Կամ Ռուսաստան, կամ Եվրամիություն. Ինչո՞ւ է Կրեմլը շտապեցնում Երեւանին
Գործի է դրվել տնտեսական շանտաժը
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում տարաձայնություններն արդեն դուրս են եկել միայն դիվանագիտական քննարկումների շրջանակից։ Անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ, Կրեմլի հրապարակային շեշտադրումները Հայաստանում հնարավորինս արագ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության բավական կոշտ հայտարարությունը եւ դրան հաջորդած Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցը միասին ձեւավորում են մեկ ընդհանուր քաղաքական պատկեր, որը վկայում է այն մասին, որ Մոսկվան Հայաստանի առջեւ հստակ դրել է ընտրության հարց եւ չի պատրաստվում զիջել։
Կարդացեք նաև
Պաշտոնական Երեւանի հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում բարձրացրել է առավելապես գործնական խնդիրներ՝ կապված հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների հետ՝ ընդգծելով, որ դրանք հակասում են ինչպես երկկողմ պայմանագրերին, այնպես էլ ԵԱՏՄ կանոններին։ Այս ձեւակերպմամբ՝ Փաշինյանը փորձել է քննարկումը պահել տնտեսական եւ իրավական հարթությունում՝ խուսափելով հարաբերությունների քաղաքական սրման խորացումից։
Սակայն Կրեմլի հաղորդագրությունն այլ նրբերանգներով էր։ Կրեմլը հատուկ ընդգծեց Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, որպեսզի պարզ դառնա՝ Հայաստանը ցանկանում է շարունակել անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությա՞նը, թե՞ շարժվել դեպի Եվրամիություն։
Այստեղ առաջին հայացքից կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ է Մոսկվան պահանջում հանրաքվե այժմ, այն դեպքում, երբ 2013-ին Հայաստանը Սերժ Սարգսյանի նախագահության օրոք առանց հանրաքվեի հրաժարվեց Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրից եւ միացավ Մաքսային միությանը, ինչը հետագայում դարձավ ԵԱՏՄ անդամակցության հիմքը։ Պուտինին այն ժամանակ չէր հետաքրքրո՞ւմ հայ ժողովրդի կարծիքը…
Այժմ իրավիճակն էականորեն տարբերվում է. տասներեք տարի առաջ Հայաստանը ռազմավարական առումով ամբողջությամբ ինտեգրված էր Ռուսաստանի անվտանգության եւ արտաքին քաղաքական համակարգին, իսկ իշխանությունների արտաքին քաղաքական որոշումների նկատմամբ Մոսկվայում գրեթե կասկածներ չկային, կամ՝ առանձնապես վտանգավոր դրսեւորումներ ՀՀ իշխանությունների կողմից Կրեմլում չէին սպասում։ Մոսկվայի համար միակ անընդունելի քայլը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման այն ժամանակվա փուլն էր, որը Մոսկվան կարողացավ վիժեցնել, վստահաբար, Արցախում «պատերազմի վտանգի» շանտաժով։
Այսօր իրավիճակն այլ է։ Արցախի թեման օրակարգում չէ, եւ Արցախի կորստին նպաստել է Ռուսաստանը դեռ 44-oրյա պատերազմից շատ տարիներ առաջ խախտելով Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը։ Հայաստանն այժմ զարգացնում է հարաբերությունները Եվրոպական միության հետ, ընդունել է եվրաինտեգրման գործընթացի մեկնարկի վերաբերյալ օրենք, խորացնում է համագործակցությունն արեւմտյան գործընկերների հետ եւ միաժամանակ չի թաքցնում արտաքին քաղաքականության բազմավեկտոր մոտեցումը։ Այս պայմաններում Ռուսաստանը, ըստ ամենայնի, փորձում է ստանալ ոչ միայն իշխանության, այլեւ հասարակության քաղաքական դիրքորոշման առավել հստակ արտահայտումը։
Սակայն հանրաքվեի գաղափարը կարող է ունենալ նաեւ քաղաքական այլ նշանակություն։ Եթե նման հանրաքվե անցկացվի եւ Հայաստանի հասարակությունն ընտրի եվրոպական ուղղությունը, Մոսկվան կարող է արդարացնել Ռուսաստանի պատասխան քայլերը՝ տնտեսական պատժամիջոցների կիրառմամբ, քաղաքական այլ հիմնավորումներով։ Թեեւ այդ պատժամիջոցները դաշնակից Հայաստանի նկատմամբ Մոսկվան տեւական ժամանակ է, ինչ մեծ եռանդով հիմա էլ կիրառում է, որպեսզի հանրաքվեի անցկացման պարագայում ստանա «ցանկալի» պատասխան ՀՀ քաղաքացիների կողմից։ Այսինքն, այս դեպքում էլ, արդեն գործի է դրվել տնտեսական շանտաժը։ Իսկ եթե հանրաքվեն չկայանա կամ հետաձգվի, Կրեմլը հնարավորություն է ստանալու շարունակել պնդել, որ Հայաստանի վերջնական ընտրությունը դեռեւս չի կատարվել, հետեւաբար այդ իրավիճակում էլ շարունակվելու են Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները։
Փաշինյանի պատասխանը եւ Մոսկվայի կոշտ հռետորաբանությունը
Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ, թերեւս, ամենակարեւոր հատվածը Փաշինյանի պատասխանն էր, ըստ որի՝ հանրաքվեն գործնականում հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը նախ պաշտոնապես դիմի Եվրամիությանը անդամակցելու համար եւ հարցը դառնա առարկայական։
Այս ձեւակերպումը դժվար է դիտարկել որպես մերժում։ Ավելի շուտ այն գործընթացը տեղափոխում է իրավական եւ քաղաքական հաջորդ փուլ։ Փաշինյանը փաստացի ասում է, որ մինչեւ անդամակցության պաշտոնական դիմում հանրաքվեի հարցն օրակարգային չէ։ Այսպիսով, Երեւանը չի հրաժարվում հանրաքվեի գաղափարից, սակայն նաեւ չի ընդունում այն ժամկետները, որոնք ակնարկում է Մոսկվան։ Սա կարելի է գնահատել որպես ժամանակ շահելու փորձ։
Հայաստանի իշխանությունները, հավանաբար, ձգտում են պահպանել հարաբերությունները թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ Եվրամիության հետ՝ հնարավորինս երկար չհասնելով այն կետին, որտեղ անհրաժեշտ կլինի կատարել վերջնական ընտրություն։ Այդ մարտավարությունը հնարավորություն է տալիս նվազեցնել կտրուկ տնտեսական եւ քաղաքական ռիսկերը, սակայն միաժամանակ մեծացնում է արտաքին ճնշումների հավանականությունը։
Հենց այդ համատեքստում է ուշադրության արժանի Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը։ Սովորաբար Արտաքին հետախուզական ծառայությունները հրապարակային քաղաքական հայտարարություններով հանդես չեն գալիս։ Այս դեպքում հայտարարությունը շատ ավելի նման էր քաղաքական հստակ ազդակների ու ուղերձների։
ՌԴ Արտաքին հետախուզական ծառայությունը ոչ միայն կանխատեսում է Հայաստանի համար տնտեսական ծանր հետեւանքներ ԵԱՏՄ-ից դուրս գալու պարագայում, այլեւ ներկայացնում է, թե Եվրամիությունը պահանջելու է սահմանափակել ռուսական տնտեսական ներկայությունը, խզել հումանիտար կապերը եւ ճնշել այդ քաղաքականությանը հակադրվող ուժերին։ Միաժամանակ կասկածի տակ է դրվում նաեւ Բրյուսելի կարողությունը՝ փոխհատուցելու Հայաստանի հնարավոր տնտեսական կորուստները։
Այս ամենը կարելի է դիտարկել ոչ միայն որպես արտաքին լսարանին ուղղված հայտարարություն, այլ նաեւ որպես ազդակ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը եւ հասարակությանը։ Փաստացի հղվեց հետեւյալ ուղերձը. ԵԱՏՄ-ից դուրս գալը, ըստ Մոսկվայի գնահատականի, կունենա բարձր տնտեսական գին, իսկ Եվրոպան չի կարողանա ապահովել համարժեք փոխհատուցում։
Այն, որ նման հայտարարությունը հրապարակվեց հենց Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից անմիջապես հետո, բնականաբար, դժվար է դիտարկել որպես պատահական համընկնում։ ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունն, ընդհանրապես, ամենակարեւոր դրվագներից մեկն է։ Երբ պետության Արտաքին հետախուզությունը սկսում է հրապարակայնորեն խոսել այլ երկրի իշխանությունների «սուզվող անձնակազմի» մասին, դա արդեն դիվանագիտական լեզու չէ։ Սա քաղաքական ճնշման լեզու է, որի հասցեատերը ոչ միայն Հայաստանի իշխանությունն է, այլեւ հայկական հասարակությունը։ Ուղերձն էլ պարզ է՝ եթե ընտրեք Եվրոպան, տնտեսական գինը լինելու է բարձր, եւ այդ գինը Եվրոպան չի վճարելու։
