Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանայք աշխատանքային տարիքում 4-5 անգամ ավելի շատ չվճարվող աշխատանք են կատարում, ի տարբերություն տղամարդկանց». Տիգրան Ջրբաշյան

Հուլիս 27,2026 11:39 Share

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ հիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայք: Սա, իր հերթին, բերում է բազմաթիվ հարցերի, խնդիրների, որոնք չլուծելու դեպքում կարող են տնտեսական առումով բարդություններ առաջացնել: Սակայն լուծումները կան, աշխարհում արդեն փորձը կա, որը կարող ենք կիրառել Հայաստանում: Բայց որեւէ պարագայում չկա մեկ լուծում, որը կիրառելի է բոլոր ընտանիքների եւ բոլոր իրավիճակների համար:

Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ պետք է ստեղծենք հնարավորություն, որպեսզի ընտանիքն ինքն ընտրի, որն է իր լավագույն շահը, եւ ընտրության արդյունքում կարողանա իրականացնել իր պոտենցիալն ամբողջությամբ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը:

Լուսինե Սարգսյան

«Ի՞նչ է նշանակում ազգային փոխանցումային հաշիվ. մեր տնտեսության մեջ ազգային հաշիվները ներառում են մեր երկրում ստեղծված արդյունքը, եւ այդ արդյունքի օգտագործումը դիսագրեգացվում է (ապամիավորվում է) ըստ տարիքի եւ սեռի: Սա շատ կարեւոր է՝ հասկանալու համար, թե որոնք են այն հիմնական սեռատարիքային խմբերը, որոնք ստեղծում են այդ արդյունքը, եւ որոնք են հիմնական սեռատարիքային խմբերը, որոնք սպառում են այդ արդյունքը: Սա շատ կարեւոր է հետագայում սոցիալական, առողջապահական, կրթական, տնտեսական եւ մնացած բոլոր այլ տիպի ռազմավարությունների, քաղաքականությունների իրականացման համար»,- պարզաբանեց «Ամերիա» ՓԲԸ-ի կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը՝ անդրադառնալով ազգային փոխանցումային հաշիվների մոդելին եւ հաշվետվությանը:

Տիգրան Ջրբաշյան

«Ինչ վերաբերում է հետազոտությանը, այն իր մեջ ներառում է այսպես կոչված ոչ մոնետիզացված արդյունքը, որը չափվում է այն ծախսված եւ սպառված ժամանակով, որով արդյունք է ստեղծվում: Եթե մենք միայն ազգային հաշիվների վրա մնանք, ապա այն արտահայտում է միայն այն մասը, որը մոնետիզացված է, եւ որի դիմաց վճարվում է կամ որը սպառվում է որպես գումար: Բայց կա նաեւ հատված, որը ազգային հաշիվները չեն տեսնում, դա այն մասն է, որին անդրադարձ է կատարվում ի դեմս ժամանակի:

Ինչպես արդեն նշվեց, մեզ մոտ կա խիստ գենդերային բեւեռացվածություն: Կանայք իրենց ամբողջ կյանքի ընթացքում միջինում 15,3 ժամ շաբաթական ծախսում են տնային գործերի վրա, եւ եւս 8,6 ժամ շաբաթական ծախսվում է ընդհանրապես խնամքի գործողությունների վրա: Եթե համեմատենք տղամարդկանց հետ, ապա տղամարդկանց մոտ նույն ցուցանիշներն ավելի փոքր են: Միջինում 3,6 ժամ շաբաթական տղամարդիկ ծախսում են տան խնամքի վրա, 2,2 ժամ՝ ընդհանրապես խնամքի վրա:

Պետք է հասկանալ, որ կան նաեւ որոշակի տարիքային ժամանակահատվածներ, երբ այդ տարբերությունը խզվում է: Մասնավորապես, կանանց մոտ չվճարվող աշխատանքի պիկը 30-35 տարեկանում է, նրանց պարագայում տան, երեխաների ու մեծահասակների խնամքն այդ շրջանում հասնում է շաբաթական 47-49 ժամի: Տղամարդկանց մոտ էլի նույն ժամանակահատվածում է մաքսիմում կետը, սակայն նրանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 8-11 ժամ շաբաթական: Իրականում պետք է փաստենք, որ կանայք աշխատանքային տարիքում 4-5 անգամ ավելի շատ չվճարվող աշխատանք են կատարում, ի տարբերություն տղամարդկանց»,- պարզաբանեց Ջրբաշյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031