Սլավմեդ»-ն առաջինն է Հայաստանում ներդրել ռոբոտային վիրաբուժությունը և ձևավորել այս ոլորտում մասնագիտացված վիրաբուժական թիմ։ Հեռավար վիրահատության հաջող իրականացման կարևոր գրավականներից են «Սլավմեդ»-ում ներդրված գերժամանակակից Toumai MT-1000 ռոբոտային համակարգը, որը համալրված է Հայաստանում միակ և բացառիկ՝ հեռավար վիրահատությունների իրականացման համար նախատեսված առանձին մոդուլով, ինչպես նաև բժշկական կենտրոնում առկա գերարագ ինտերնետային կապուղիները։
Այս տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս ցանկացած հեռավորությունից անխափան կառավարել ռոբոտային համակարգը և ապահովել վիրահատության անվտանգ ու ճշգրիտ ընթացքը։ Նախապատրաստական մեծ աշխատանքներ են կատարվել՝ ադապտացնելու երկու կլինիկաների ռոբոտային համակարգերը։
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Մհեր Մխիթարյանը, ով ողջ ընթացքում ֆիզիկապես գտնվել է վիրասրահում՝ պացիենտի և ռոբոտի կողքին, ընդգծել է․ «Ինձ համար մեծ նշանակություն ունի այս իրադարձությունը, որովհետև բժշկությունը սկսում է սահմաններ չճանաչել։ Մեր պացիենտը, վստահելով մեր կլինիկային ու թիմին, առանց վարանելու ընտրեց այս տարբերակը։ Ես վիրասրահում էի և պատրաստ էի ցանկացած վայրկյանի, որևէ տեխնիկական խնդրի դեպքում, անմիջապես շարունակել վիրահատությունն այստեղից, այնպես որ պացիենտի կյանքին ու առողջությանը ոչ մի խնդիր չէր կարող սպառնալ»։
Այս ձեռքբերմամբ Հայաստանը դասվում է աշխարհի առաջատար այն երկրների շարքին, որոնք ունեն հեռավար վիրահատության ծառայություն։
«Սլավմեդ» ԲԿ ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը նշել է, որ այս ամենը հնարավոր է դարձել ամբողջական հեռավիրահատական համակարգ ներդնելու միջոցով։
«Մեր մարտավարությունն է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար բժշկության մակարդակը հավասարեցնել աշխարհի առաջատար կենտրոններին։ Այս համակարգն ապահովում է աշխարհի ցանկացած առաջատար մասնագետի հմտությունների ներկայությունը մեր վիրասրահում։ Սա նաև ֆինանսական մեծ խնայողություն է պացիենտների համար։ Այլևս կարիք չկա հսկայական գումարներ ծախսել արտերկիր մեկնելու և այնտեղ մնալու համար. նույն ծառայությունը նրանք ստանում են հայրենիքում՝ ավելի մատչելի արժեքով»,- հավելել է Լևոն Գրիգորյանը։
«Հեռավար վիրահատությունների ժամանակ թիմերի միջև համակարգված աշխատանքը շատ կարևոր է։ «Սլավմեդ»-ն ապահովեց այդ բարձր մակարդակը՝ ևս մեկ անգամ փաստելով տարածաշրջանում իր առաջատար դիրքը։ Ռոբոտային հեռավար վիրաբուժության ներդրմամբ կլինիկան նոր էջ է բացում, և ես ցանկանում եմ իմ փորձով ու գիտելիքներով նպաստել, որպեսզի այս ձեռնարկը մեծ հաջողություններ գրանցի»,- ասել է վիրահատող բժիշկ, պրոֆեսոր Ալեքսանդր Մոտտրին։
Պացիենտի անվտանգությունն ապահովվել է բազմաշերտ պաշտպանությամբ. կապի հնարավոր ընդհատման դեպքում գործում են ապահովագրող այլ կապուղիներ, իսկ երկու կողմից անխափան աշխատում են ինժեներական և վիրաբուժական թիմերը։























































