Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը երբեք «100 տոկոս» արտահայտությունը բառի բուն իմաստով չի օգտագործել. Փաշինյանի ներկայացուցիչ

Նոյեմբեր 24,2026 13:43 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՔՊ-ական նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցի քննությունը։

Հիշեցնենք, որ Սոֆյա Հովսեփյանը հուլիսի 14-ին դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պահանջելով պարտավորեցնել վերջինիս հրապարակայնորեն հերքել իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավն արատավորող փաստացի տվյալները։

Որպես ընդդիմադիր ուժի ընտրած քաղաքացի՝ Հովսեփյանը պնդում է, որ Փաշինյանը հունիսի 11-ի իր հայտարարությամբ արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը՝ հայտարարելով, թե ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ ՔՊ-ի ձայները եղել են օրգանիկ։

Հովսեփյանի ներկայացուցիչը միջնորդել էր դատարանին՝ որպես ապացույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) պահանջել համապատասխան տվյալներ, որոնք կհաստատեին, որ Հովսեփյանը մասնակցել է քվեարկությանը և ընտրել ընդդիմադիր ուժին։ Նշենք, որ Հովսեփյանն ավելի վաղ դիմել էր ԿԸՀ՝ համապատասխան տեղեկությունները ստանալու համար, սակայն մերժում էր ստացել։

Փաշինյանի ներկայացուցիչ Էդգար Ավագյանն առարկեց այդ միջնորդության դեմ՝ պնդելով, որ ԿԸՀ-ն չի կարող նման ապացույց տրամադրել, և դա ինքնանպատակ դատավարական գործողություն կլինի։

Ավագյանը նաև առարկեց հայցվոր կողմի՝ ապացուցման պարտականության բաշխման փոփոխությանը վերաբերող միջնորդության դեմ։ Նրա խոսքով՝ այդ հարցի վերաբերյալ որոշումը կայացվում է հայցապահանջի և առարկությունների հիմքերի շրջանակում՝ հաշվի առնելով, թե կողմը ինչ փաստեր է վկայակոչում։

Հովսեփյանի ներկայացուցիչն էլ արձագանքեց, որ ուրիշ ի՞նչ եղանակով, եթե ոչ ԿԸՀ-ից քվեարկությանը վերաբերող համապատասխան տվյալներ պահանջելով, կարող է ապացուցվել, որ հայցվորը մասնակցել է ընտրություններին և ընտրել ընդդիմադիր ուժին։ Նրա խոսքով՝ նախապես հնարավոր չէր կանխատեսել, որ Փաշինյանը նման հայտարարություն կանի, որպեսզի հայցվորը նախապես վկաներ ապահովեր և նրանց հետ մասնակցեր ընտրություններին։

Ավագյանը նաև նշեց, որ ընտրակաշառք վերցնելու դեպքերի առնչությամբ հարուցվել է 150 քրեական գործ։

Հովսեփյանի ներկայացուցիչն էլ հակադարձեց, որ այդ գործերի առկայությունը բավարար հիմք չէ, որպեսզի վարչապետը հայտարարի, թե ընտրողների 100 տոկոսն ընտրել է ընտրակաշառքով։

Նրա խոսքով՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել նաև Հովսեփյանի նկատմամբ, որը շուրջ մեկ ամիս առաջ կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հայցվորի ներկայացուցիչը նաև նկատեց, որ հունիսի 11-ի հայտարարությունից օրեր անց Փաշինյանը փոխել է իր պնդումը՝ հայտարարելով, որ ոչ թե ընտրողների 100 տոկոսն է ընտրել ընտրակաշառքով, այլ 70 տոկոսը։ «Իսկ այդ 30 տոկոսի՞ց երբևէ վարչապետը ներողություն խնդրել է»։

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն էլ նշեց, որ 100 կամ 70 տոկոսը քաղաքական խոսքի շրջանակում տրված քաղաքական գնահատականներ են, և վարչապետը երբեք «100 տոկոս» արտահայտությունը բառի բուն իմաստով չի օգտագործել։

Դատարանը բավարարեց Հովսեփյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ ԿԸՀ-ից հայցվորի՝ քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ տեղեկություններ պահանջելու մասին։ Նիստը հետաձգվեց։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30