Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ազգային երաժշտությունը ոգեղեն է, ամբողջ գործընթացն ինքնին բուժիչ է. մեկնարկում է «Ճախրուկ» միջազգային ներառական փառատոնը

Հուլիս 28,2026 13:04 Share

«Օգոստոսի 2-ին Լոռու մարզում Օձուն գյուղում կկայանա հատուկ կարիքներ ունեցող անձանց «Ճախրուկ» միջազգային ներառական ամենամյա 6-րդ փառատոնը: Այն այս տարի կկայանա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, Երեւանի պետական կամերային երգչախմբի եւ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ միասին»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց «Ճախրուկ» միջազգային ներառական փառատոնի համահիմնադիր Անահիտ Մխիթարյանը: Փառատոնը կբացվի մասնակից երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով:

 

Անահիտ Մխիթարյանը մանրամասնեց, որ փառատոնի անցկացման համար ամեն անգամ ընտրում են Հայաստանի որեւէ մարզ, նպատակը համայնքի ակտիվ ներգրավվածությունն ապահովելն է, հատուկ կարիքներ ունեցող երեխաների միջոցով ազգային մշակույթը ներկայացնելը:

«Ճախրուկ» միջազգային ներառական փառատոնի համահիմնադիր Աննա Մխիթարյանն էլ նշեց, որ իրենց փառատոնն ազգային երաժշտության փառատոն է, այս տարի եւս ազգային երաժշտություն է հնչելու՝ Կոմիտաս, օրորոցայիններ, ժողովրդական երգերի մշակումներ: «Մեր ազգային երաժշտությունը ոգեղեն է, շատ յուրահատուկ կապ է ստեղծում հենց հանդիսատեսի ու մասնակիցների հետ, ամբողջ գործընթացն ինքնին դառնում է բուժիչ եւ ոգեշնչող»,- ասաց նա:

 

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը նշեց, որ սա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի եւ «Ճախրուկ» ՀԿ-ի առաջին համագործակցությունն է, մի քանի ամիս առաջ են հուշագիր կնքել մշակութային համագործակցության մասին: «Սիրով Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կառույցի ներքո գործող մեր երկու երաժշտախմբերը կմասնակցեն փառատոնին, այդպիսով ցանկացանք մեր փոքրիկ ներդրումն ունենալ այս նախաձեռնության մեջ: Կարծում եմ՝ գեղեցիկ օր կունենանք օգոստոսի 2-ին, եւ տա Աստված, դա շարունակական լինի»,- ասաց Գարեգին Սարգսյանը:

Նա նաեւ հավելեց, որ Կամերային երաժշտության տան դահլիճում արդեն երեխաների հետ մի քանի փորձ արել են, երաժշտախմբերի հետ նրանք մասնակցում են թե երաժշտական գործիքների նվագակցությամբ, թե երգչախմբի հետ երգեցողությամբ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ բավականին գեղեցիկ, վառ ծրագիր է սպասվում:

Տեսանյութն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Ճախրուկի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031