Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

Օգոստոս 13,2026 20:05 Share

Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսուչները դպրոցների տնօրինությանը հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը, և առաջարկվել է նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։

Դեռևս 2012-ին ընդունված կանոնակարգի համաձայն՝ օտարերկրացի երեխաները հնարավորություն ունեին «հյուր աշակերտի» կարգավիճակով սովորել ազգային փոքրամասնությունների դպրոցներում, թեև առանց ավարտական դիպլոմ ստանալու իրավունքի։

Շուրջ 14 տարի գործող այս պրակտիկայի հանկարծակի դադարեցման փորձը լուրջ մտահոգություն է առաջացրել հայ համայնքում և իրավապաշտպանների մոտ։

«Մարդու իրավունքների և զոլյալների հետ համերաշխության ասոցիացիան» (MAZLUMDER) այժմ աշխատանքներ է իրականացնում Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների կրթության իրավունքի խախտումների ուղղությամբ։ «MAZLUMDER»-ը Թուրքիայում լույս տեսնող «Agos» հայկական շաբաթաթերթին փոխանցել է, որ փորձում է հանդիպումներ անցկացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պատկան մարմինների և որոշումից տուժած ընտանիքների հետ:

Հատկանշական է համարվում այն, որ այս զարգացումները տեղի են ունենում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ֆոնին:

 

Աղբյուր՝  Ermenihaber.am/Agos

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել