«Թուրքերը միայն մի խոսք ունեն, ասում են՝ «Ղարաբաղը մերն է»։ Իրենք դա միշտ կրկնում են՝ իրենց մեջ վստահ լինելով, որ դա այդպես չէ։ Այսինքն՝ միշտ կրկնում են, որ իրենք էլ հավատան իրենց ասածին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Շուշիում Իլհամ Ալիեւի այսօր արած հայտարարություններին։
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունը Արցախի Շուշի քաղաքում հերթական մեդիա ֆորումն է հրավիրել, որի բացմանը ելույթ է ունեցել Իլհամ Ալիեւը։
«Ալիեւն ինքն էլ չէր սպասում, որ 2020-2023 թվականների իրադարձություններն այսպես կհանգուցալուծվեին։ Այն, որ Արցախը ամբողջությամբ հայաթափվեց, ամենայն հավանականությամբ դա իրենց համար էլ էր անսպասելի։ Ալիեւը խոսում է, բայց, ամեն ինչ կորած չէ։ Եթե ազգն ունենում է ձգտում, նպատակ, աշխատանք, այդ պարագայում կարելի է նաեւ դժվարությունները հաղթահարել։ Մենք չպետք է մոռանանք, որ ապրելով մեր հայրենիքի տարածքում, դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից։ Բայց ազգի մեջ հանդես եկել զավակներ, որոնք մշտապես մտածել են, ոգեւորել են մյուսներին, որ պետք է աշխատել, պայքարել, թոթափել այդ ամենը եւ տիրություն անել մեր հայրենիքին։ Փառք Աստծո, գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը, մենք պետականություն ունենք։ Ես լավատես եմ, որ կգա ժամանակահատված, երբ այս հարցերը շտկվեն»,- ասաց Վահրամ Բալայանը։
Շուշիի մեդիա ֆորումի ժամանակ Ալիեւը նաեւ դժգոհել է, որ ԱՄՆ-ն չի չեղարկել 1992 թվականին Ադրբեջանի դեմ ընդունված 907-րդ բանաձևը, որը, նրա խոսքով, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Ադրբեջանի դեմ «անարդար քայլ էր»։ Բողոքել է նաեւ ԵԽԽՎ-ից, որն Արցախի էթնիկ զտումից հետո հայանպաստ բանաձեւեր է ընդունել։ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանին պատժելու նպատակով են այդ բանաձեւերն ընդունվել։ Նա նշել է, որ Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից ամբողջությամբ դուրս գալու հնարավորությունը՝ ԵԽԽՎ-ի ներկայացրած պահանջների պատճառով։
Կարդացեք նաև
Հարցին, թե արդյոք Ալիեւի այս հայտարարությունները փաստո՞ւմ են, որ միջազգային հանրության համար Արցախի հարցը փակ չէ, եւ ուժային լուծումը լեգիտիմ չէ, Վահրամ Բալայանը պատասխանեց․ «Այո, իրականում դա այդպես է, չնայած, որ միջազգային հանրությունն էլ մշտապես իր հարցերն է փորձում սպասարկել։ Բայց եվրոպական ընտանիքում կան քաղաքական գործիչներ, որոնք տեսնում են, թե ինչ է կատարվում իրականության մեջ։ Եվ պատահական չէ, որ եվրոպական կառույցներն այդպիսի բանաձեւեր են ընդունում, որովհետեւ նրանք իսկապես տեսնում են, որ անարդարություն է կատարվել։ Ի դեպ, այդ վերաբերմունքը զգացվում է ոչ միայն եվրոպացիների մոտ, այլ նաեւ՝ ռուսների։ Թյուրքական աշխարհի կողմից Արցախի հարցն իրենց ձեւով լուծելու հետեւանքով տարածաշրջանի բալանսը փոխվեց, ինչը մշտապես բերում է նոր ցնցումների»։
Բալայանի խոսքով՝ երբ Արցախն Ադրբեջանի կողմից բռնազավթվեց, տարածաշրջանում իրավիճակ փոխվեց, նոր զարգացումներ տեղի ունեցան։ «Ես համենայնդեպս դրա հետ եմ կապում թե Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող այս զարգացումները, թե ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Այսինքն՝ սկիզբը դրվեց, եւ աշխարհն օրեցօր ներքաշվում է ավելի ծանր կոնֆլիկտների մեջ։ Եվ կարծում եմ՝ միջազգային հանրությունն էլ է զգում, որ այդ բալանսը փոխվել է։ Թուլացնել Հայաստանին ու հայ ժողովրդին, ուժեղացնել հակառակ կողմին, բերեց հենց նման ցնցումների։ Եվ դա նաեւ մտահոգում է Ադրբեջանին, որովհետեւ հասկանալի է, որ գող՝ սիրտը դող։ Եվ դրանից են ծնվում Ալիեւի նման մոտեցումներն ու հայտարարությունները»,- հավելեց Վահրամ Բալայանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































