Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում այսօր շարունակվեց ապացույցների հետազոտությունը, ինչպես նաև քննարկվեց մեղադրյալներից Իգոր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի հարցը։ Այս մասին այսօր դատական նիստից առաջ, լրագրողներին ասաց Բագրատ սրբազանի պաշտպաններից Տաթևիկ Սողոյանը։
Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվեց վարչական հսկողության։
Ի դեպ, դատական նիստը կես ժամով հետաձգվել էր, քանի որ դատարան չէր ներկայացել Բագրատ սրբազանը։ Տաթեւիկ Սողոյանն ասաց, որ պատճառն իրենց հայտնի չէ։
Կարդացեք նաև
«Տեղեկություն չունեմ։ Գուցե անկազմակերպ աշխատանք է կամ այլ պատճառ։ Քիչ առաջ էլ սրբազանը զանգահարեց ու ասաց, որ ժամը 2-ից սպասում է՝ ոստիկանությունը կմոտենա, բայց չեն եկել»,- նշեց նա։
Անդրադառնալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի մանդատով գործող փորձագետների զեկույցին, որով կասկածի տակ էր դրվել «Սրբազան պայքարի» դատական գործը և մտահոգություն հայտնվել, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման անդամների նկատմամբ քրեական հետապնդումը, նրանց ահաբեկչություն ծրագրելու համար մեղադրելը, ազատազրկելը, ինչպես նաև 2024 թվականի հունիսին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն ու տասնյակ քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելը կարող են հակասել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, Սողոյանն ասաց.
«Եկել են եզրակացության, որ մենք առերևույթ գործ ունենք մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետ։ Զեկուցողները, մատնացույց անելով Հայաստանի իշխանություններին այս խախտումները, նույնիսկ մատնանշում էին այն պարզ իրավունքները, որոնք խախտվել են, ընդհուպ՝ կյանքի իրավունքը։
Մեզ համար հասկանալի էր, որ շատ առանձնահատուկ քննության առարկա է դարձել հատկապես «Զարյա-3»-ի կիրառումը։ Խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել են նվազ մահաբեր զենքեր, և այդ դեպքերի վերաբերյալ որևէ պատշաճ քննություն չի իրականացվել։ ՀՀ պատասխանները, մեղմ ասած, բավարարող չէին։ Ասում էին՝ քննություն ենք նշանակել, մինչդեռ ՄԱԿ-ի զեկուցողները հարցնում էին՝ առհասարակ այդ մարդիկ, որոնք հունիսի 12-ին վիրավորվել են, որոնցից մեկի ձեռքի մատը դաստակից անդամահատվել էր, շատ ուրիշներ էլ տարբեր վնասվածքներ էին ստացել, պետություն, դու ի՞նչ ես արել այդ մարդկանց իրավունքները վերականգնելու համար։ Ակնհայտ է, որ այստեղ պետության մեղավորությունն է։
Եվ հաջորդը, մարդկային ձևով ասեմ, ասում են՝ դուք ահաբեկչություն եք արել, ձեր զոհերին եք ասում ահաբեկիչ»։
Հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ զեկույցը գործի վրա, հնարավո՞ր է մեղադրանքը փոխվի կամ գործը կարճվի, Սողոյանն ասաց, որ Հայաստանում կարող են հայտարարել, թե այդ զեկույցն իրենց համար նշանակություն չունի, սակայն հարցն այն է, թե ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի հեղինակության վրա։
Սողոյանի համոզմամբ՝ այս պահին արդեն պետք է այս գործը րոպե առաջ կարճել արդարացման հիմքով, մարդկանց տրամադրել փոխհատուցում և, ներողություն խնդրելով, առաջ շարժվել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































