Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել 13 զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ 2025 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ադրբեջանցի միայն 1 զբոսաշրջիկի այցելություն:
Հունվար-հունիս ամիսներին ՀՀ պետական սահմանի անցակետերով իրականացված մուտքերի-ելքերի վիճակագրությունն՝ ըստ քաղաքացիության/փաստաթղթի տրամադրման երկրի, դեռևս առկա չէ, փոխարենը հրապարակվել է 2026 թ. հունվար-մայիս ամիսների՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվությունը:
Ըստ երկրների քաղաքացիության՝ հունվար-մայիս ամիսներին ՀՀ սահմանը հատած այլ երկրների քաղաքացիների վիճակագրական ցանկում առկա չէ Ադրբեջանից Հայաստան ժամանած քաղաքացիների մասին տեղեկատվություն։
Սա այն դեպքում, երբ առնվազն 2026 թ. փետրվարի 13-14-ին Հայաստանում՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացված կլոր սեղանին, մասնակցել են Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Ադրբեջանական պատվիրակության կազմում եղել է 19 մասնակից։ Նրանք Հայաստան էին ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով։ Ըստ նախաձեռնության անդամների՝ նրանք անցել էին բոլոր համապատասխան ընթացակարգերը։
Բացի այդ՝ 2026-ի ապրիլի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը, որն Աղվերանում մասնակցել էր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ նիստին։
Ավելի ուշ՝ հունիսի 14-ին, Հայաստան էր ժամանել Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով Դիլիջանում հանդիպում էր ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Հաջիևը նույնպես Հայաստան էր ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































