Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանայել փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը. Փաստաբանների պալատի խորհուրդ

Հուլիս 28,2026 16:07 Share
pastaban

Փաստաբան Երեմ Սարգսյանին քրեական վարույթին մասնակցելուց ազատելու, նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու և փաստաբանական գաղտնիքին սպառնացող այլ գործողությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը քննարկել է փաստաբան Երեմ Սարգսյանի խախտված իրավունքների կապակցությամբ՝ վերջինիս 24.07.2026 թվականի դիմումը, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի 27.07.2026 թվականի եզրակացությունը:

Վերոգրյալի վերաբերյալ Պալատի խորհուրդը ղեկավարվելով «Փաստաբանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով միաձայն որոշել է`

Ա. ԴԱՏԱՊԱՐՏԵԼ

փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները, մասնավորապես՝
1) փաստաբան Երեմ Սարգսյանին՝ առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի, վարույթին մասնակցելուց ազատելը,
2) նույն վարույթով նրան որպես վկա հարցաքննության հրավիրելը,
3) նրանից փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը,
4) փաստաբանական գրասենյակի, բնակարանի, իրերի կամ տեղեկատվական կրիչների նկատմամբ այնպիսի գործողություններ նախատեսելը, որոնք կարող են հանգեցնել փաստաբանական գաղտնիքի բացահայտման։

Բ. ՀՈՐԴՈՐԵԼ

քրեական վարույթն իրականացնող մարմնին՝
1) անհապաղ վերանայել փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը,
2) ձեռնպահ մնալ փաստաբանին այն հանգամանքների վերաբերյալ հարցաքննելուց, որոնք նրան հայտնի են դարձել իրավաբանական օգնություն ցույց տալու կամ այդպիսի օգնության համար իրեն դիմելու կապակցությամբ,
3) զերծ մնալ փաստաբանական գրասենյակը, փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը, իրերը կամ թվային կրիչները խուզարկելուց, առգրավելուց կամ այլ կերպ ուսումնասիրելուց, եթե գործողությունը վերաբերում է փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքներին,
4) ապահովել փաստաբանական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, թվային տվյալների և հաղորդակցության լիարժեք անձեռնմխելիությունը,
5) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մեղադրյալի՝ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունքը վերականգնելու և արդյունավետորեն ապահովելու համար,
6) ապահովել առնվազն հանրային հաշվետվողականության այնպիսի մակարդակ, որը՝ չվնասելով նախաքննության օրինական շահերին, կփարատի փաստաբանական համայնքի և հանրության հիմնավոր մտահոգությունները։

Գ. ԿՈՉ ԱՆԵԼ

ՀՀ դատախազությանը՝ իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում պատշաճ վերահսկողություն իրականացնել փաստաբանի իրավունքներին, փաստաբանական գաղտնիքին և պաշտպանության իրավունքին միջամտող գործողությունների օրինականության նկատմամբ,
Մարդու իրավունքների պաշտպանին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ազգային և միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանի միջազգային գործընկերներին՝ ուշադրության ներքո պահել ստեղծված իրավիճակը՝ ակնկալելով համապատասխան արձագանք և աջակցություն նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։

Խորհուրդը շարունակելու է հետևել զարգացումներին և իր իրավասության շրջանակներում ձեռնարկել փաստաբանի անկախության, փաստաբանական գաղտնիքի և արդյունավետ պաշտպանության իրավունքի պահպանմանն ուղղված միջոցներ։

Փաստաբանների պալատի Խորհրդի որոշումն ամբողջությամբ այստեղ:

Փաստաբանների պալատի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031