«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Բանակում և այլ փակ/կիսափակ հաստատություններում ինքնասպանության դեպքերը բոլորն էլ կանխելի են, եթե պատշաճ արձագանք է լինում։
2020-2025թթ․ ՀՀ զինված ուժերում պաշտոնապես արձանագրվել է ինքնասպանության հասցնելու շուրջ 40 դեպք /ըստ արարքի պաշտոնական որակավորման/։
Դրանցից միայն կեսով է գործը հասել դատարան, իսկ մեղադրյալների աթոռին հայտնվել են միայն անմիջական կատարողները։ Գործեր կան, որ 5-6 տարի քննությունը դեռ շարունակվում է, ու հնարավոր է, որ երբեք էլ մեղավորը չպատժվի, վաղեմության ժամկետն անցնի։
Կարդացեք նաև
Բանակում բռնության և ինքնասպանության հասցնելու դեպքերի վերաբերյալ մեր ուսումնասիրությունը փաստում է, որ անգամ, եթե իրականացվում է քննություն, այն կենտրոնանում է միայն անմիջական բռնարարների արարքին իրավական գնահատական տալու վրա, չի քննարկվում հրամանատարության պատասխանատվությունը, կանխելու առումով բացթողումները։
Ավելին՝ չի քննարկվում տևական ժամանակ խոշտանգման ենթարկելու հանգամանքները, խոշտանգում բանակում չկա։ Այսինքն՝ միայն վերջնարդյունքն է քննարկվում։
Նման դեպքերը երբեք մեկ դրվագից չեն բաղկացած, որից հետո անձը գործում է ինքնասպանություն։ Քննված գործերի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վատ վերաբերմունքը, հալածանքը շարունակական բնույթ է կրում, շատերն են ականատես լինում՝ և համածառայակիցները, և՛ հրամանատարությունը, բայց ոչ ոք չի խառնվում։ Իսկ եթե հրամանատարությունը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, էլ ավելի վատ։
Պետության մոտեցումը այս խնդրին ինչպես նախկինում, այդպես էլ հիմա ՈՉ ԲԱՎԱՐԱՐ է։ Պետությունն է պատասխանատու իր հսկողության տակ գտնվող մարդու կյանքի և առողջության համար, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողը հենց պետության հսկողության տակ գտնվող անձ է։
Փոխանակ պարզեն ու կանխեն բռնության, հալածանքի, սպանության պատճառները, փաստացի մեղադրում են զոհին, որ բավարար չափով դիմացկուն չէ։
Ի դեպ, եթե ինքնասպանության/սպանության չի հասնում գործը, ապա այն քննվում է բռնություն գործադրելու հոդվածով, ու այդ հոդվածով ինչքան գործ ենք ուսումնասիրել, բոլոր դեպքերում պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է փորձաշրջան։
Հիշեցնեմ, որ ս․թ․ ապրիլին վարչապետ Փաշինյանը, արձագանքելով այլ դեպքի, նշել է, որ դա հոգեբանական դիմակայունության խնդիր է։ Ստացվում է, որ ոչ թե բռնություն, հալածանք գործադրելն է խնդիր, այլ որ չես դիմանում դրան։
«Ես համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ այս տարվա հունվարի 14-ին, փետրվարի 26-ին, ապրիլի 2-ին, ապրիլի 14-ին բանակում խաղաղ պայմաններում զոհեր են գրանցվել։
Ես մի քանի անգամ նշված դեպքերից հետո աշխատանքային խոսակցություն եմ ունեցել ԿԳՄՍ նախարարի հետ, ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը։ Երբ ես դեպքերի մեջ փորձում եմ խորանալ, ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք»։
Կից՝ Քննչական կոմիտեից ստացված վիճակագրությունը /ի դեպ, իրենց տարեկան հաշվետվության մեջ երկու զոհ ավել է նշված/:

Հայաստանում նաև բացակայում է քաղաքական պատասխանատվության ինստիտուտը։


















































