Կանանց ՔՀԿ-ների միացյալ հայտարարություն՝ կանանց կազմակերպություններին վարկաբեկող և թշնամական դիսկուրսի վերաբերյալ
Վերջին օրերին ականատես ենք լինում հրապարակային հայտարարությունների, ներառյալ տարբեր ԶԼՄ-ներով, որոնք մեղադրում են կանանց կազմակերպություններին՝ պիտակավորելով նրանց իբրև «լուռ», քաղաքականապես կանխակալ կամ ընտրողական՝ կանանց իրավունքների պաշտպանության հարցում:
Նման օրինակ է մայիսի 19-ին CivilNet-ի հրապարակած «Փաշինյանի հանրային պոռթկումների քաղաքականությունը» փոդքասթը:
Կարդացեք նաև
Ըստ երևույթին, քննարկումը պետք է կենտրոնանար վարչապետի հանրային վարքագծի վերլուծության վրա, սակայն հարցազրույցի հենց սկզբում, մեկնաբանն անդրադառնում է քաղաքական թոհուբոհի վերաբերյալ կանանց կազմակերպությունների «լռությանը»։
Մեդիայի այս անդրադարձը մենք դիտարկում ենք այն լայն օրինաչափության մաս, որում քաղաքական ուժերի քննադատությունը արագորեն վերածվում է կանանց կազմակերպությունների անհիմն պիտակավորման և վարկաբեկման։
Նման հայտարարությունները անպատասխանատու, ապակողմնորոշող և վնասակար են։
Կանանց քաղաքացիական հասարակության կազմակերպությունները դեպքերին հրապարակայնորեն արձագանքում են չտրվելով մեդիա ճնշումներին, կուսակցական ակնկալիքներին կամ հանրային պարսավանքից բխող քաղաքական շահարկումներին: Հանրային հաղորդակցության վերաբերյալ որոշումները պայմանավորված են բազմաթիվ գործոններով՝ վերապրողների ինքնավարությամբ, փաստերի ստուգմամբ, անվտանգության նկատառումներով, կազմակերպության առաքելությունով, ռեսուրսներով և ռազմավարությունով։
Իհարկե, լեգիտիմ է չհամաձայնել կազմակերպությունների դիրքորոշման, արձագանքման ժամանակատվածի կամ հայտարարություն չտարածելու որոշման հետ։ Սակայն ինչը լեգիտիմ չէ, այդ անհամաձայնությունն օգտագործել՝ կասկածի տակ դնելով, թե արդյոք կանանց կազմակերպությունները «իրական» քաղաքացիական հասարակություն են, և մեղադրել նրանց անբարեխղճության մեջ, կամ առանց ապացույցների ենթադրել, որ նրանք վերահսկվում կամ լռեցվում են կառավարության, դեսպանատների կամ քաղաքական ուժերի կողմից։
Սա կառուցողական քննադատություն չէ: Սա վարկաբեկում է:
Կանանց կազմակերպությունների մանդատը չի ենթադրում անվերապահ պաշտպանություն տրամադրել բոլոր կանանց, պարզապես նրանց կին լինելու հիմքով: Այստեղ պետք է կարևոր տարանջատում անել. տղամարդու և կնոջ միջև վեճը, կամ անհամաձայնությունն ինքնաբերաբար սեքսիստական կամ հայրիշխանական չէ։ Կարևոր է համատեքստը, իշխանական դինամիկան, օգտագործված բառապաշարը և այն, թե արդյոք իրավիճակն արտացոլում է գենդերային բռնություն, խտրականություն, կառուցվածքային անհավասարություն կամ իրավունքների խախտումներ: Սրանք են այն հիմնախնդիրները, որոնցով զբաղվում են կանանց իրավունքների պաշտպանություն իրականացնող կազմակերպությունները։ Այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք, որ քաղաքական և հանրային գործիչները գործեն պատասխանատվությամբ ու արժանապատվորեն՝ չնորմալացնելով նվաստացուցիչ կամ թշնամական հանրային խոսույթը:
Մեզ մտահոգում է նաև, որ շատ հաճախ քաղաքական կամ մեդիա տիրույթում ներկայացված տղամարդիկ հրապարակայնորեն ցուցումներ են տալիս կանանց կազմակերպություններին, թե երբ խոսել, ինչպես խոսել և ինչ դիրքորոշում ընդունել: Նման «դաստիարակչական» ճնշումը չի ուժեղացնում կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքը: Այն վերարտադրում է իշխանական նույն դինամիկան և գենդերային թշնամանքը, որի դեմ կանանց կազմակերպությունները պայքարում են երկար ժամանակ:
Մենք նաև նկատում ենք այս հարձակումներից շատերի ապշեցուցիչ ընտրողականությունը, կանանց կազմակերպություններից ագրեսիվ կերպով հայտարարություններ պահանջող անհատները սոցիալական մեդիայում, հիմնականում լռում են Հայաստանում կանանց և խոցելի խմբերի վրա ազդող ընտանեկան բռնության, սեռական բռնության, մարգինալացված համայնքների նկատմամբ խտրականության և մարդու իրավունքների այլ համակարգային խախտումների վերաբերյալ: Սա ապացուցում է, որ նրանց մտահոգության իրական կենտրոնում ոչ թե կանանց իրավունքներն են, այլ ֆեմինիստ ակտիվիստներին և կանանց ՔՀԿ-ներին քաղաքականապես թիրախավորելը, վարկաբեկելն ու արժեզրկելը: Մեզ համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ ՍիվիլՆեթը, երկար տարիներ լուսաբանելով կանանց իրավունքները և կանանց կազմակերպությունների աշխատանքը, նման տեսակետ է տարածում:
Հայաստանում կանանց կազմակերպությունները տարիներ շարունակ աշխատել են ահռելի ճնշման ներքո՝ աջակցելով բռնություն վերապրածներին, առաջ մղելով իրավական բարեփոխումներ, փաստագրելով խտրականության դեպքերը, ստեղծելով ծառայություններ և պաշտպանելով կանանց ու մարգինալացված խմբերի՝ հանրային կյանքին մասնակցելու իրավունքը։ Կոնկրետ քաղաքական պահերի շուրջ առաջացած անհամաձայնության պատճառով այս աշխատանքն անտեսելն ու արժեզրկելն անընդունելի է:
Քաղաքացիական հասարակության անկախություն նշանակում է՝ իրավունք որոշելու, թե ինչպես ենք մենք աշխատում, երբ ենք խոսում, ինչ բառապաշար ենք օգտագործում և ինչ ռազմավարություններ ենք ընտրում։ Դա չի նշանակում բեմականացնել զայրույթ ըստ պահանջի:
Հանրային խոսույթը չպետք է նորմալացնի հարձակումները կանանց քաղաքացիական հասարակության վրա զուտ այն պատճառով, որ մենք հրաժարվում ենք համապատասխանել քաղաքական «մաքրության» անհնարին չափանիշներին:
Մենք կոչ ենք անում մեդիայի դերակատարներին, հանրային մեկնաբաններին, քաղաքական գործիչներին և քաղաքացիական հասարակության մեր գործընկերներին դրսևորել պատասխանատվություն՝ առանց խարանելու, գործիքայնացնելու կամ վարկաբեկելու՝ կանանց կազմակերպություններին և ընդհանրապես քաղաքացիական հասարակությանը:
Հայտարարությանը միացել են՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոլաիցիան», «Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան», «Կանանց ռեսուրսային կենտրն» ՀԿ-ն, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն, «Ագաթ» ՀԿ-ն, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն, «Իրավունքի ուժ» ՀԿ-ն, «Փինք» ՀԿ-ն, «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ն, «Կանանց կենտրոն. Շուշի» ՀԿ-ն, «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ն, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն։


















































