Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջաներենի երեք դասագրքեր և կայք՝ անվճար ադրբեջաներեն սովորելու համար․ իրավագետ Հովիկ Եղիազարյանը հորդորում է հանրությանը ուսումնասիրել այս լեզուն

Հուլիս 23,2026 20:07 Share

Հարցին՝ ադրբեջաներենի դասագրքերի պատրաստման հարցում ի՞նչ աղբյուրներից է օգտվել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Շատ մարդկանց դասագրքերից եմ օգտվել՝ նաև ինքնուսույցներից, բայց հիմնականում ադրբեջաներեն դպրոցական դասագրքերն են ինձ օգնել ստեղծելու իմ հեղինակած դասագրքերը։ Կայքի բառարանների վրա եմ աշխատել, օգտվել եմ նաև ռուսական աղբյուրներից»։

Իրավագետ Հովիկ Եղիազարյանի հեղինակած ադրբեջաներենի երեք դասագրքերը հասանելի են Adrbejaneren.com կայքում։ Դասագրքերն ինքնուսույց են, նախատեսված ադրբեջաներենով հետաքրքրված յուրաքանչյուր անձի համար, և, ինչպես հեղինակն է նշում, կարող են նաև օգտագործվել ավագ դպրոցներում։

Aravot.am-ի հետ զրույցում Հովիկ Եղիազարյանը պատմեց՝ դասագրքերի վրա աշխատել է շուրջ երեք տարի․ «Adrbejaneren.com կայքը նույնպես ինքս եմ ստեղծել։ Այնտեղ կա ամբողջ տեղեկատվությունը՝ տեքստեր, քերականական վարժություններ, թեմատիկ վարժություններ։ Այս ամենը ծնվեց իմ այն համոզումից, որ Հայաստանում տարածաշրջանային լեզուների ուսումնասիրության խնդիր կա։ Իմ կարծիքով՝ տարածաշրջանային լեզուները կարծես անտեսված են, մինչդեռ այդպես չպետք է լինի։

Որոշեցի ադրբեջաներենն ավելի պարզ ներկայացնել։ Դասագրքերը հրապարակված են կայքում, վաճառքի կարիք չկա։ Յուրաքանչյուր ոք կարող է այցելել կայք և սովորել ադրբեջաներեն․ ադրբեջաներենի այբուբենից սկսած՝ բացատրվում է ամեն բան։ Երեք դասագրքերն էլ մեկը մյուսի շարունակությունն է»։

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ինքը սովորել ադրբեջաներեն, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Երկար տարիներ եղել եմ թարգմանիչ տարբեր ուժային կառույցներում և այդ ընթացքում նաև մեծ գիտելիքներ եմ ձեռք բերել լեզվի հետ կապված»։

Հովիկ Եղիազարյանն ասաց, որ այժմ որոշ երեխաների, երիտասարդների է դասավանդում ադրբեջաներեն։ Հետաքրքրվեցինք՝ հետաքրքրությունը մե՞ծ է այդ լեզվի նկատմամբ, նա պատասխանեց․ «Հիմնականում ուզում են սովորել երիտասարդ տարիքում՝ հենց համալսարան ընդունվելու համար նաև։ Այն երիտասարդները, որոնք արևելագիտության, կովկասագիտության ֆակուլտետներում են սովորում, շատերը դիմում են, որ սովորեն, մի մասը ծառայության գնալուց առաջ է ուզում տիրապետել լեզվին։ Իհարկե, լինում են նաև դեպքեր, որ մարդիկ ասում են՝ ուզում ենք սովորել, բայց արագ ձանձրանում են»։

Հարցին՝ դասագրքերի պատրաստման հարցում ի՞նչ աղբյուրներից է օգտվել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Շատ մարդկանց դասագրքերից եմ օգտվել՝ նաև ինքնուսույցներից, բայց հիմնականում ադրբեջաներեն դպրոցական դասագրքերն են ինձ օգնել ստեղծելու իմ հեղինակած դասագրքերը։ Կայքի բառարանների վրա եմ աշխատել, օգտվել եմ նաև ռուսական աղբյուրներից»։

Հետաքրքրվեցինք՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղյա՞կ են իր այս նախաձեռնության մասին, Հովիկ Եղիազարյանը պատասխանեց․ «Նախարարության հետ չեմ աշխատել։ Այնտեղ ծրագիրն այլ է։ Ես խոսել եմ նրանց հետ, տեղյակ են, որ դասագրքերը կան, ասել են, որ կուսումնասիրեն, և հուսամ՝ դպրոցներում նույնպես կօգտագործեն։ Ուղղակի պետք է մի փոքր նաև այդ ֆիքսված ծրագրերից էլ անցնել ավելի նորերին, իսկ իմ հեղինակած այս դասագրքերում ինձ թվում է՝ ամեն բան պատկերավոր և պարզ բացատրված է»։

Ըստ Հովիկ Եղիազարյանի՝ գրքի հեղինակի կողմից լեզուն մատուցվում է, իսկ թե ինչպես կօգտագործվի այն, արդեն օգտագործողից է կախված․ «Իմ կարծիքով՝ լեզուն պետք է օգտագործվի՝ որպես խաղաղության լեզու, եթե ինչ-որ վտանգ կա, որպես պաշտպանության լեզու։ Ամեն դեպքում, լեզուն իմանալը յուրաքանչյուր պայմաններում շատ կարևոր է։ Եթե լեզուն գիտես, ըստ ժամանակի պահանջի՝ կօգտագործես։ Մինչև հիմա դա մատուցված չի եղել, և մարդկանց մեջ էլ այդպիսի կարծիք կա, որ այդքան էլ ճիշտ չէ իմանալ այդ լեզուն։ Սակայն ես համաձայն չեմ»։

Հովիկ Եղիազարյանը հորդորեց, որ մարդիկ սովորեն ադրբեջաներեն և այնպես անեն, որ իրենց երեխաները նույնպես դա անեն։ Համոզված է՝ այս պահին տարածաշրջանային լեզուների ուսումնասիրությունը շատ կարևոր է յուրաքանչյուր անձի համար՝ անկախ մասնագիտությունից։

Հետաքրքրվեցինք՝ իսկ տարածաշրջանի մյուս լեզուների հետ կապված էլ հնարավո՞ր է նման նախաձեռնությամբ հանդես գա, մեր զրուցակիցն այս առիթով ասաց, որ ինքը ադրբեջաներենում է մասնագիտացած ու խորհուրդ տվեց թուրքերենի, պարսկերենի, վրացերենի մասնագետներին նման բան նախաձեռնեն, որ ժողովրդին հասանելի լինեն նաև այդ լեզուները՝ սովորելու համար։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել