«Ոչ միայն դա։ Դավիթ Ղազինյանի, Գագիկ Ծառուկյանի, Ավետիք Չալաբյանի, Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի հետ կապված գործերը։ Շարքը կարող ենք շարունակել»,- ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում՝ անդրադառնալով այսօր փակ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նարեկ Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության միջնորդության բավարարմանը։
«Սրանք զուտ քաղաքական հետապնդումների այն դրվագներն են, որոնք միտված են մեր ընդդիմադիր դաշտը գլխատելուն և իրենց առաջիկա հակազգային ծրագրերը իրականություն դարձնելուն։ Հիշենք նաև, որ երկրորդ նախագահը նույնպես որոշակի գործերով է անցնում, պարոն Սամվել Կարապետյանը շարունակում է տնային կալանքի տակ մնալ հնարովի, շինծու գործերով։
Չեմ զարմանում Նարեկ Կարապետյանի հետ կապված ու չեմ զարմանա, որ երբ ԱԺ-ն արդեն գումարվի, առաջին գործողություններից մեկը հենց նրան անձեռնմխելիությունից զրկելը լինի։
Եկեք հասկանանք։ Այս իշխանություններն ունեն հանձնառություններ, ունեն ծրագիր, հանուն որի Արևմուտքը ոչ միայն իրենց բերել է, այլև շարունակում է պահել։ Եվ պատահական չէ, որ նույն Եվրոպա կոչվածը, որ տասնամյակներ շարունակ կերակրում էր մեզ ժողովրդավարության թեզերով, մարդու իրավունքների պաշտպանությամբ, դրանց ոտնահարումների անթույլատրելիությամբ և անհանդուրժողականությամբ, երբ ինչ-որ մեկի մազը ծռվում էր, իրենք ամբողջ խմբով կանգնում էին ի պաշտպանություն և մեծ աղմուկ-աղաղակ էին բարձրացնում, հիմա ոչ միայն «լռության երդում» են կերել, այլև թիկունքից աջակցում են այս իշխանություններին հասարակության մեջ հակառուսականություն սերմանելու համար։
Կարդացեք նաև
Այս ամբողջի տրամաբանությունն այն է, որ մեր հասարակությունը պիտի դառնա կամազուրկ, ամորֆ ինչ-որ մի զանգված, որին ինչպես ուզեն, այնպես ուղղորդեն։ Եվ Հայաստան պետությունը իրենց համար փաստացիորեն դառնա ձեռքի խաղալիքի նման մի բան։ Այս իշխանությունները բերվել են հենց այս նպատակով։ Եվ չմոռանանք, որ այդ Արևմուտք կոչվածի համար այստեղ թելադրող և օպերատոր է նշանակված Թուրքիան, որը գործում է իր փոքր եղբայր Ադրբեջանի ձեռքերով և բերանով։
Հիմա խնդիր ունեն լուծելու։ Իրենց առջև դրված են տարբեր հարցեր։ Ադրբեջանը հերթական անգամ իր պահանջների ցանկն է բացահայտում, առաջադրում այն խնդիրները, որոնք այս իշխանությունները պետք է լուծեն։ Արևմուտքն է իր հերթական ցուցակը դրել։ Բայց իրենք չէին հաշվարկել, որ այս բանաձևի մեջ հանկարծ Ռուսաստանը սկսի խոսել՝ իր շահերից ելնող դիրքորոշումներ առաջ քաշել, ինչը խաթարում է իրենց ծրագրերը, իրենց սկսած գործողությունների տրամաբանությունը։ Բայց սրանք մի կողմից կփորձեն դա օգտագործել հակառուսականության ալիքն այստեղ ուժեղացնելու, ամբողջ մեղքը ռուսական քաղաքական ղեկավարության վրա բարդելու համար, մյուս կողմից էլ՝ մեզ հարմարորեն տեղավորելու ադրբեջանական վերահսկողության ներքո»,- ասաց դիվանագետը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































