Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ի՞, թե՞ հայ-ռուսական հարաբերությունների վերջի սկիզբը

Օգոստոս 05,2026 11:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

Հայռուսական նախկին հարաբերությունների փիլիսոփայությունը սպառված է

 Փաշինյանի պատասխան նոր հռետորաբանությունը՝ «այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»

Եթե Մոսկվայի հայտարարությունները վերջին օրերին ավելի կոշտ են դարձել, ապա նկատելի է նաեւ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսույթի փոփոխությունը։ Ընդամենը օրեր առաջ Փաշինյանը դեռ շարունակում էր պնդել, թե հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն չկա, իսկ արտահանման սահմանափակումներն ավելի շատ տեխնիկական բնույթի խնդիրներ են։ Այնուհետեւ նույն Փաշինյանն արդեն հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն «կաթվածահար է», չի կատարում սեփական պայմանագրերը եւ եթե իրավիճակը չփոխվի, դա կարող է դառնալ «ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։

Այս ձեւակերպումները փաստացի մարտահրավեր են ոչ միայն տնտեսական միության արդյունավետությանը, այլեւ այն քաղաքական նախագծին, որի առանցքային դերակատարը Ռուսաստանն է։ Երբ ԵԱՏՄ անդամ երկրի ղեկավարը հայտարարում է, որ միությունն այլեւս չի գործում, նա կասկածի տակ է դնում ոչ միայն տվյալ կառույցի տնտեսական կենսունակությունը, այլեւ նրա քաղաքական հեղինակությունը։

Առավել ուշագրավ էր, որ Փաշինյանը չսահմանափակվեց միայն քննադատությամբ։ Նա միաժամանակ շեշտեց, որ Հայաստանը դեռեւս չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Առաջին հայացքից սա հակասական մոտեցում է։ Սակայն իրականում այստեղ գործում է այլ քաղաքական տրամաբանություն։ Երեւանը փորձում է տարանջատել երկու գործընթացները։ Առաջինը՝ Հայաստանի իրավական անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը դեռեւս պահպանվում է։ Երկրորդը՝ այդ կառույցի գործնական արդյունավետությունը, որն, ըստ Փաշինյանի, արդեն լուրջ խնդիրներ ունի։ Այսինքն, իշխանությունը փորձում է ցույց տալ, որ Հայաստանի դժգոհությունը վերաբերում է ոչ թե անդամակցության գաղափարին, այլ ԵԱՏՄ-ում ընդունված կանոնների խախտմանը։

Սակայն Փաշինյանի ամենակարեւոր հայտարարությունը, թերեւս, հետեւյալն էր. «Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»։ Փաստացի Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանը հրաժարվում է մեկ կենտրոնից կախված արտաքին քաղաքական մոդելից եւ մտադիր է միաժամանակ ձեւավորել անվտանգության, տնտեսական եւ քաղաքական մի քանի հենարաններ։ Սա սովորական դիվանագիտական բառապաշար չէ։ Սա արտաքին քաղաքական նոր դոկտրինի հրապարակային ձեւակերպում է։

Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանի հետ հարաբերությունները կառուցել է այն կանխավարկածի վրա, որ Երեւանը, անկախ առանձին տարաձայնություններից, չունի իրական աշխարհաքաղաքական այլընտրանք։ Փաշինյանի հայտարարությունն, ըստ էության, վիճարկում է հենց այդ հիմքը։ Երբ նա բաց տեքստով ասում է, որ Հայաստանը պարտավոր է միշտ ունենալ այլընտրանքներ, նա փաստացի հայտարարում է, որ նախկին կախվածության մոդելը սպառված է։

Սակայն նույն ելույթում կա եւս մեկ կարեւոր դրվագ, երբ Փաշինյանը փաստացի մերժեց Մոսկվայի պահանջած շտապողականությունը՝ նշելով, որ հանրաքվե հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Եվրամիությանն անդամակցության հարցը դառնա իրավական եւ քաղաքական առարկա։ Այսինքն՝ Հայաստանը նախ պետք է ձեւավորի իրական այլընտրանքը, ստանա պատասխաններ բազմաթիվ հարցերի վերաբերյալ եւ միայն հետո այդ ընտրությունը ներկայացնի ժողովրդին։

Այստեղ էլ ի հայտ է գալիս Երեւանի եւ Մոսկվայի հիմնական հակասությունը։ Ռուսաստանն ասում է՝ «նախ որոշեք, հետո շարժվեք»։ Մինչդեռ Հայաստանը պատասխանում է՝ «նախ ձեւավորվի ընտրության առարկան, հետո միայն ժողովուրդը որոշում կկայացնի»։

Հենց այս սկզբունքային տարաձայնությունն է, որն այսօր դարձել է հայ-ռուսական հարաբերությունների հիմնական քաղաքական հանգույցը։

Երկաթուղուց մինչեւ ԵԱՏՄ. ճգնաժամը տեղափոխվում է ռազմավարական ոլորտ

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ի հայտ եկած եւս մեկ առանցքային թեմա հայկական երկաթուղու կառավարումն է։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե խոսքը բացառապես տնտեսական կամ պայմանագրային վեճի մասին է, սակայն իրականում այս հարցը վաղուց դուրս է եկել բիզնես հարաբերությունների շրջանակից եւ դարձել է պետական ինքնիշխանության շուրջ քաղաքական բանավեճի մաս։

Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից ընդամենը երեք օր անց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հայկական երկաթուղու կառավարումը Հայաստանի կողմից հետ վերցնելուն «այլընտրանք չկա», ըստ էության, կոշտ գնահատական է ռուսական ներկայության առնչությամբ։ Եթե մինչ այժմ Երեւանը խոսում էր բանակցությունների, փոխադարձ համաձայնության կամ պայմանագրային լուծումների մասին, ապա այժմ առաջին անգամ հրապարակայնորեն ակնարկվում է նաեւ իրավական ճանապարհով, անհրաժեշտության դեպքում՝ միջազգային արբիտրաժում հարցը լուծելու հնարավորությունը։

Այս հայտարարությունը կարեւոր է ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաեւ ժամանակագրությամբ։ Այն հնչում է այն փուլում, երբ Մոսկվան տնտեսական սահմանափակումների միջոցով փաստացի ճնշում է գործադրում Հայաստանի նկատմամբ, իսկ Երեւանն արդեն հրապարակային կերպով վիճարկում է ԵԱՏՄ-ի արդյունավետությունը։ Հետեւաբար, երկաթուղու թեման այլեւս չի կարելի դիտարկել առանձին։ Այն դարձել է նույն քաղաքական գործընթացի բաղկացուցիչ մասը, որի շրջանակում երկու պետությունները վերանայում են իրենց փոխհարաբերությունների ամբողջ համակարգը։

Ռուսական կողմի արձագանքն էլ նույնքան խոսուն էր։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հիշեցրեց կոնցեսիոն պայմանագրի մասին եւ հայտարարեց, որ դրա վերանայման կամ դադարեցման դեպքում ակնկալում է ներդրված միջոցների ամբողջական փոխհատուցումը։ Այս հայտարարությունն առաջին հերթին իրավական բնույթ ունի, սակայն այն նաեւ քաղաքական ուղերձ է. Մոսկվան հասկացնում է, որ Հայաստանի ցանկացած փորձ՝ վերանայելու ռազմավարական ոլորտներում ռուսական ներկայությունը, կունենա ոչ միայն քաղաքական, այլեւ ֆինանսական բարձր գին։

Այսպիսով, հարաբերություններում բացի «բանավեճի» հիմնական առանցքից՝ «կամ ԵԱՏՄ, կամ եվրոպական ինտեգրում», այժմ ճգնաժամը տեղափոխվեց արդեն կոնկրետ ռազմավարական ակտիվների կառավարման ոլորտ։ Դա նշանակում է, որ հայ-ռուսական տարաձայնությունները աստիճանաբար տարածվում են գրեթե բոլոր այն ուղղությունների վրա, որոնք վերջին երկու տասնամյակներում համարվել են երկկողմ հարաբերությունների հենասյուները։

Սակայն նույնիսկ այս պայմաններում պաշտոնական Երեւանը չի հայտարարում հարաբերությունների խզման կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին։ Ընդհակառակը, Փաշինյանը վերահաստատում է, որ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին եւ հենց այդ հարթակում է բարձրացնելու Հայաստանի բոլոր խնդիրները։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս Երեւանի քաղաքական մարտավարությունը. իշխանությունը չի փորձում փակել դռները, այլ փորձում է փոխել բանակցությունների պայմանները։

Միեւնույն ժամանակ Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը ԵԱՏՄ նիստում կրկին ասելու է, որ «ԵԱՏՄ-ն կաթվածահար է», արդեն ունի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ենթատեքստ։ Եթե նման գնահատականը հնչում է հենց միության ներսում, նշանակում է՝ Հայաստանը փորձում է խնդիրը ներկայացնել ոչ թե որպես երկկողմ վեճ Ռուսաստանի հետ, այլ որպես ամբողջ ինտեգրացիոն կառույցի ինստիտուցիոնալ ճգնաժամ։ 

Մոսկվայի ճնշման գործիքներն ընդլայնվում են

Եթե առաջին փուլում Մոսկվան փորձում էր ստիպել Հայաստանին հստակեցնել իր արտաքին քաղաքական ուղղությունը, ապա այժմ ակնհայտ է դառնում, որ ճնշման գործիքներն ընդլայնվում են։ Տնտեսական սահմանափակումները, հանրաքվեի անցկացման շուրջ հրապարակային պահանջները, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության կոշտ հայտարարությունը եւ ռազմավարական ակտիվների շուրջ աճող լարվածությունը փաստում են, որ Կրեմլը պատրաստ է միաժամանակ կիրառել քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական ազդեցության մեխանիզմներ։

Մյուս կողմից, փոխվել է նաեւ Երեւանի վարքագիծը։ Եթե դեռ ամիսներ առաջ Հայաստանի իշխանությունները փորձում էին խուսափել կոշտ գնահատականներից՝ պնդելով, թե հարաբերություններում հիմնարար խնդիրներ չկան, ապա այսօր Փաշինյանն արդեն բացահայտ հայտարարում է, որ ԵԱՏՄ-ն չի գործում, Հայաստանի Հանրապետությունը միշտ պետք է ունենա այլընտրանքներ, իսկ նախկին կախվածության տրամաբանությունն ավարտված է։

Սակայն այստեղ կարեւոր է մեկ հանգամանք եւս։ Չնայած կոշտ հռետորաբանությանը՝ Հայաստանը դեռեւս չի կատարել որեւէ այնպիսի քայլ, որը իրավական առումով կնշանակեր ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկ։ Ընդհակառակը, Փաշինյանը բազմիցս կրկնում է, որ հանրաքվեն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Եվրամիությանն անդամակցության գործընթացը դառնա առարկայական, իսկ մինչ այդ Հայաստանը շարունակելու է աշխատել գործող կառույցների շրջանակում։ Սա նշանակում է, որ պաշտոնական Երեւանի ռազմավարությունը հիմնված է ժամանակ շահելու վրա։

Իշխանությունները փորձում են միաժամանակ պահպանել գործող տնտեսական կապերը եւ ձեւավորել նոր քաղաքական ու տնտեսական հնարավորություններ՝ խուսափելով կտրուկ քայլերից, որոնք կարող են անմիջապես հանգեցնել խոր ճգնաժամի։

Սակայն հենց այստեղ է առաջանում երկու կողմերի հիմնական հակասությունը։ Մոսկվան չի ցանկանում, որ այդ անցումային փուլը երկար տեւի։ Ռուսաստանը պահանջում է հստակ ընտրություն՝ համարելով, որ աշխարհաքաղաքական անորոշությունը վտանգում է իր ազդեցությունը տարածաշրջանում։

Երեւանը, հակառակը, փորձում է հնարավորինս երկար պահպանել մանեւրելու հնարավորությունը՝ համոզված լինելով, որ առանց պատրաստված այլընտրանքների ցանկացած կտրուկ որոշում կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար։

Այսպիսով, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամը պայմանավորված չէ միայն Եվրամիության կամ ԵԱՏՄ-ի շուրջ տարաձայնություններով։ Իրականում, փոխվում է այն ամբողջ մոդելը, որի վրա երեք տասնամյակ կառուցվել են Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունները։

Ռուսաստանը շարունակում է հարաբերությունները դիտարկել ռազմավարական հավատարմության տրամաբանությամբ, որտեղ դաշնակիցը պետք է կատարի հստակ աշխարհաքաղաքական ընտրություն։ ՀՀ իշխանությունն, ընդհակառակը, փորձում է անցում կատարել բազմավեկտոր արտաքին քաղաքականության՝ համոզված լինելով, որ 21-րդ դարում անվտանգությունն ու զարգացումը հնարավոր չէ կապել միայն մեկ ուժային կենտրոնի հետ։

Հենց այս երկու մոտեցումների բախումն էլ հարաբերությունները նոր մակարդակի են հասցրել։ Կողմերը դեռեւս չեն խզում կապերը, չեն հրաժարվում երկխոսությունից եւ շարունակում են աշխատել նույն հարթակներում։ Սակայն արդեն ակնհայտ է, որ նախկին հարաբերությունների փիլիսոփայությունը սպառված է։

Առաջիկա ամիսների գլխավոր հարցն այլեւս այն չէ, թե Հայաստանը երբ կանցկացնի հանրաքվեն կամ երբ կդիմի Եվրամիությանը։ Ավելի հիմնարար հարցն այն է, թե արդյոք Երեւանն ու Մոսկվան կկարողանա՞ն ձեւավորել համագործակցության նոր մոդել, որը կհամապատասխանի փոխված աշխարհաքաղաքական իրողություններին։ Եթե այդպիսի մոդել չձեւավորվի, ապա վերջին շաբաթների, ամիսների իրադարձությունները կարող են պատմության մեջ մնալ ոչ միայն որպես հայ-ռուսական հարաբերությունների ամենալարված փուլերից մեկը, այլեւ որպես այն շրջադարձային պահը, երբ կողմերը վերջնականապես սկսեցին հեռանալ տասնամյակներ գործող ռազմավարական փոխհարաբերությունների ձեւաչափից։

Ամփոփումը՝ վաղվա համարում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել