Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզային քննչական վարչությունը օրերս քրեական վարույթ է նախաձեռնել 19-ամյա մի կնոջ տարօրինակ ցուցմունքի պատճառով։
Ամասիայի հեռավոր գյուղերից մեկում բնակվող 19-ամյա կինը՝ (գյուղի անվանումը չենք նշում՝ ելնելով այն հանգամանքից, որ տեղանքը փոքր է․ գյուղացիները մեկը մյուսին լավ են ճանաչում և անմիջապես գլխի կընկնեն խոսքն ում մասին է) դեռ հունիսի 7-ին Գյումրու ոստիկանության Մուշ բաժին հաղորդում էր ներկայացրել, որ իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարվել։
Իրավապահ մարմիններն անմիջապես ընթացք էին տվել, Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ փաստի առթիվ, սակայն այդ վարույթի շրջանակում պարզվել էր, որ այդ կնոջ նկատմամբ սեռական բռնության դեպք տեղի չի ունեցել, ու նա, թեև տեղեկացված է եղել Քրեական օրենսգրքի «Սուտ մատնություն» հոդվածի մասին․ նրան քննչական մարմնում նախազգուշացվել է, որ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, այդուհանդերձ իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել։
Այս փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 476 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։
Կարդացեք նաև
476 Հոդվածը կոչվում է «Սուտ մատնություն» ու տվյալ կետերով նախատեսում է «պատիժ տուգանքով քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»։


















































