2026 թվականի օգոստոսի 1-ին Երևանը կդառնա համաշխարհային մարտարվեստի կենտրոն․ Tashir Arena-ում կանցկացվի միջազգային HYPE Fighting մրցաշարը՝ ամառային սեզոնի մարտարվեստի ամենասպասված իրադարձություններից մեկը։
Միջազգային HYPE Fighting պրոմոուշնի կողմից կազմակերպած լայնածավալ այս մարզական շոուն կմիավորի պրոֆեսիոնալ մարտիկների, համաշխարհային MMA-ի լեգենդների, մարտարվեստի միջազգային համայնքի ներկայացուցիչների և հազարավոր երկրպագուների։
Երեկոյի գլխավոր իրադարձությունը կլինի UFC-ի հայ ամենահայտնի մարզիկներից մեկի՝ Արման Ծառուկյանի հատուկ մենամարտը, որը լինելու է գրեփլինգի կանոններով։ Համաշխարհային մակարդակի մարզիկի մասնակցությունը մրցաշարի առանցքային իրադարձություններից է, որը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը։
«Սա իմ առաջին մենամարտն է Tashir Arena-ում, սակայն այս մարզահարթակն արդեն իսկ մեծ տպավորություն է թողել ինձ վրա․ իր տեխնիկական հագեցվածությամբ այն համադրելի է աշխարհի առաջատար մարզական արենաների հետ», — ասել է Արման Ծառուկյանը։
Կարդացեք նաև
Ծրագրում կկայանա նաև HYPE Fighting-ի չեմպիոնական մենամարտը․ Դավիթ Խաչատրյանը և Նիկարխոն կպայքարեն չեմպիոնի գոտու համար, որը կլինի մրցաշարի գլխավոր դիմակայություններից մեկը։
HYPE Fighting-ը ներկայացնում է մարզական ժամանցի նոր ձևաչափ, որը համադրում է պրոֆեսիոնալ մենամարտերը, բարձրակարգ կազմակերպչական և արտադրական լուծումները, բեմադրության ժամանակակից տեխնոլոգիաները, դինամիկ լուսային շոուն և խոշոր միջազգային մարզական միջոցառումներին բնորոշ մթնոլորտը։
Tashir Arena-ի ներկայացուցիչների խոսքով՝ Երևանը բոլոր նախադրյալներն ունի ապագայում մարտարվեստի աշխարհի առաջատար ներկայացուցիչների, մարզիկների, մեդիայի և երկրպագուների հանդիպման կարևոր հարթակ, ինչպես նաև Հայաստանի և միջազգային մակարդակում սպորտային ոլորտի զարգացման նշանակալի կենտրոն դառնալու համար։
Ծրագիրը կմեկնարկի ժամը 17:00-ին։
Տոմսերը հասանելի են Tashir Arena-ի պաշտոնական կայքում և տոմսարկղերում։
Tashir Arena-ն Հայաստանի ամենախոշոր բազմաֆունկցիոնալ հարթակն է՝ ստեղծված համաշխարհային արենաների չափանիշներին համապատասխան։ Այն ժամանակակից կենտրոն է, որը միավորում է ժամանցային մշակույթն ու առաջատար տեխնոլոգիաները՝ նպատակ ունենալով դառնալ տարածաշրջանային և միջազգային մակարդակի միջոցառումների նոր առանցքային կենտրոն։
Դահլիճը նախատեսված է շուրջ 2000 հանդիսատեսի համար՝ ներառյալ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց, և կարող է հյուրընկալել ամենատարբեր ձևաչափի միջոցառումներ՝ կրկեսային ներկայացումներից ու միջազգային շոուներից մինչև համերգներ, սպորտային մրցաշարեր և այլ միջոցառումներ։
Մեխանիզացված մանեժը հնարավորություն է տալիս ստեղծել ցանկացած ձևաչափի ներկայացումներ և վերափոխել տարածքը՝ ըստ բեմադրական մտահղացման։ Միջազգային փորձագետների մասնակցությամբ մշակված ժամանակակից ակուստիկ համակարգը ապահովում է կատարյալ հնչողություն։ Նոր սերնդի ավելի քան 200 լուսային սարքերն ու ավելի քան 1000 քմ ընդհանուր մակերեսով մուլտիմեդիոն պրոյեկցիոն հարթակները ստեղծում են լիարժեք ընկղմման տպավորություն։
Մրցաշարի կազմակերպիչը՝ միջազգային HYPE Fighting պրոմոուշնն է։
Նախագծի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել HYPE Fighting-ի պաշտոնական կայքում:՝


















































