«Կան դատարանի որոշումներ, համաձայն որոնց՝ ինչ-որ կայքեր, որոնք փորձ է արվում կապել ինձ հետ, դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ այդ կայքերն ինձ հետ կապ չունեն»,- այսօր ԱԺ 9-րդ գումարման նիստի ընդմիջման ժամանակ լրագրողներին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:
Նա վստահեցրեց, որ բազմաթիվ անգամներ անձամբ ինքն է ֆեյքային գրոհների զոհ դարձել.
«Միանշանակ կողմ եմ նրան, որ երբ մարդիկ դիմացինին բան են ցանկանում ասել, դա պետք է անեն բացառապես իրենց դեմքով և կոռեկտության սահմաններում»,- ասաց Չախոյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե ձեր երեխայի ծննդյան շնորհավորանքը դարձավ քաղաքական քննարկման թեմա, արդյոք դա պայմանավորված չէ այս տարիների ձեր գործունեությամբ, որը կապում են ֆեյքերի դեմքով մարդկանց երեխաներին թիրախավորելու, մարդկանց կանանց թիրախավորելու հետ, ի պատասխան Չախոյանն ասաց՝ լրագրողը կարո՞ղ է մեկ օրինակ բերել, երբ ինքը թիրախավորել է ինչ-որ մեկի երեխային, անչափահասին.
Կարդացեք նաև
«Շատ սխալ են ասում, դա ակնհայտ կեղծիք է: Ինչ վերաբերում է, որ իմ գործունեությունն է դարձել դրա պատճառ, ոչ, ընդդիմության ոչ բարեկրթությունն է դարձել դրա պատճառ: Անչափահաս երեխային թիրախավորելը, այն էլ նորածին, առնվազն անընդունելի է»:
Անդրադառնալով իր ու վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հարաբերություններին վերաբերող հարցին՝ մեկնաբանեց սրված հարաբերությունների մասին խոսակցությունները.
«Իմ ու Արայիկ Հարությունյանի հարաբերությունները բավականին լավ են, մեր հարաբերություններում ոչ մի բան չի փոխվել: 5 տարիների ընթացքում շատ կառուցողական աշխատանք ենք ունեցել ու վստահ եմ, որ այս աշխատանքը շարունակելու ենք Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր»:
Հարցին՝ ինչո՞ւ վարչապետի աշխատակազմից դուրս եկան թե՛ ինքը, թե՛ Արայիկ Հարությունյանը, Չախոյանը պատասխանեց.
«Պատգամավորական մանդատը մեզ տրվել է ժողովրդի լեգիտիմ ընտրության արդյունքում: Ես այդ ամենի կողմնակիցն եմ, որ ժողովրդի լեգիտիմ ընտրությունների արդյունքում տրված մանդատը պետք է վերցնել ու տեր կանգնել դրան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































