Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմական հիշողությունից» դեպի ռուսական ռեալպոլիտիկ

Հուլիս 23,2026 12:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

44-օրյա պատերազմից հետո հետեւողականորեն ոչնչացվել են խորհրդային հայ հերոսների, զորահրամանատարների եւ պետական գործիչների հուշարձաններ. ինչո՞ւ է ՌԴն արժեքներն ու պատմական հիշողությունը ստորադասում աշխարհաքաղաքական անհրաժեշտությանը

Մոսկվայի երկակի չափանիշները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս հնչեցրեց հայտարարություններ, որոնք պատմաքաղաքական առումով չափազանց զգայուն էին Ռուսաստանի համար. նա Խորհրդային Միությունը եւ Ռուսական կայսրությունը ներկայացրել էր որպես գաղութատիրական համակարգեր, նա նաեւ աջակցություն էր հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Պատկերացնել անգամ հնարավոր չէ, թե ինչպիսի արձագանք կհնչեր Մոսկվայից, եթե Հայաստանի իշխանությունների կողմից հրապարակային հայտարարություններով Խորհրդային Միությունը համարեին գաղութատիրական համակարգ, Ռուսաստանին՝ կայսերական ուժ։

Ինչո՞ւ է պաշտոնական Մոսկվան տարբեր չափանիշներով գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի քայլերը։ Մի դեպքում Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոշտ հայտարարություններով մեղադրում է Հայաստանին պատմության վերաշարադրման, պատմական հիշողությունը խեղաթյուրելու եւ նույնիսկ Հայրենական մեծ պատերազմի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, իսկ մյուս դեպքում նույն սկզբունքայնությունը չի դրսեւորվում Ադրբեջանի նկատմամբ, որտեղ ոչնչացվել են խորհրդային հերոսների հուշարձաններ, հայկական մշակութային ժառանգությունը, քրիստոնեական հուշարձաններն ու պատմական հիշողության կարեւոր խորհրդանիշերը։

Այս հակասությունը պատահական չէ։ Այն արտացոլում է ոչ թե Ռուսաստանի պատմական կամ գաղափարական մոտեցումները, այլ նրա ներկայիս աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։ Եվ հենց այդ հանգամանքն է այսօր ձեւավորում Մոսկվայի քաղաքականության իրական բովանդակությունը։

Պատմական հիշողությունը՝ որպես քաղաքական ճնշման գործիք

Վերջերս Մարիա Զախարովան հայտարարեց, թե Երեւանը, ձգտելով դեպի «լուսավոր Եվրոպա», կարծես պատրաստվում է միանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքին։ Զախարովան խոսեց նացիզմի արդարացման վտանգի, խորհրդային ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության ոչնչացման փորձերի մասին։

Դեռեւս մայիսին Զախարովան հայտարարեց, որ Հայաստանը համակարգված կերպով ԱՊՀ փաստաթղթերից հեռացնում է «Մեծ Հայրենական պատերազմ» ձեւակերպումը՝ դա ներկայացնելով որպես եվրոպական քաղաքական նարատիվների ազդեցության հետեւանք։

Ռուսաստանի համար Հայրենական մեծ պատերազմի պատմությունը վաղուց դադարել է լինել միայն պատմության թեմա, այն դարձել է արտաքին քաղաքականության կարեւոր բաղադրիչ, որի միջոցով Կրեմլը գնահատում է գործընկերների քաղաքական հավատարմությունը եւ նրանց աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Սակայն հենց այստեղ է առաջ գալիս ամենաուշագրավ հակասությունը։

Նույն սկզբունքները չեն գործում Ադրբեջանի դեպքում

2024-ի օգոստոսին Մարիա Զախարովան հայտարարեց, թե Ռուսաստանը մշտապես բարձրացնում է Ադրբեջանի հետ խորհրդային զինվորների եւ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանների պահպանության հարցը՝ ընդգծելով, որ պատմական ժառանգության ոչնչացումն անթույլատրելի է։

Թվում էր, թե սա սկզբունքային դիրքորոշում է։ Սակայն իրականությունն այլ պատկեր ուներ։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հետեւողականորեն ոչնչացվեցին կամ վնասվեցին խորհրդային հայ հերոսների, զորահրամանատարների եւ պետական գործիչների հուշարձանները։ Միաժամանակ շարունակվեց հայկական եկեղեցիների, մշակութային կոթողների, պատմական հուշարձանների ոչնչացման կամ ձեւափոխման գործընթացը, որի մասին բազմիցս ահազանգել են միջազգային կազմակերպություններ, մշակութային ժառանգության պաշտպանության մասնագետներ եւ հայկական կողմը։

Առավել ուշագրավ էր այն հանգամանքը, որ այդ ամենը տեղի էր ունենում նաեւ այն ժամանակ, երբ Արցախում դեռ տեղակայված էին ռուս խաղաղապահները։ Ռուս խաղաղապահ առաքելությունը շարունակում էր հրապարակել ծառայության մասին պաշտոնական հաղորդագրություններ, որ այնտեղ ծառայություն են իրականացնում, մինչդեռ սակայն, տեղում շարունակվում էին հայկական պատմամշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունները։

Հետեւաբար, եթե պատմական հիշողության պաշտպանությունն իսկապես Ռուսաստանի համար սկզբունքային արժեք է, ապա ինչո՞ւ այդ նույն սկզբունքայնությունը չդրսեւորվեց Ադրբեջանի նկատմամբ նույն խստությամբ, ինչպիսին այսօր ցուցաբերվում է Հայաստանի հասցեին։

ՌԴ իշխանությունները պարբերաբար շեշտել են, թե որքան են կարեւորում Հայրենական մեծ պատերազմը եւ որքան դատապարտելի են համարում ծայրահեղականության ցանկացած դրսեւորումներն ու հերոսացումները։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի եւ առհասարակ, պաշտոնական այլ մակարդակներով լսե՞լ ենք գնահատական՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում տեղի ունեցածի վերաբերյալ:

Իսկ փաստերը քիչ չէին։ Օրինակ, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը 2021թ. գարնանը «Sputnik Արմենիային» տված հարցազրույցում ասել էր. «Ադրբեջանի կողմից օկուպացված արցախյան տարածքներում հուշարձաններն ամենադաժան կերպով ոչնչացվում են: Հետեւողականորեն ոչնչացվում են այն հուշարձանները, որոնք նվիրված են ֆաշիզմի դեմ Սովետական Միության հաղթանակին ու դրանում իրենց ներդրում ունեցած հայ գործիչների հուշարձանները»: Բաբայանի խոսքով՝ «Ոչնչացվել են ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի, ԽՍՀՄ գունավոր մետաղագործության նախարար, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Իվան Ֆյոդորովիչ Թեւոսյանի հուշարձանները: Դեռ արցախյան առաջին պատերազմի տարիներին ոչնչացվել էին Մեծ մարշալներ Բաղրամյանի եւ Բաբաջանյանի հուշարձանները՝ իրենց հայրենի Չարդախլու գյուղում: Մեծ Թախեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հուշարձանը: Ազոխ գյուղում ոչնչացվել է Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը: Ծովակալ Հովհաննես Իսակովի հիշատակը ոչնչացվում է նրա հայրենի Հադրութի շրջանում»:

Ի՞նչ է սա, եթե ոչ հակահայ քարոզչության, վանդալիզմի դրսեւորում ու ֆաշիզմին սատարելու անթաքույց դրսեւորում: Այսպե՞ս են Ռուսաստանում «արժեւորում» Հայրենական մեծ պատերազմն ու նրա պատմությունը…

Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ աստիճանի սուր կլինեին պաշտոնական Մոսկվայի գնահատականները, եթե Խորհրդային Միության հաղթանակին ու դրանում իրենց ներդրում ունեցած գործիչների հուշարձանները ոչնչացվեին Մոսկվային նյարդայնացնող՝ արեւմտյան երկրներից որեւէ մեկում:

Բայց վերհիշենք, թե ինչպես Մարիա Զախարովան դեռեւս 2016-ին հրապարակայնորեն քննադատեց Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը՝ հայտարարելով, թե Մոսկվայի համար անհասկանալի է նման որոշումը եւ այն հակասում է նացիզմի հերոսացման դեմ պայքարի ընդհանուր քաղաքականությանը։

Պատմական հիշողությունը վերածվել է քաղաքական ազդեցության գործիքի

Ռուսաստանի համար, եթե նախկինում առաջնային էր ազդեցության պահպանումը բոլոր ուղղություններով, ապա այսօր գերակշռում է ազդեցության նվազագույն կորուստներով պահպանման մարտավարությունը։

Այս տրամաբանության մեջ Ադրբեջանը դարձել է գործընկեր, որի հետ անհրաժեշտ է պահպանել կայուն հարաբերություններ նույնիսկ քաղաքական տարաձայնությունների պայմաններում, անգամ Ադրբեջանի նախագահի կողմից Խորհրդային Միությունը որպես գաղութատիրական համակարգ բնութագրելու եւ Ռուսաստանին՝ որպես կայսերական ազդեցության կենտրոն հայտարարությունների ֆոնին։

Հայաստանի նկատմամբ, հակառակը, հաճախ կիրառվում է առավել պահանջկոտ հռետորաբանություն։ Ռուսաստանն առաջնորդվում է ոչ թե միասնական արժեքային չափանիշներով, այլ յուրաքանչյուր պետության նկատմամբ առանձին ռազմավարական հաշվարկներով։

Այս ամենի համադրությունը թույլ է տալիս մի քանի եզրակացություններ անել։

Առաջինը՝ Ռուսաստանի քաղաքականության առանցքում այսօր պատմական հիշողությունը չէ, որքան էլ պաշտոնական հռետորաբանությունը հակառակը ներկայացնի։ Հայրենական մեծ պատերազմի թեման, նացիզմի հերոսացման դեմ պայքարը կամ պատմական ժառանգության պահպանման մասին հայտարարությունները շարունակում են կարեւոր տեղ զբաղեցնել Կրեմլի արտաքին քաղաքական լեզվում, սակայն դրանց կիրառումը տարբեր պետությունների նկատմամբ ակնհայտորեն տարբեր է։ Այսինքն, պատմական հիշողությունն աստիճանաբար վերածվել է քաղաքական ազդեցության գործիքի, այլ ոչ թե համընդհանուր սկզբունքի։

Երկրորդ՝ Ադրբեջանի նկատմամբ Մոսկվայի զգուշավորությունը պայմանավորված է ոչ թե նրա գործողությունների կամ հայտարարությունների նկատմամբ հանդուրժողականությամբ, այլ աշխարհաքաղաքական հաշվարկով։ Մոսկվան ձգտում է պահպանել գործընկերային հարաբերություններ Բաքվի հետ՝ նույնիսկ այն դեպքերում, երբ վերջինս որդեգրում է Կրեմլի համար անհարմար հռետորաբանություն կամ իրականացնում է քայլեր, որոնք հակասում են Ռուսաստանի կողմից հրապարակայնորեն պաշտպանվող սկզբունքներին։

Երրորդ՝ Հայաստանի նկատմամբ կոշտ հայտարարությունները նույնպես պետք է դիտարկել ոչ թե որպես առանձին դրվագներ, այլ որպես ավելի լայն քաղաքական ռազմավարության բաղադրիչ։ Մոսկվան փորձում է ազդել Հայաստանի քաղաքական օրակարգի վրա՝ օգտագործելով պատմական հիշողության, խորհրդային ժառանգության եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմաները՝ դրանք վերածելով քաղաքական ազդակների։

Արդյունքում հարցականի տակ է դրվում ոչ միայն Ռուսաստանի հայտարարությունների հետեւողականությունը, այլեւ նրա տարածաշրջանային քաղաքականության կանխատեսելիությունը։

Այսպիսով, Մոսկվան ընտրել է ռեալպոլիտիկի ճանապարհը՝ երբ արժեքներն ու պատմական հիշողությունը հաճախ ստորադասվում են աշխարհաքաղաքական անհրաժեշտությանը։ Ադրբեջանի հետ հարաբերություններում այդ մոտեցումն արտահայտվում է առավելագույն զգուշավորությամբ, միչդեռ Հայաստանի դեպքում՝ առավել կոշտ քաղաքական ու տեղեկատվական ազդակներով։ Հենց այս երկակիությունն է բնութագրում Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը մեր տարածաշրջանում եւ ցույց տալիս, որ Կրեմլի որոշումների հիմնական չափանիշը ոչ թե պատմական արդարությունն է, այլ ուժերի փոփոխված հավասարակշռության պայմաններում սեփական ազդեցության պահպանումն ու ամրապնդումը։

Վերհիշենք, թե ինչ տպավորիչ տեսարաններ էին, երբ 2024թ. օգոստոսին ՌԴ Վլադիմիր Պուտինը Բաքու այցելեց, որտեղ ծաղկեպսակ դրեց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի շիրիմին, ծնկաչոք պատվեց նրա հիշատակը, ապա ծաղիկներ խոնարհեց Իլհամ Ալիեւի մոր հուշարձանի առջեւ, կրկին` ծնկի գալով: Պուտինն այցելեց «Անմար կրակ» հուշարձանին, այսպես կոչված` «շեհիդների ծառուղի», որտեղ նույնպես ծաղկեպսակ դրեց` հարգելով Ղարաբաղյան պատերազմում սպանված ադրբեջանցի զինծառայողների հիշատակը:

Իսկ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, դրանից մեկ տարի առաջ Արցախում Ալիեւն իրականացրել էր ցեղասպանություն: Արցախում 2023թ. սեպտեմբերին սպանվել էին ռուս 5 խաղաղապահներ, սակայն նրանցից միայն մեկի անունն է հայտնի` Կենտրոնական ռազմական օկրուգի գնդապետ Կարաեւ։

Ինչեւէ, ակնհայտ է, որ Հայաստանի դեպքում պատկերը լիովին այլ է. Մոսկվայում շարունակում են Երեւանին դիտարկել որպես երկիր, որի նկատմամբ հնարավոր է կիրառել քաղաքական եւ տեղեկատվական ճնշման տարբեր մեխանիզմներ՝ առանց երկկողմ հարաբերությունների խզման վտանգի։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել