Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն ավելի քան երկու տարի պետական բյուջեի միջոցներով վարձատրվել են, սակայն ՀՀ արդարադատության նախարարությունը հրաժարվում է հայտնել, թե որքան գումար է ծախսվել այդ նպատակով։ Ավելին՝ նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ այսօր հանձնաժողովը փաստացի անդամներ չունի, սակայն այդպես էլ հայտնի չէ, թե որքան պետական միջոց է հատկացվել դրա գործունեության համար։
«Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, դիմել էր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ։
Մասնավորապես, մենք խնդրել էինք հայտնել՝ ովքեր են 2022 թվականից ի վեր եղել հանձնաժողովի անդամները, որքան է կազմել նրանց վարձատրությունը, ինչ սկզբունքով է այն վճարվել՝ ամսական, թե կատարված աշխատանքի դիմաց, ինչպես նաև՝ ընդհանուր որքան գումար է պետական բյուջեից հատկացվել հանձնաժողովի անդամների վարձատրությանը և առհասարակ Սահմանադրական բարեփոխումների գործընթացին։
Երկու կազմ, ապա՝ անդամներ չկան
Կարդացեք նաև
Նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին կազմը հաստատվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի մարտի 29-ի թիվ 315-Ա որոշմամբ։
Այդ կազմում ընդգրկված են եղել Աշոտ Մանասյանը, Դավիթ Հակոբյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արթուր Գեղամյանը և Լևոն Հակոբյանը։
Սակայն ընդամենը ինը ամիս անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, վարչապետի թիվ 1546-Ա որոշմամբ այդ կազմն ուժը կորցրած է ճանաչվել, իսկ հանձնաժողովի անդամների ընտրության իրավասությունը փոխանցվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդին։
Արդյունքում՝ 2023 թվականի փետրվարի 3-ին ձևավորվել է հանձնաժողովի երկրորդ կազմը։ Սկզբում ընտրվել են Ռուբեն Գրիգորյանն ու Դավիթ Հակոբյանը, իսկ 2023 թվականի ապրիլին նրանց է միացել Արմեն Մազմանյանը։
Սակայն նախարարության պատասխանը մեկ ուշագրավ հանգամանք էլ է բացահայտում։ 2024 թվականի փետրվարին հանձնաժողովի երկու անդամները, իսկ մարտին՝ վերջին անդամը, դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։
Արդյունքում, ինչպես պաշտոնապես արձանագրում է նախարարությունը, 2024 թվականի մայիսից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն անդամներ չունի։
Այլ կերպ ասած՝ հանձնաժողովը լուծարված չէ, սակայն փաստացի չի գործում, քանի որ դրա կազմում որևէ անդամ չկա։
Պետական միջոցներով աշխատել են, բայց որքան՝ գաղտնի է
«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր նաև, թե որքան է կազմել հանձնաժողովի անդամների վարձատրությունը, ինչպես է այն հաշվարկվել և ընդհանուր որքան գումար է պետական բյուջեից հատկացվել այդ նպատակով։
Սակայն նախարարությունը հրաժարվել է պատասխանել։
Պատասխանում նշվում է, որ հանձնաժողովի անդամներն աշխատել են աշխատանքային հարաբերությունների շրջանակում, իսկ նրանց աշխատավարձի վերաբերյալ տվյալները համարվում են անձնական տվյալներ։
Նախարարությունը, վկայակոչելով Սահմանադրությունը, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, Աշխատանքային օրենսգիրքը և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, եզրակացնում է․
«Աշխատողի վարձատրության վերաբերյալ տեղեկությունը համարվում է անձնական տվյալ, հանդիսանում է նրա անձնական կյանքի վերաբերյալ գաղտնիք և օրենքով ուղղակիորեն նախատեսված չլինելու և աշխատողի գրավոր համաձայնության բացակայության դեպքում չի կարող տրամադրվել երրորդ անձի»։
Այս հիմնավորմամբ նախարարությունը հրաժարվել է տրամադրել ինչպես անդամների վարձատրության չափերը, այնպես էլ այդ նպատակով կատարված վճարումների վերաբերյալ տեղեկությունները։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այս համարում


















































