Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ երևակայությունը միահյուսվում է ազգային հիշողությանն ու ստեղծագործ մտքին, այն դառնում է մշակույթի, ինքնության և սերունդների միջև ամենաամուր կամուրջը դեպի ապագա․ դերասան, տիկնիկագործ

Հուլիս 31,2026 13:46 Share

Հունիս–հուլիս ամիսներին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի բակը լցված էր ոչ միայն մանկական ծիծաղով, այլ թելի, կտորի, փայտիկների ու երևակայության կախարդանքով։ Այստեղ անցկացվում էին ազգային տիկնիկագործության դասընթացներ, որոնք վարում էր երեխաների համար սիրելի հերոս դարձած դերասան, տիկնիկագործ Աղասի Մելքոնյանը։

Յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր։ Ամեն դաս բացահայտում էր ազգային տիկնիկների նոր տեսակ, նոր կերպար ու նոր պատմություն։ Տիկնիկները ծնվում էին ամենասովորական նյութերից, բայց նրանցից յուրաքանչյուրը ձեռք էր բերում իր բնավորությունն ու հոգին։ Ստեղծագործական ընթացքը ուղեկցվում էր հետաքրքիր պատմություններով՝ հայկական տիկնիկագործության ավանդույթների, կերպարների խորհրդանիշների ու դրանց ծագման մասին, որոնց միջոցով երեխաները բացահայտում էին մեր մշակույթի մի գեղեցիկ ու ինքնատիպ աշխարհ։

Դասերն աստիճանաբար վերածվում էին իսկական թատրոնի։ Պատրաստված տիկնիկները կենդանանում էին ստվերային բեմում, որտեղ փոքրիկները բեմականացնում էին Խաչատուր Աբովյանի «Սոխն ու սխտորը» առակը, Հովհաննես Թումանյանի հեքիաթները՝ առաջին անգամ զգալով, թե ինչպես կարող է սեփական ձեռքով ստեղծված տիկնիկը խոսել, պատմություն պատմել ու հուզել հանդիսատեսին։

 

Ամռան այս երկու ամիսների ընթացքում շատ երեխաներ հասցրին ստեղծել ազգային տիկնիկների իրենց փոքրիկ հավաքածուները։ Շատերն արդեն ձեռք են բերել անհրաժեշտ նյութերն ու գործիքները, որպեսզի տանը շարունակեն սկսած ճանապարհն ու զարգացնեն դասերի ընթացքում ձեռք բերած հմտությունները։

Aravot.am-ի հետ զրույցում Աղասի Մելքոնյանն ասաց. «Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը սպասվածից շատ ավելի մեծ էր։ Այն արագորեն տարածվեց ոչ միայն քաղաքի ներսում, այլ դրա սահմաններից դուրս։ Հատկապես ուրախալի էր, որ դասընթացներին մասնակցում էին նաև արտասահմանից ժամանած երեխաներ, որոնք ամառն անցկացնում էին Երևանում։ Նրանց համար սա ոչ միայն ստեղծագործական փորձ էր, այլև հնարավորություն՝ ավելի մոտիկից ճանաչելու հայկական մշակույթը, ազգային ավանդույթներն ու տիկնիկագործության հարուստ ժառանգությունը»։

Հավելեց նաև, թե յուրաքանչյուր երեխա հավատում էր, որ ինքն էլ կարող է ստեղծագործել։ Իսկ ամենասպասված պահը օրվա ավարտն էր, երբ փոքրիկները տուն էին վերադառնում՝ գրկած սեփական ձեռքերով պատրաստած տիկնիկը։ Նրանց համար իսկական հրաշք էր տեսնել, թե ինչպես ամենատարբեր, երբեմն նույնիսկ աննշան թվացող իրերը կարող են վերածվել կենդանի կերպարի. «Իսկական տիկնիկը ծնվում է ոչ թե թելից ու կտորից, այլ մանկան երևակայությունից։ Իսկ երբ երևակայությունը միահյուսվում է ազգային հիշողությանն ու ստեղծագործ մտքին, այն դառնում է մշակույթի, ինքնության և սերունդների միջև ամենաամուր կամուրջը դեպի ապագա»։

Սամվել Դանիելյան

Լուսանկարները տրամադրել է Աղասի Մելքոնյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել