Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանի ու Հայաստանի ընթացիկ հարաբերությունները կարելի է բնութագրել՝ որպես «մարող սիրո» փուլ»

Սեպտեմբեր 07,2026 12:30 Share

Ըստ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի՝ այն, ինչն այսօր շատ պայմանականորեն կարող ենք կոչել Արցախի քաղաքական վերնախավ, հովվին կորցրած հոտի է նման:

 -Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ընթացքը. մի կողմից Նիկոլ Փաշինյանը խոսում է ՀՀ-ում ռուսական բազմաբազայի ոչ կենսունակության մասին, մյուս կողմից՝ հայտարարում, որ շատ լավ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի հետ, առաջիկայում էլ նոր հանդիպում է պլանավորված։

– Ռուսաստանի ու Հայաստանի ընթացիկ հարաբերությունները կարելի է բնութագրել՝ որպես «մարող սիրո» փուլ, որի ժամանակ փոխադարձ ձգողականությունն արագորեն նվազում է, բայց հարաբերությունները կենցաղային փոխկապակցվածության շնորհիվ շարունակվում են իներցիայի ուժով: Ռուսաստանն իր ռազմավարական մոտեցումները մոտ տասը տարի առաջ արմատապես վերանայելուց հետո նպատակահարմար գտավ անտեսել Հայաստանի կենսական, գոյութենական շահերն ու սկսել առաջնորդվել մի նոր օրակարգով, որում ՀՀ ներկայությունը մնացորդային նշանակություն ունի: Մոսկվան հանդուրժեց Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի, Ադրբեջանի ու ԻԳԻԼ-ի վարձկանների համատեղ ռազմական ագրեսիան ընդդեմ հայապատկան տարածքների և ուղղակիորեն համագործակցեց Թուրքիայի հետ՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախի հայաթափման անխափան ընթացքն ապահովելու հարցում՝ նաև հիմնելով համատեղ մոնիթորինգային կենտրոն, որը դադարեցրեց իր գործունեությունը 2023 թվականին Արցախի կատարյալ հայաթափումից հետո:

Հայաստանի գործող իշխանությունների համար էլ Ռուսաստանը դարձավ կաշկանդող, ներքաղաքական անհանգստություններ ու տագնապներ ծնող գործոն: Ռուսաստանին կարևոր է պահպանել Հայաստանի վրա ներգործելու համար կարևոր ազդեցության լծակները, բայց նաև ունենալ անցյալում և ապագայում Հայաստանի հանդեպ ունեցած իր պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար անհրաժեշտ պատճառաբանություններն ու արդարացումները: Ռուսական ռազմակայանն այդ առումով երկկողմ հարաբերությունների իրական ցուցիչներից մեկն է: Դրա ներկայությունը խորհրդանշական էր այն տեսանկյունից, որ ընդգծում էր՝ Հայաստանը ռուսական ռազմավարական շահերի ծիրում է գտնվում և ՌԴ միջուկային հովանոցի պաշտպանության տակ է:

Այսինքն՝ այդ ռազմակայանն անգամ հայկական բանակի հետ միասին չէր կարող դիմակայել, ասենք, Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի համատեղ հարձակմանը, բայց երաշխավորում էր միջուկային զենքի կիրառումը նման հարձակման դեպքում: Այսինքն՝ ռազմակայանն ինքնին զսպման մեխանիզմի բաղադրատարրերից մեկն էր, որն այդ մեխանիզմը չգործարկելու դեպքում ավելի շուտ թիրախ է ու զոհ, քան ազդեցիկ ռազմական գործոն: Ռուսաստանի համար ռազմակայանի պահպանումն, այն դեպքում, որ այն Հայաստանի պարագայում այլևս ռազմավարական զսպման համակարգի մաս չէ, դառնում է անիմաստ: Դրա համար հիմա Մոսկվան ու Երևանը մտքի այս աճպարարություններն են անում՝ ռազմակայանի փակման հետ կապված հնարավոր ապագա որոշման պատասխանատվությունն իրար գրպան գցելով:

-Ի՞նչ օրակարգով է լինելու Մոսկվայում հանդիպումը։ Ըստ Ձեզ՝ ՀՀ-ի հետագա ինտեգրացիոն քաղաքականության և նաև ընտրությա՞ն հարցն են քննարկելու։ Պուտինը Փաշինյանից որոշո՞ւմ է սպասում։

– Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ վիճակում կլինեն կողմերը հաջորդ հանդիպման պահին՝ որքանով Հայաստանն արևմտյան և այլ միջազգային գործընկերների օգնությամբ կկարողանա հաղթահարել իր դեմ Կրեմլի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումները և արդյոք ռուսական կողմին կհաջողվի իրեն բավարարող գոնե մի ինչ-որ միջանկյալ լուծման հասնել ուկրաինական ճակատում: Հայ-ռուսական հարաբերությունների ընթացքի վրա ազդող կարևորագույն գործոններից մեկը կշարունակի մնալ նաև Իրանի ճակատագիրը:

-Ներքաղաքական ճնշումները գնալով սաստկանում են, սա կապ ունի՞ աշխարհաքաղաքական գործոնների հետ, նաև այսպիսի իրավական գործընթացներն արդյոք ԵՄ տանող ճանապա՞րհ են։

– Պատահական չէ, որ ուժայինների ուշադրության ծիրում հայտնված, այդ թվում նաև կալանավորված գործիչները հրապարակավ մեղադրվում են Ռուսաստանի ազդեցության գործակալ, խաղաղության թշնամի ու պատերազմի ջատագով լինելու մեջ: Այսպիսի հռետորաբանությունն ու կոշտ գործողությունները հայկական իշխանություններին աջակցող արևմտյան պետությունների համար միանգամայն ականջահաճո են, արդարացված ու ընկալելի: Դրանք ընկալվում են՝ որպես անձամբ վարչապետ Փաշինյանի կողմից ընդդեմ ռուսական գերակայության վարվող քաղաքականության անհերքելի, առարկայական ապացույց: Ուշագրավն այն է, որ ռուսական կողմի համար էլ այս իրավիճակն օգտակար է՝ Մոսկվան ինքն է ընդգծում այդ մարդկանց կապն իր հետ անգամ այն դեպքում, երբ այդպիսի առարկայական կապ գուցե չկա էլ: Մեծ հաշվով, ՌԴ իշխանությունների համար էլ սա առիթ է արցախյան անցյալով, տնտեսական գործունեության մութ հետագծով ծանրաբեռնված ու, իր նոր ռազմաքաղաքական դոկտրինի բերումով, այլևս քաղաքականապես անպիտան գործիչներից Փաշինյանի ձեռամբ ազատվելու համար:

-Արցախի ԱԺ նախագահի ընտրության շուրջ զարգացումներն ինչի՞ հետևանք են. Գագիկ Բաղունցը հայտարարեց, որ ժամանակավորապես սառեցվել է այդ հարցը, մինչդեռ պատգամավորներն ասում են, որ նա այսպիսի հայտարարություն անելու իրավունք չուներ բոլորի կողմից. դա իր կարծիքն է։

– Այն, ինչն այսօր շատ պայմանականորեն կարող ենք կոչել Արցախի քաղաքական վերնախավ, հովվին կորցրած հոտի է նման: Քաղաքական իրական բովանդակությունից զուրկ մարդիկ են հիմնականում, որոնք լուրջ դերակատարում ստանձնել չեն կարող օբյեկտիվ պատճառներով: Գուցե կան ստվերային գործիչներ, որոնք, առանց իրենց երևակելու, ազդում են իրադարձությունների ընթացքի վրա, բայց վճռական, համակարգված, նպատակային գործունեության նշաններ ես չեմ տեսնում: Դա զարմանալի չէ, Հայաստանի իշխանությունները արցախցիների կողմից Հայաստանի տարածքում այդ կարգի գործունեություն չեն էլ հանդուրժի:

-Ինչպիսի ավարտ կունենա երկաթուղու՝ ռուսական կոնցեսիայի իրավունքի հարցը։ Արևմուտքից ճնշումը լուրջ դերակատարություն կունենա՞։

-Դա ժամանակի մեջ, այլ գործընթացներին զուգահեռ զարգացող թեմա է լինելու: Եթե, օրինակ, ԱՄՆ-ին հաջողվի տապալել Իրանի կղերապետությունը, ապա մեր երկաթուղու կառավարման հարցում Վաշինգտոնը կարող է ստանալ որոշիչ ձայնի իրավունք: Չի բացառվում նաև, որ այդ իրավունքը նա այսօր էլ ունի, բայց դրա կիրառումը հետաձգված է՝ մինչև Իրանի հետ կապված իրավիճակի վերջնական որոշակիացումը: Ռուսաստանի դիրքորոշումն էլ կարող է էական փոփոխությունների ենթարկվել՝ կախված Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքից: Մի խոսքով, երկաթուղու ճակատագիրը կախված է նրանից, թե դրսի դերակատարները դրա հետ կապված ինչ հեռանկարներ են տեսնելու իրենց առջև ծառացող խնդիրների լուծման դեպքում: Այս առումով, վերը նկարագրված գործընթացներից դուրս Հայաստանը առաջարկելու բան չունի:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել