Լրահոս
Օրվա լրահոսը

Գժի տեղ եք դրել… Ձեր դեմ հաղորդում պետք է ներկայացվի. Բագրատ սրբազանի գործով դատարանի որոշումը հունից հանեց դատավարական կողմերին

Հուլիս 23,2026 18:40 Share

Բագրատ սրբազանի և մյուսների  գործով դատական նիստում դատարանը որոշեց մերժել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո վերացնել տնային կալանք խափանման միջոցը։

Դատարանն արձանագրեց, որ Արթուր Սարգսյանը 8-րդ գումարման խորհրդարանից շարունակում է պատգամավոր լինել և չի ընդունում այն դիրքորոշումը, որ 2026 թվականի հուլիսի 21-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու հիմքով պետք է վերացվի նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը։

Ըստ դատարանի՝ Սարգսյանը եղել և շարունակում է մնալ 8-րդ գումարման պատգամավոր, իսկ 8-րդ գումարման խորհրդարանը գործում է անընդհատության սկզբունքով մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը, երբ կգումարվի 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։

Դատարանի գնահատմամբ՝ 2025 թվականին գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա Ազգային ժողովը Սարգսյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Բացի այդ, Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով, իսկ հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի լիազորությունները սկսվում են նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների դադարեցման պահից՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի բացմամբ։

Դատարանը եզրակացրել է, որ Սահմանադրության և համապատասխան կարգավորումների համաձայն՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցն արդեն հաղթահարված է, ուստի այն կրկին հաղթահարելու անհրաժեշտություն առկա չէ։

Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանն արձագանքեց՝ ասելով, որ նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանի դեմ պետք է հաղորդում ներկայացվի։

«Ես համոզված եմ, որ այս ձեր որոշումը հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին։ Սրանում համոզված եղեք։ Օգոստոսի 1-ին իրեն վերջնահաշվարկ են տալու։ Անընդհատություն չի կարող գոյություն ունենալ պատգամավորի դեպքում»,- ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանը նկատեց, որ դատարանն արձանագրեց՝ Սարգսյանը ձեռք է բերել 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ, արձանագրեց նաև Սահմանադրական դատարանի որոշման պահանջը, սակայն չապահովեց դրա իրավական հետևանքը։

Վարդևանյանը դատարանից խնդրեց այսօրվա որոշումն անհապաղ տրամադրել, որպեսզի կարողանան վերաքննիչ բողոք ներկայացնել, որը, ըստ նրա, դառնալու է նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության վարույթ նախաձեռնելու հիմք։

Վարդևանյանը նաև ասաց, որ հնարավոր է՝ այսօրվա որոշումը կապված է մամուլում տարածված տեղեկության հետ, թե դատավոր Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց է կիրառվել. «Այդտեղ ողջամիտ կապ եմ տեսնում»։

Արթուր Սարգսյանին թույլ չտվեցին խոսել, անջատեցին բարձրախոսը։ Նա միայն հասցրեց ասել, որ այս որոշումն էլ իր համար անակնկալ չէր. «Գժի տեղ եք դրել, հո ասելով չի»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել