Հուլիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում ընդունել է «Carrefour» ցանցի միջազգային ապրանքների գծով տնօրեն Ռեժի Ֆրոդենին (Régis Fraudin, Directeur de Catégorie, Produits du monde):
Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆրանսիական շուկա, մասնավորապես՝ «Carrefour» ցանցի միջոցով հայկական արտադրանքի ներմուծման և իրացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել հայկական սննդամթերքի և այլ ապրանքների մրցունակության, ֆրանսիական սպառողների նախասիրությունների, ինչպես նաև շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ չափանիշների և ընթացակարգերի վերաբերյալ։
Ֆրոդեն ներկայացրել է «Carrefour»-ի գործունեության առանձնահատկությունները, մատակարարների ընտրության և արտադրանքի ներմուծման գործընթացները, ինչպես նաև ցանցի կողմից կիրառվող որակական և առևտրային պահանջները։
Դեսպան Խաչատրյանը կարևորել է ֆրանսիական խոշոր մանրածախ ցանցերի հետ համագործակցության զարգացումը՝ որպես Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման և հայկական արտադրանքի միջազգային ճանաչելիության բարձրացման կարևոր գործոն։
Կարդացեք նաև
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և ուսումնասիրել համագործակցության հնարավոր ուղղությունները՝ նպատակ ունենալով նպաստել հայկական արտադրանքի ներկայության ընդլայնմանը ֆրանսիական շուկայում։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն


















































