«Արեգնազը երեկ դարձավ այս ռեժիմի քաղաքական հետապնդումների հերթական զոհը»,- ասաց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը «Հայելի» ակումբում։
«Սպասո՞ւմ էինք։ Այո, սպասում էինք։ Սպասում էինք այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ապօրինի հրահանգով քրեական հետապնդում սկսվեց Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ։ Նա կալանավորվեց եւ տարբեր լրատվամիջոցներում այսպես կոչված «սլիվների» միջոցով տեղեկացվում էր, որ հաջորդը լինելու է Արեգնազ Մանուկյանը։ Անձամբ ես մինչեւ վերջ չէի հավատում, որ ռեժիմը կարող է Արեգնազի նկատմամբ դիմել նման ապօրինության, նման բիրտ բռնաճնշումների։ Բայց երեկ եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանում արդեն իրավունքից, դատարաններից, սահմանադրությունից, օրենքներից խոսելը անիմաստ է, եթե կա քաղաքական պատվեր։
Սա բռնատիրական համակարգի դրսեւորումներից մեկն է։ Արեգնազ Մանուկյանը, ըստ էության ձերբակալվել է մի քանի պատճառով։ Մեկը, որ Արեգնազին բանտարկելով փորձեն բարոյա-հոգեբանական ճնշման ենթարկել Անդրանիկ Թեւանյանին։ Երկրորդ՝ կազմաքանդել «Մայր Հայաստան» կուսակցությունը որպես քաղաքական գործոն, որը, կարծում եմ, վերջին տարիների ամենահաջողված պրոյեկտներից մեկն էր մեր քաղաքական համակարգում։ Սա նաեւ անձնական, քաղաքական վրեժխնդրություն է։ Սկզբում բանտարկում, մեկուսացնում ես թիմի առաջնորդին, հետո անցնում ես արդեն կառույցի կազմաքանդմանը՝ մարդկանց, այդ թվում՝ կանանց բանտարկելով։
Այս ամեն ինչը չի կանգնելու։ Դժվարը սկսելն է։ Բռնաճնշումների թափանիվը երբ որ սկսում է պտտվել, դժվարն առաջին պահն է։ Եվ երբ սկսեց պտտվել, այդ մամլիչը բոլորի վրայով անցնելու է։ Մենք գործ ունենք դասական սողացող բռնատիրության հետ։ Հիմա այդ մամլիչի տակ հայտնվում են քաղաքական հակառակորդները, քաղաքական ընդդիմախոսները, որից հետո անցնելու է ամենասովորական քաղաքացիներին։ Մեր գործող իրավապահ համակարգն արդեն ուժային, պատժիչ համակարգ է։
Կարդացեք նաև
Այս իրավիճակում հասարակության, քաղաքական, հասարակական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների միակ նպատակը պետք է լինի բռնաճնշումների այս թափանիվը կանգնեցնելը, այս ամենի նկատմամբ հանրային վերաբերմունք ձեւավորելը։ Եվ փորձ անել, որպեսզի սա չվերածվի հասարակական աղետի»,-ասաց Դերենիկ Մալխասյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից


















































