Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանն այց է իրականացրել ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս

Հուլիս 23,2026 13:44 Share

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Պաշտպանության նախարարության հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամաս։

Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել հատուկ բանակային կորպուսի և զորամասերի հրամանատարական և սպայական կազմերի ներկայացուցիչների հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։

Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, մասնավորապես՝ բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է իր գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Այս համատեքստում զորամասեր պարբերական այցերի ընթացքում արձանագրվող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները հետևողականորեն ներկայացվում են իրավասու մարմիններին։

Անահիտ Մանասյանն առանձնահատուկ կարևորել է ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման, կյանքի իրավունքի երաշխավորման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի պահպանման և բարելավման ուղղությամբ համալիր ու շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։

Պաշտպանն ընդգծել է նաև զինծառայողների ծառայության և կենցաղային պայմանների շարունակական բարելավման անհրաժեշտությունը՝ կարևորելով այդ ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքները։

Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության պատրաստակամությունն ու հետևողականությունը ոլորտային խնդիրների հասցեագրման և դրանց լուծման գործում։ Զորամասեր իրականացվող այցերի շրջանակում պարբերաբար արձանագրվում են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնված խնդիրների առնչությամբ դրական տեղաշարժեր և բազմաթիվ խնդիրների արդյունավետ լուծումներ։

Մարդու իրավունքների պաշտպանի այցերը զորամասեր և զինվորական այլ հաստատություններ կրում են պարբերական բնույթ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031