«Կարծես հատուկ արված է, որպեսզի եվրոչինովնիկները առավելագույնս գնահատեն Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցելու նպատակադրումից չհրաժարվելու հաստատակամությունը»․ Aravot.am-ի զրուցակիցն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։
-ՌԴ արտաքին հետախուզական ծառայության մամուլի գրասենյակը ուշագրավ հրապարակում է արել՝ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին անդամակցելու մասով։ «Բրյուսելը չպետք է հույսեր փայփայի, թե ԵԱՏՄ երկրները Երևանի քաղաքական անձնակազմին թույլ չեն տա սուզվել, որ կպահեն այն ջրի երեսին և կֆինանսավորեն նրա մարաթոնյան լողը դեպի ԵՄ»,- ասված է հրապարակման մեջ՝ իբրև եզրակացություն։ Սա սպառնալի՞ք է, թե՞ իրականության արտացոլում։
-Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ հենց ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունն է այս կարգի տեղեկատվության արտահոսքի հեղինակն ու քաղաքական պատասխանատուն։ Սովորաբար այդ կառույցն անմիջականորեն քաղաքական գործընթացներին չի մասնակցում, որպեսզի արտաքուստ պարզ չլինի, թե քաղաքական որոշումներն ու քայլերը ում կողմից հավաքած տեղեկատվության ու վերլուծությունների հիման վրա են իրականացվում։
Այս դեպքում ՌԴ ԱՀԾ-ն խիզախորեն կուրծքը դեմ է տվել միջազգային հարաբերություններում մոլեգնող քաղաքական մրրիկներին ու խիզախորեն նախազգուշացնում է մեր հանրությանը՝ ԵՄ-ին Հայաստանի երևակայական ապագա միավորումից բխող վտանգների հանդեպ եվրոպաշտոնյաների անտարբեր ու երկդիմի պահվածքի մասին։ Ասածս այն է, որ «արտահոսքը» այդ ծառայության կողմից է իրականացվել՝ դրա, իբր, լրջությունն ընդգծելու նպատակով։ Հասկանալի է, որ Հայաստանի համար ԵՄ-ին միանալու փորձը Մոսկվայի կողմից պատժվելու է։ Բայց դրա մասին այս հրապարակային ծանուցումը, որն ուղղված է միաժամանակ և՛ Բրյուսելին, և՛ Երևանին, ավելի շուտ նման է բեմականացման։ Կարծես հատուկ արված է, որպեսզի եվրոչինովնիկները առավելագույնս գնահատեն Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցելու նպատակադրումից չհրաժարվելու հաստատակամությունը։
Կարդացեք նաև
-Փաստացի, հաղորդագրությամբ հստակ ասվում է, որ, ընտրելով ԵՄ ճանապարհը և զուգահեռաբար կատարելով եվրոպական պահանջը՝ սահմանափակել Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեությունը, Հայաստանը հայտնվելու է ֆինանսական խիստ անորոշությունների հորձանուտում և բռնելու է անդունդ գլորվելու ճանապարհը։ Սա՞ է ՌԴ արտաքին հետախուզական ծառայության հիմնական ասելիքը, թե՞ այլ ուղերձներ էլ կան հրապարակման մեջ։
-Այս հայտարարության շնորհիվ Փաշինյանը ԵՄ ղեկավարությունից, անդամ պետություններից կարող է ինչ-ինչ երաշխիքներ պահանջելու հնարավորություն ստանալ։ Այնպիսի երաշխիքների մասին կարող է խոսք գնալ, որպիսիք ԵՄ-ն չի տրամադրի, բայց նաև առանց որոնց ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզումն անհնար կլինի Երևանի համար՝ տնտեսական կոլապսի առարկայական սպառնալիքի պատճառով։ Սա նաև Ռուսաստանի կողմից Հայաստանում վերահսկվող խոշոր բիզնեսները պաշտպանելու միջոց կարող ենք համարել։
-ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի վերջին հեռախոսազրույցի ֆոնին, որտեղ Հայաստանին ամենաբարձր մակարդակով կրկին պահանջ է ներկայացվում՝ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հանրաքվե անցկացնել, ռուսական կողմից նման անկեղծ պաշտոնական հրապարակումները ինչի՞ մասին են վկայում կամ ի՞նչ են խոստանում։
-Ես կարծում եմ, որ այս կերպ փորձ է արվում Հայաստանի համար պահպանել առկա ստատուս քվոն՝ ԵՄ-ի ու Ռուսաստան/ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ներկա ձևաչափն առժամանակ պահպանելու համար։ Հավանաբար, Մոսկվայի համար օգտակար է Երևանի այս միջանկյալ դիրքը, որը Հայաստանին դարձնում է ԵՄ-ից դեպի Ռուսաստան ինչ-ինչ ապրանքների տարանցման համար անհրաժեշտ, կարևոր օղակ։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ


















































