«Ճամբարակի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր։ Դեպքի նրբությունից և առանձնահատկություններից ելնելով՝ չեմ ուզում խոսել վարկածների կամ ինձ հայտնի հանգամանքների մասին»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում էր արել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Aravot.am-ի հետ զրույցում նա ևս չցանկացավ խոսել դեպքի վարկածների և իրեն հայտնի հանգամանքների մասին՝ ելնելով մահացած զինվորի հարազատների հոգեկան ծանր ապրումներից։
«Չգիտեմ՝ իր ընտանիքը դրան ոնց կվերաբերվի, դրա համար բարոյական չեմ համարում այդ բացվածքով խոսել»,- ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով այն փաստին, որ Նարեկ Թորոսյանի մահն այս տարվա յոթ ամիսների կտրվածքով խաղաղ պայմաններում բանակում գրանցված ութերորդ մահվան դեպքն էր, Աբրահամյանն ասաց.
Կարդացեք նաև
«Պետք է արձանագրենք, որ դա պաշտոնական տվյալներով է, որովհետև շատ ժամանակ դեպքեր են գրանցվում, հետո տարբեր մարմիններ սկսում են արդարանալ, թե այս մեկը ծառայության հետ կապ չունի, սա եղել է աշխատանքից հետո կամ առաջ։ Այդ թիվը, որ փոխանցվում է, չեմ կարծում, որ միանշանակ արտացոլում է իրական իրողությունները։
Ինչ վերաբերում է Զինված ուժերին, ակնհայտ է դարձել, որ Զինված ուժերում ծառայությունը վերածվել է աշխատանքի։ Եթե ինչ-որ ժամանակ դա առաքելություն էր, ապա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ դա վերածվի պարզապես աշխատանքային գործունեության։ Սրա մասին հստակ մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանն է խոսել, որ նրանք ծառայում են, դրա համար վճարում ենք, սոցիալական երաշխիքներ ենք ստեղծում։ Կարծես գործ ունենք սովորական մասնագիտության, այլ ոչ թե հայրենիքի պաշտպանի հետ։ Դրա համար, բնականաբար, այսպիսի իրավիճակներ են ստեղծվում, և զորամասային միջավայրն էլ վերածվում է այդպիսի հարթակի։ Շատ ակնհայտ է, որ այս ու նմանատիպ իրավիճակների հիմքում կարգապահական հսկայական խնդիրներն են, ոչ պատշաճ վերահսկողությունը, զինծառայողների՝ օրվա կարգացուցակից շեղումները, որոնք բերում են այսպիսի միջադեպերի»։
Ըստ Աբրահամյանի՝ Նարեկի դեպքն առաջինը չէ, և այս իշխանությունների պայմաններում որևէ երաշխիք չկա, որ այն վերջինը կլինի։
«Իշխանությունն ավելի շատ իր առաջնահերթությունները կառուցում է ոչ թե Զինված ուժերում առկա իրական խնդիրների լուծման, այլ հասարակական ընկալումների հետ խաղալու և տարբեր իրադարձությունները գունավոր փաթեթավորմամբ ներկայացնելու ուղղությամբ»։
Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, և նրա հարևաններն արդեն լրատվամիջոցներին հայտնել են, որ Նարեկը 22 տարեկան էր, վեց ամիս էր, ինչ ծառայում էր, և վերջին օրերին էր տեղափոխվել Ճամբարակ։
Տիգրան Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ ինչ խնդիրներ կարող էին հասունանալ ընդամենը մի քանի օրում, որոնք կարող էին Նարեկին ինքնասպանության մղել։
«Կային որոշակի վարքականոններ, որոնք ժամանակին գործում էին։ Դա հատկապես վերաբերում էր այն փուլին, երբ զինվորներն առաջին անգամ մարտական հերթապահության էին բարձրանում։ Այդ պարագայում որոշակի կանոններ էին սահմանվում։ Նախ՝ վերահսկողությունը շատ ավելի ուժեղ էր լինում, զորամասում լրացուցիչ սպաներ էին ուժեղացնում ծառայությունը՝ հաշվի առնելով, որ զինվորների մի մասն առաջին անգամ էր բարձրանում մարտական հերթապահության։
Հերթափոխն այնպես էր կազմակերպվում, որ դիրքում գտնվողների համամասնությունը հավասար լիներ։ Հատկապես սկզբնական շրջանում, մի քանի ամիսների ընթացքում, բավական ուժեղացված ծառայություն էր իրականացվում։ Սա վերաբերում էր այն ժամանակահատվածին, երբ կար պատշաճ վերահսկողություն, և ծառայությունը կազմակերպվում էր թե՛ զորամասում, թե՛ մարտական հերթապահության ժամանակ։
Հիմա գործող իշխանությունը բանակը վերածել է ներքին քարոզչության աղբյուրի, որտեղ առաջնահերթությունները ոչ թե մարտական պատրաստվածության կամ ծառայության պատշաճ իրականացման հետ են կապված, այլ տարբեր իրավիճակներում քարոզչություն իրականացնելու, պատժիչ գործողությունների, ինչպիսիք են, օրինակ, վարժական հավաքները… Այս ամենն էլ բերում են այսպիսի իրավիճակների»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































