Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն չունենալը Փաշինյանի կառավարությանը ժամանակ ձգելու հնարավորություն կտա, բայց նա կաշխատի կատարել ադրբեջանական կողմի պահանջները»

Հուլիս 30,2026 13:30 Share

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

 -ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուի՝ Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելուն աջակցելու մասին հայտարարությունը և ՀՀ-ից պաշտոնական մակարդակով դրան համարժեք պատասխան չտալը ինչպե՞ս կմեկնաբանեք։ Այս միջադեպից հետո ինչպե՞ս վստահել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող մարմնի։

-Հարցն այն է, թե Հայաստանի պարագայում Սինիրլիօղլուին վստահողն ով պետք է լինի: Անշուշտ, Կաթողիկոսն ԵԱՀԿ ղեկավար այդ թուրք պաշտոնյային վստահելու որևէ հիմք ունենալ չի կարող: Անկասկած, ստեղծված իրավիճակում վարչապետ Փաշինյանն անձնապես կարող է նրան վստահել և, գուցե, անգամ հենվել նրա վրա՝ ԵԱՀԿ-ի  և Թուրքիայի հետ իր հարաբերությունները կառուցելիս: Հետևաբար, չի կարող հրապարակավ դատապարտել նրա պահվածքը, բայց նաև չի կարող հրապարակավ ողջունել այն, քանի որ դա կդիտվի՝ որպես ՀՀ  ներքին գործերին արտաքին միջամտության բացահայտ աջակցություն: ՀՀ շարքային քաղաքացին այսօր առհասարակ որևէ մեկին վստահելու հիմք չունի: ՌԴ իշխանությունների հետ ակնհայտորեն փոխկապակցված ռուս պրանկերների միջոցով Սինիրլիօղլուի կողմից Փաշինյանին ՀԱԵ-ն գլխատելու հարցում աջակցելու վերաբերյալ հայտարարությունը եթերում կորզելը ևս ուշագրավ է՝ այս կերպ հրապարակավ ամրագրվեց Հայաստանի գործող իշխանություններին շատ կոնկրետ մի հարցում աջակցելու Անկարայի կառավարության հետ սերտորեն ասոցացված թուրք պաշտոնատար անձի պատրաստակամությունը: Որ կողմից էլ նայես՝ պղտոր պատմություն է:

-Օրեր առաջ Ադրբեջանի նախագահի արտաքին կապերի գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր «Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներից՝ նոր Սահմանադրության ընդունման կամ որևէ այլ իրավական մեխանիզմով»։ Ի՞նչ է ակնարկում։ Ինչպե՞ս կվարվի ՀՀ իշխանությունը, որը ընտրությունների արդյունքներով՝ չունի սահմանադրական մեծամասնություն։

-ՀՀ ԱԺ-ում սահմանադրական մեծամասնություն չունենալը Փաշինյանի կառավարությանը գուցե ժամանակ ձգելու հնարավորություն կտա, բայց կարծում եմ, որ ՀՀ վարչապետը կաշխատի կատարել ադրբեջանական կողմի պահանջները: «Իրական Հայաստանի» կոնցեպտը դրա համար անհրաժեշտ իրավաքաղաքական նախադրյալները ձևավորելու համար կարևոր գործիք էր: Փաշինյանը նաև ունի այս հարցում համակողմանի արտաքին աջակցություն և, միաժամանակ, Հայաստանի քաղաքական ուժերը չկարողացան պատրաստել և շրջանառության մեջ դնել, արդյունավետ կերպով առաջ մղել մեր ազգային շահերը լիարժեք ապահովող սեփական մոտեցումների կենսունակ մի համակարգ:

-Ընդդիմության՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցը շատ քննարկվեց։ Ի վերջո վերցրին, և պարզ է նաև խորհրդարանի պատկերը։ Ինչպե՞ս կգնահատեք ընդդիմության այս քայլը։

-Մանդատները վերցնելու տարբերակը միանգամայն սպասելի էր: Հատուկ գնահատելու մի բան չկա այստեղ՝ արեցին այն, ինչ պետք է անեին: Սա մեր քաղաքական համակարգին բնորոշ պահվածք է: Այս ամենը լուրջ քաղաքական բովանդակություն չի պարունակում՝ հերթական անգամ ինչ-որ ճամփա անցած մարդիկ փոխարինվեցին ճամփա չանցածներով: Ու այնպես չէ, որ այդ ճամփա անցածները երկրի համար ակնառու դրական արդյունքներ գրանցեցին: Այնպես էլ չէ, որ ներկայիս այս ճամփա չանցածներից արժե ինչ-որ սպասելիք ունենալ: Մեր քաղաքական դասը ոչ մի կերպ չի հասունանում, ունակ չէ տարբերակել առաջնայինն ու երկրորդականը: Արդյունք ստանալու համար լուրջ գիտելիքներ ու փորձառություն է անհրաժեշտ: Առանց դրա անգամ խնդիր չեն կարող լիարժեք ձևակերպել:

-ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի հետ պաշտոնական նամակագրությունը ՄԱԿ-ի փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը։ Հնարավո՞ր է մեղադրանքում ինչ-որ փոփոխություն լինի առաջիկայում, ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

-ՄԱԿ-ի վարկն այժմ բավականին ընկած է, ինչը թույլ է տալիս տարբեր պետությունների իշխանություններին մեծ կարևորություն չտալ այդ միջազգային կառույցի գնահատականներին բոլոր այն դեպքերում, երբ չկա լուրջ պատժամիջոցների վտանգ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններն են անվրդով խախտում միջազգային իրավունքը, և սա ազդանշան է բոլոր մնացյալներին՝ ՄԱԿ-ի ասածն այլևս օրենք չէ: Այնպես որ, այս հարցում ՀՀ իշխանությունները կվարվեն իրենց ընթացիկ քաղաքական շահերին համահունչ՝ կուզեն՝ կհանեն ինչ-ինչ մեղադրանքներ, կուզեն՝ նորերը կավելացնեն:

-Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով իրենց մեղադրանքների մասին հանրային ներկայացնել իր դիրքորոշումը, չարձագանքելը կնշանակի, որ համաձայն է առաջ քաշված կեղծ մեղադրանքներին։ Մինչև այս պահը կարծես արձագանք չկա։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Վարչապետ Փաշինյանը սահմանազատվել է Բաքվում ընթացող դատավարությունից: Ճանաչելով Արցախն Ադրբեջանի մաս՝ ՀՀ իշխանությունները կանխավ ճանաչել են նաև Բաքվի իշխանությունների կողմից գերեվարված, պատանդառնված մեր հայրենակիցների հանդեպ վարվող դատական գործընթացի իրավաչափությունը: Այդ դատավարությունը, հավանաբար, այլևս դիտարկում են՝ որպես Ադրբեջանի ներքին գործ, որին «միջամտելը» տեղին չեն համարում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել