Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի պատմամշակութային ժառանգությունը շարունակում է մնալ վտանգի տակ»

Հուլիս 13,2026 12:12 Share

«Ապառաժ».Արցախում մնացած մեր պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ է խոսում Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը

-Վերջին տեղեկությունները, որ ունենք Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ, դա Աստղաշեն և Այգեստան համայնքներում Հայրենական Մեծ պատերազմին ու Արցախյան ազատամարտին նվիրված հուշակոթողների ավերումն է։ Ընդհանրապես Արցախի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկություններ մենք ստանում ենք հիմնականում ադրբեջանական օգտատերերի սոցիալական էջերից, որոնք լուսանկարներ կամ տեսանյութեր են հրապարակում, կամ օդատիեզերական լուսանկարներից։ Այդ հրապարակումներից կարողանում ենք հասկանալ այս կամ այն հուշարձանի քանդման կամ պղծման մասին։ Այդպես մենք իմացել ենք Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի, Սուրբ Հակոբ եկեղեցու ավերման մասին։ Վերջին շրջանում ֆեյսբուքյան հարթակում հաճախ եմ հանդիպում ադրբեջանցիների կողմից մեր հուշարձաններն իսպառ ավերելու տարբեր կոչերի։ Վերջերս դրանք հատկապես վերաբերվում են «Մենք ենք, մեր սարերը» կոթողին։ Դեռևս մինչև 2023 թվականը Ադրբեջանի քարոզչական մեքենան այն ներկայացնում էր որպես ադրբեջանական կոթող, որը կառուցվել է Խորհրդային տարիներին՝ ադրբեջանական իշխանության օրոք։ Հիմա, երբ «Մենք ենք, մեր սարերը» կոթողը դարձել է արցախցիների վերադարձի խորհրդանիշ, նրանք կոչ են անում ձերբազատվել այդ խորհրդանիշից նույնպես։ Թե ի՞նչ զարգացումներ կունենան, դա ցույց կտա ժամանակը։

Ընդհանուր առմամբ բոլորս էլ գիտակցում ենք, որ մեր պատմամշակութային ժառանգությունն Արցախում վտանգված է։ Զանազան պատճառաբանություններով, ինչպես օրինակ՝ նորակառույց եկեղեցիները, Արցախյան ազատամարտի հուշակոթողները համարում են ապօրինի։ Տարբեր պատճառաբանություններով փորձելու են մաքրել հայկական հետքն Արցախում, ինչպես դա արվել է Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում, Հյուսիսային Արցախում։ Այսինքն, տարածքը բռնազավթելուց հետո նրանց քաղաքականության հաջորդ քայլը տվյալ տարածքը հայազերծելն է, որպեսզի այդ տարածքի հանդեպ իրենց հավակնությունները դարձնեն օրինավոր և ապացուցեն, որ դրանք ի սկզբանե ադրբեջանական կամ թուրքական են եղել։ Այս ամենի մեջ ցավալին այն է, որ Ադրբեջանն այդ հակահայկական, հակամշակութային վանդալիզմը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կողմից լռության պայմաններում, այն դեպքում, երբ ՀՀ-ն համարվում էր Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ հայ ժողովուրդը այդ պատմամշակութային ժառանգության օրինավոր ժառանգորդը։ Ավելի մեծ ցավ է, երբ ՀՀ կառավարության անդամն ասում է, որ Ադրբեջանն ազատ է «իր» տարածքում անել այն, ինչ ուզում է։ Այսինքն դա կանաչ լույս վառել է Ադրբեջանի կառավարության առաջ, որ մեր կողմից որևէ բողոք, դժգոհություն չի լինելու, դուք կարող եք անարգել վերացնել հայկական հետքն Արցախում։

Արցախցի պատմաբանն անդրադառնում է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից տարվող այն թեզին, որ Արցախի հայկական հուշարձանները ուդիական են (աղվանական)

-Արցախի պատմամշակութային ժառանգությունը՝ եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, կրոնական ցանկացած կառույցները նորույթ չեն աղվանական համարելը․ դա արվել է նաև ԼՂԻՄ-ի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը պատմամշակութային հուշարձանների ցանկում բոլոր հայկական եկեղեցիների դիմաց գրել է, որ դրանք աղվանական են։ Սա հայկական հետքի վերացման մի ուրիշ դրսևորում է, երբ իրենք չեն կարողանում միանշանակ բոլոր հոգևոր կառույցները քանդել, հավանաբար մտածելով, որ ի վերջո քրիստոնյա աշխարհի հետ իրենք կարող են խնդիրներ ունենալ։ Օգտագործելով ուդի ժողովրդին զանազան, այսպես ասած ուխտագնացություններ են կազմակերպում՝ ներկայացման ձևերով, իբր թե ուդիները հիմա ունեն հնարավորություն այցելելու իրենց պատմական, մշակութային, հոգևոր կենտրոնները։ Սա պատմության բռնայուրացում է, օտարման ճանապարհով։ Բայց, չգիտես ինչու, որոշ դեպքերում նույնիսկ աղվանական հայտարարված եկեղեցիները ենթարկվում են ոչնչացման, ինչպես օրինակ՝ Շուշիի Կանաչ ժամ, կամ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031