Լրահոս
Օրվա լրահոսը

Չէի ցանկանա 9-րդ գումարման խորհրդարանի իմ առաջին ելույթն այստեղից սկսել, բայց դատախազները ոնց որ թե բզբզում են. Արթուր Սարգսյան

Հուլիս 23,2026 17:42 Share

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում այսօր երկար քննարկվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց՝ տնային կալանքը փոխելու հարցը։

Պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդեց անհապաղ վերացնել տնային կալանքը՝ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշման հիմքով։

«Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից՝ այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ։ Ավելին, նույն որոշմամբ ուղիղ արձանագրված է, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած անձը չի կարող պահվել ազատությունից զրկված վիճակում»,- ասաց փաստաբանը՝ պնդելով, որ Սարգսյանը պետք է րոպե առաջ ազատ արձակվի։

Վարդևանյանը հիշեցրեց, որ հուլիսի 21-ից Սարգսյանը ԿԸՀ արձանագրությամբ ստացել է պատգամավորի կարգավիճակ։ Այն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։

«Այդ պահից սկսած Արթուր Սարգսյանն ունի Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված պաշտպանության երաշխիքի ակնկալիք, իսկ այդ ակնկալիքի ապահովման պարտավորությունը կրում եք դուք։ Հանրային մեղադրողները ևս պետք է հանդես գային այդ հարցի նախաձեռնությամբ»,- հավելեց Վարդևանյանը։

Հանրային մեղադրողն առարկեց՝ չհամաձայնելով այն պնդմանը, որ Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ է ձեռք բերել հուլիսի 21-ին։ Նա նշեց, որ Սարգսյանը պատգամավորի կարգավիճակը կրում է դեռևս 2021 թվականից։ Ըստ նրա՝ նախորդ տարի էլ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա ՀՀ Ազգային ժողովը Սարգսյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից։

Ըստ դատախազի՝ Սահմանադրության 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հերթական ընտրությունների դեպքում նորընտիր խորհրդարանի լիազորությունների ժամկետը սկսվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին։

Դատախազը գտնում է, որ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու և նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու հարցն արդեն լուծված է, ուստի այն կրկին հաղթահարելու անհրաժեշտությունը թե՛ դե յուրե, թե՛ փաստացի բացակայում է։

Արամ Վարդևանյանը հակադարձեց. «Փաստորեն, ըստ դատախազության, Արթուր Սարգսյանն ունի մի կարգավիճակ, որի մասին մենք էլ տեղյակ չենք՝ անընդհատ գործող պատգամավորի կարգավիճակ։ Եթե դատախազների համար մի վարչությունից մեկ այլ վարչություն տեղափոխվելը կարգավիճակի փոփոխություն չի ենթադրում, ապա պատգամավորի դեպքում մեկ գումարման խորհրդարանից մեկ այլ գումարման խորհրդարանի պատգամավոր դառնալը ենթադրում է ամբողջությամբ նոր կառուցվածք»։

Արթուր Սարգսյանն էլ ասաց, որ չէր ցանկանա , որ 9-րդ գումարման խորհրդարանի իր առաջին ելույթն այստեղից սկսեր, բայց դատախազները ոնց որ թե բզբզում են: Հետո հեգնեց, որ չի նեղվում մեկ տարի ապօրինի կալանքի, իսկ ԿԸՀ որոշումից հետո՝ ևս երկու օր ավել անազատության մեջ մնալու համար, ապա հավելեց. «Բողոք չունեմ»:

Դատարանը ընդմիջում հայտարարեց։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել