ՀՀ կառավարությունը նախաձեռնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու գործընթաց։ Հիշեցնենք, որ հայկական մոդեռնիզմի այս կարևորագույն և աշխարհահռչակ կառույցը հանրության ու մասնագիտական համայնքի տարիների ճնշման արդյունքում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան` ներկայիս կառավարության որոշմամբ, պետական ցուցակում ներառվել է մոտ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի օգոստոսի 14-ին (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 14 օգոստոսի 2025 թվականի N 1151-Ն, կետ 1․7․12)։
Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում հուշարձանների, մասնավորապես արդի ժառանգության, «պահպանությունը» ոչ թե պետական քաղաքականություն է, այլ՝ քաղաքական ու տնտեսական կարճաժամկետ շահերին ծառայող գործիք։ Սակայն նույնիսկ այդ դեպքում առհասարակ անհասկանալի է, թե որոնք են հուշարձանի կարգավիճակից զրկելու մշակութային և իրավական նախադրյալները։ Անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է հուշարձանին կարգավիճակից զրկել, եթե այն կանգնած է նույն տեղում, նույնությամբ, ինչպես կարգավիճակ ստանալու պահին։ Անընդունելի է հանրապետական նշանակության հուշարձանը զրկել այդ կարգավիճակից՝ դրա ենթակառուցվածքային կամ այլ գործառական նշանակությունը պատճառաբանելով։ Արդյոք կիրառելի՞ է նույն տրամաբանությունը միջնադարյան վանքի, ամրոցի կամ կամրջի նկատմամբ։ Եթե ոչ, ապա ի՞նչ տարբերություն կա մոդեռնիստական ժառանգության և միջնադարյան ժառանգության միջև։ Դրանք երկուսն էլ ունեն համահավասար մշակութային արժեք և իրավական կարգավիճակ։
Կառավարության որոշման այս նախագիծը, նույնիսկ կառավարության կողմից դրա սոսկ քննարկումը, աղետալի նախադրյալ կարող է հանդիսանալ ապագայում հուշարձանների նկատմամբ ցանկացած նմանատիպ ոտնձգության համար՝ ոչ միայն ժամանակակից ժառանգության, այլև բոլոր հուշարձանների նկատմամբ՝ անկախ դրանց գործառական կամ պատմական նշանակությունից։ Հարկ ենք համարում հիշեցնել հայ ճարտարապետության դեմքը կերտող այն կառույցների ճակատագիրը, որոնք ժամանակին հանվեցին պահպանության ենթակա ժառանգության ցուցակներից՝ «Սևան» հյուրանոցը (քանդվել է 2005–2016 թվականներին), Քանաքեռ-Զեյթունում հայտնի ջրանցքը (ոչնչացված) և «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որը հաջողվեց պահպանել հանրային ճնշման արդյունքում, բայց որի ճակատագիրը, անկախ «վերակառուցման» և «վերաբացման» նախընտրական խոստումներից, դեռևս անորոշ է։
Մենք՝ Դոկոմոմո Հայաստանի անդամներս, դատապարտում ենք հայկական մոդեռնիզմի հուշարձանների նկատմամբ պետական մարմինների և դրանց ղեկավարների որդեգրած վերաբերմունքն ու մոտեցումները։ Ժառանգությունը, մասնավորապես մոդեռնիստական հուշարձանները, որպես մեր պետության արդի դեմքը ներկայացնող ժառանգության մաս, պետք է զերծ մնա րոպեական, կարճաժամկետ արդյունք ակնկալող տնտեսական և քաղաքական գործընթացներից։ Այն հայ ժողովրդի հավաքական ժառանգության անքակտելի մասն է՝ անկախ կառուցման թվականից։
Կարդացեք նաև
Այս հայտարարությամբ կոչ ենք անում կառավարությանն ու նրա մարմիններին հրաժարվել Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքն ամբողջությամբ կամ մասնակիորեն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից հանելու որոշումից։ Միևնույն ժամանակ առաջարկում ենք Զվարթնոց օդանավակայանի կառավարումը ստանձնած ընկերությանը վերանայել օդանավակայանի ուղևորատար մասնաշենքի ընդլայնումը՝ պահպանելով համաշխարհային նշանակության բարձրարժեք մոդեռնիստական կառույցն ամբողջությամբ։
Դոկոմոմո Հայաստանի անդամները պատրաստ են իրենց մասնագիտական կարողությունների սահմաններում տրամադրել իրենց փորձագիտական աջակցությունը Զվարթնոց հին մասնաշենքի պահպանության աշխատանքներում։
Դոկոմոմո Հայաստանի անդամներ՝
Արեգ Ասատրյան, ճարտարապետ, զոնավորման եւ շենքերի փորձագետ, ԱՄՆ
Ռուբեն Արևշատյան
Նվարդ Երկանյան, արվեստագետ, դիզայներ, Հայաստան / Իտալիա
Գագիկ Խաչատրյան, ճարտարապետ, Հայաստան
Արսեն Կարապետյան, ճարտարապետ, ՀՀ
Իրինա Մերդինյան
Անահիտ Մինասյան
Արտուր Պետրոսյան
Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ-քաղաքային պլանավորող, Հայաստան
Սևադա Պետրոսյան, ճարտարապետ, Հայաստան
Կարին Պօղոսեան, ճարտարապետ-քաղաքային պլանավորող, ԱՄՆ
Արսեն Սարգսյան, ճարտարապետ, ՀՀ
Գևորգ Թորոսյան, ճարտարապետ-ինժեներ, անկախ հետազոտող, Հայաստան / Բելգիա


















































