Հռիփսիմե Արեյանը Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի շրջանավարտ է, իսկ այժմ ուսանում է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժնում։ Կրթությունը Հռիփսիմեի համար միշտ եղել է ոչ միայն մասնագիտական առաջընթացի, այլև սեփական ներուժը բացահայտելու և հասարակության համար կարևոր խնդիրների շուրջ ակտիվորեն աշխատելու հնարավորություն։
Համալսարանական կրթությանը զուգահեռ նա ակտիվորեն մասնակցել է արտահամալսարանական տարբեր դասընթացների, կրթական և միջազգային ծրագրերի։ Դրանց թվում են Նիդերլանդների Թագավորության դեսպանատան նախաձեռնած ծրագրերը, ինչպես նաև վերջերս Մեծ Բրիտանիայում անցկացված դասընթացների շարքը։ Հռիփսիմեն, սակայն, չի սահմանափակվում արդեն ձեռք բերած փորձով․ այժմ նա գրանցվել է նաև նոր միջազգային դասընթացների, որոնք հնարավորություն կտան ընդլայնելու իր գիտելիքները, մասնագիտական կապերը և տարբեր միջավայրերում ձեռք բերած փորձը։
Կանանց իրավունքների և հավասարության թեմայի նկատմամբ Հռիփսիմեի հետաքրքրությունը ձևավորվել է դեռևս համալսարանական տարիներին։ «Իմ որոշումը՝ զբաղվել այս ոլորտով, սկիզբ առավ համալսարանում, երբ դասախոսների աջակցությամբ որոշեցի, որ իմ ավարտական աշխատանքը պետք է նվիրված լինի կանանց իրավունքներին և հավասարությանը», – պատմում է նա։ Աշխատանքը Հռիփսիմեն պաշտպանեց բարձր գնահատականով՝ արժանանալով հանձնաժողովի դրական արձագանքին։
Կանանց իրավունքների պաշտպանության հարցում նրա մոտիվացիայի կարևոր աղբյուրներից մեկը նաև հայոց պատմությունն ու դրա էջերում հանդիպող կանանց կերպարներն են։ Նրա համոզմամբ՝ հայ կանայք տարբեր ժամանակներում կարողացել են հաղթահարել իրենց առջև ծառացած սահմանափակումները, ազդեցություն ունենալ հասարակական կյանքի վրա և իրենց գործունեությամբ ապացուցել, որ կնոջ դերը երբեք չի սահմանափակվել միայն ընտանիքով։
Կարդացեք նաև
«Հայոց պատմության էջերում կան բազմաթիվ կանայք, որոնց կյանքն ու գործունեությունը ցույց են տալիս, թե որքան մեծ կարող է լինել կնոջ ներդրումը հասարակության և պետության զարգացման գործում։ Սոսե մայրիկը, Զապել Եսայանը, Դիանա Աբգարը և բազմաթիվ այլ կանայք ինձ համար ոչ միայն պատմական կերպարներ են, այլև ուժի, հաստատակամության և սեփական ճանապարհը ընտրելու օրինակներ», – ընդգծում է Հռիփսիմեն։
Նրա համոզմամբ՝ չնայած հասարակության մեջ կանանց դերի վերաբերյալ պատկերացումների փոփոխությանը, դեռևս պահպանվում են կարծրատիպեր, որոնք սահմանափակում են կնոջ հնարավորություններն ու ընտրության ազատությունը։ Դրանցից է այն տարածված պատկերացումը, թե «կնոջ աշխարհը տունն է, իսկ տղամարդու տունը՝ աշխարհը»։ Հռիփսիմեի համար նման մտածելակերպը ոչ միայն հնացած է, այլև խոչընդոտում է հասարակության ամբողջական զարգացմանը։
«Կանանց իրավունքների ընդլայնումը չի նվազեցնում տղամարդկանց դերը։ Ընդհակառակը՝ այն նպաստում է հասարակության ավելի հավասարակշռված, արդար և զարգացած լինելուն», – ասում է նա։
Իր գործունեության ընթացքում Հռիփսիմեն նույնպես բախվել է քննադատության, սակայն դա չի դարձել հետ կանգնելու պատճառ։ Ընդհակառակը՝ նման իրավիճակները նրա համար ավելի են ընդգծել կանանց իրավունքների, հավասարության և հասարակական իրազեկվածության մասին խոսելու անհրաժեշտությունը։ Նա կարևորում է ոչ միայն սեփական իրավունքների մասին բարձրաձայնելը, այլև գիտելիքի միջոցով այլ կանանց հնարավորությունների ընդլայնումը։
Այն աղջիկներին, ովքեր ցանկանում են ավելի ակտիվ լինել հասարակական կյանքում և պաշտպանել իրենց իրավունքները, Հռիփսիմեն խորհուրդ է տալիս առաջին հերթին կրթվել և ճանաչել սեփական իրավունքները։ «Հնարավորինս շատ կրթվեք, իմացեք ձեր իրավունքները և օգտվեք դրանցից։ Ինքնավստահությունն ու անձնական ուժը մարդու ներքին ընտրության արդյունքն են», – նշում է նա՝ հիշատակելով նաև Էլեոնոր Ռուզվելտի հայտնի խոսքը․ «Ոչ ոք չի կարող քեզ ստիպել ցածր զգալ, եթե դու ինքդ դա թույլ չտաս»։
Հռիփսիմեն իր ուղերձն ունի նաև տղամարդկանց։ Նրա խոսքով՝ կանանց իրավունքների պաշտպանությունը միայն կանանց օրակարգը չէ․ այն հասարակության բոլոր անդամների պատասխանատվությունն է։ Նա տղամարդկանց կոչ է անում հարգել կանանց ընտրությունը, չխոչընդոտել նրանց ինքնադրսևորմանն ու զարգացմանը և աջակցել կանանց իրենց նպատակներին, երազանքներին ու մասնագիտական առաջընթացին հասնելու ճանապարհին։
Ապագայի ծրագրերը Հռիփսիմեն կապում է կրթության, հետազոտության և հասարակական նախաձեռնությունների հետ։ Նա մտադիր է իրականացնել խորքային և կիրառական հետազոտություններ, համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք նպաստում են կանանց սոցիալական վիճակի և հնարավորությունների բարելավմանը, ինչպես նաև կազմակերպել կրթական դասընթացներ կանանց համար։ Նրա նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կանայք ոչ միայն կիմանան իրենց իրավունքները, այլև կունենան անհրաժեշտ գիտելիք, փորձ և գործնական հմտություններ՝ սեփական նպատակներին հասնելու համար։
Հռիփսիմեի համար հավասարությունը պարզապես հասարակական կամ քաղաքական օրակարգի մաս չէ, այլ մարդու հիմնարար իրավունքը։ «Չկա արդարություն, առավել ևս՝ արդար հասարակություն, առանց հավասարության, իսկ հավասարությունը սեռ չի ճանաչում, որովհետև այն յուրաքանչյուր մարդու հիմնարար իրավունքն է», – եզրափակում է Հռիփսիմե Արեյանը։
Արփիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


















