Պուտին–Ալիեւ հեռախոսազրույցը եւ տարածաշրջանային քաղաքական հաշվարկները
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների այս լարված ֆոնին հաջորդեց եւս մեկ ուշագրավ իրադարձություն՝ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հեռախոսազրույցը։ Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունը զուսպ էր, ընդգծվում էր ռուս-ադրբեջանական համագործակցության կառուցողական բնույթը եւ երկխոսության ակտիվացման պատրաստակամությունը։
Այս հեռախոսազրույցի ժամանակագրությունը քաղաքական առումով անտեսել հնարավոր չէ։ Երբ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունենում նախ` Հայաստանի վարչապետի, ապա մեկ օր անց՝ Ադրբեջանի նախագահի հետ, ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է պահպանել անմիջական շփումները տարածաշրջանի երկու հիմնական դերակատարների հետ։ Ընդ որում, Կրեմլի տարածված հաղորդագրության մեջ այս դեպքում չնշվեց, թե ում նախաձեռնությամբ է կայացել հեռախոսազրույցը։
Այսպիսով, Ռուսաստանը ցույց է տալիս, որ շարունակում է ակտիվ դերակատար մնալ Հարավային Կովկասում եւ չի սահմանափակում իր քաղաքական հնարավորությունները միայն Հայաստանի ուղղությամբ։
Այս համատեքստում Բաքվին ուղղված ուշադրությունը նաեւ հիշեցում է Երեւանին, որ տարածաշրջանային հավասարակշռության հարցում Ռուսաստանը շարունակում է ունենալ այլընտրանքային գործընկերներ եւ պատրաստ է զարգացնել հարաբերությունները բոլոր դերակատարների հետ՝ անկախ Հայաստանի արտաքին քաղաքական ապագա ընտրությունից։
Մոսկվայի հետ հարաբերությունները մտել են նոր քաղաքական փուլ
Վերջին շաբաթների իրադարձությունները վկայում են այն մասին, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են որակապես նոր փուլ։ Մոսկվան ձգտում է հնարավորինս արագ հասկանալ՝ արդյոք Հայաստանը պատրաստվում է եվրոպական ինտեգրումը վերածել պաշտոնական պետական քաղաքականության։ Հանրաքվեի անցկացման պահանջը հենց այդ քաղաքական հստակեցման գործիքն է։ Ռուսաստանը, կարծես, ցանկանում է, որ ընտրությունը լինի ոչ թե երկարաձգվող քաղաքական գործընթաց, այլ հստակ արձանագրված որոշում։
Երեւանը, իր հերթին, դեռեւս փորձում է պահպանել քաղաքական մանեւրելու հնարավորությունը։ Փաշինյանի պատասխանը ցույց է տալիս, որ Հայաստանը չի ցանկանում անմիջապես մտնել «կամ-կամ»-ի տրամաբանության մեջ եւ փորձում է գործընթացը պահել իրավական ընթացակարգերի շրջանակում։ Սա հնարավորություն է տալիս ժամանակ շահել, սակայն դժվար թե երկարաժամկետ լուծում գտնվի, եթե հակասություններն ավելի խորանան։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությամբ հրապարակային այսպիսի հռետորաբանությունը հարաբերությունների նախկին փուլերին բնորոշ չէր եւ կարող է նշանակել, որ Ռուսաստանը փորձում է ազդել ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլեւ հասարակական կարծիքի վրա։
Այսպիսով, ներկայիս զարգացումները հասել են դեպի հարաբերությունների վերջնական խզման ճանապարհն էլ ավելի մոտեցնելու փուլին։
Առանցքային հարցը մեկն է՝ արդյոք Հայաստանը կկարողանա երկար ժամանակ պահպանել բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, թե միջազգային եւ տարածաշրջանային իրողությունները նրան կստիպեն կատարել հստակ աշխարհաքաղաքական ընտրություն։ Այս հարցի պատասխանն էլ, վստահաբար, կսահմանի ոչ միայն Երեւան-Մոսկվա հարաբերությունների հետագա տրամաբանությունը, այլեւ Հարավային Կովկասում ուժերի նոր հավասարակշռությունը։
Շարունակությունը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.08.2026


















































