Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չունեմ եկամտի այլ աղբյուր, քան աշխատավարձն է, և, ցավոք, չեմ կարող հրաժարվել աշխատավարձից». Ռուբեն Ռուբինյան

Օգոստոս 03,2026 17:35 Share

«Չկա նման մեխանիզմ, և պարոն Կարապետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից և կստանա այն։ Այլ հարց, որ պարոն Կարապետյանը կարող է այլ նպատակներով օգտագործել իր աշխատավարձը»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ աշխատավարձից և պարգևավճարներից հրաժարվելու մասին հայտարարությանը։

«Մենք՝ մեր խմբակցության պատգամավորներս, չունենք եկամտի այլ աղբյուր։ Համենայնդեպս, օրինակ՝ ես չունեմ եկամտի այլ աղբյուր, քան աշխատավարձն է, և, ցավոք, չեմ կարող հրաժարվել աշխատավարձից»,- հավելեց Ռուբեն Ռուբինյանը՝ հեգնելով, թե եթե հարուստ լիներ, միգուցե կարողանար դիմել նման քայլի։

Ինչ վերաբերում է պարգևատրումների ֆոնդին, ասաց՝ կա կառավարության կողմից ներդրված համակարգ, որը հիմնված է կատարողականի գնահատման վրա, և Ազգային ժողովը դրա մաս է, ու այս առումով փոփոխություններ չեն լինելու վերջին ամիսների համեմատ։

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ ստորագրել է համապատասխան կարգադրությունը, և Դավիթ Համբարյանը կնշանակվի Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։ Նա նախկինում եղել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար, արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, ներքին գործերի նախարարի տեղակալ։

Ռուբեն Ռուբինյանը նաև տեղեկացրեց, որ Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով կստեղծվի։ Նախորդ գումարման խորհրդարանը ԱԺ կանոնակարգում համապատասխան փոփոխությունը կատարել է։

«Էթիկայի հանձնաժողովը պետք է բաղկացած լինի հավասար թվով պատգամավորներից՝ մեծամասնությունից և ընդդիմությունից։ Դա ժամանակավոր հանձնաժողով է լինելու՝ երկու տարով, բայց հետո կթարմացվի։ Առաջին նախագահը կլինի մեծամասնությունից, իսկ տեղակալը՝ ընդդիմությունից, հետո վեց ամիս հետո կփոխվեն, և այսպես շարունակ։ Երբ որ ստեղծենք, դրանից հետո խմբակցություններն իրենց անդամներին կներկայացնեն։ Ես կարծում եմ՝ սա լավ փոփոխություն է, որովհետև նախկինում անընդհատ ասում էին՝ ինչ-որ X հարցով ստեղծեք հանձնաժողով։ Հիմա կա այդ հանձնաժողովը, եթե հարցեր լինեն, այդ հարցերը կքննարկվեն հանձնաժողովում։ Կարող է հարց ծագել՝ բա եթե դիմեն էթիկայի հանձնաժողով, նա էլ որոշի, որ էթիկայի խախտում է եղել, ի՞նչ է լինելու։ Սանկցիա, որպես այդպիսին, չի կարող լինել, բայց ինքնին այն փաստը, որ պատգամավորներն իմանան, որ կա էթիկայի հանձնաժողով, և եթե իրենք էթիկայի կանոնները խախտեն, համապատասխան դիմում կլինի, ինձ թվում է՝ արդեն իսկ դա հանրային ճնշում է և կարող է օգնել մեզ իմ առաջարկած բարեկրթության օրակարգի հարցում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31