ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմության մասին արած հայտարարությանը։
«Ձեր նշած անձնավորությունը ոնց որ անդիաստիարակ, չար, անշնորհք երեխեքից լինի։ Ես այդ մարդուն չեմ ուզում անդրադառնամ, ինքը չի կարողանում տեղը նստի։ Հիմա երևի նորից թիկնապահներ ունի, սկսել է խոսել։ Այս արանքում, որ թիկնապահներ չկային, ծպտունը դուրս չէր գալիս»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Լևոն Քոչարյանը հավելեց․ «Տեսեք՝ ովքեր են նստած ԱԺ նախագահության մեջ, Արամ Վարդևանյանին հանած։ Բոլորն այն մարդիկ են, ովքեր անցած խորհրդարանում աչքի են ընկել կոպիտ, որոշ դեպքերում լկտի ու սխալ պահվածքով։ Ու իրենք հիմա հայտնվել են վերևում։ Հիմա ՔՊ-ի այն նորերը, որ եկել են, իրենք ի՞նչ պետք է ասեն՝ եթե դու այսպիսին ես լինում, հետո կարող ես առաջընթաց ունենալ ու հայտնվել վերևում։ Սա ի՞նչ մեսիջ է, դրա համար իրենց բարեկրթության առաջարկն էլ է կեղծ, մնացած պուպուշ խոսույթը կեղծ է»։
Հարցին՝ եթե իշխանությունը որոշի Տիգրանաշենը հանձնել, ի՞նչ է անելու ընդդիմությունը, Լևոն Քոչարյանը պատասխանեց․ «Տիգրանաշենի հետ կապված մեր հարցերին ոչ մի հստակ պատասխան չէր տրվում, ըստ երևույթին, չեն բացառել, որ այս սահմանազատում կոչվածի հաջորդ փուլը կարող է լինել Տիգրանաշենը»։
Կարդացեք նաև
«Մեր առաջարկը Արարատ Միրզոյանին ու Նիկոլ Փաշինյանին եղել է այն, որ հողի վրա չանենք գործողությունները, մենք ընդհանրապես դեմ չենք սահմանազատմանը, բայց քարտեզի վրա պայմանավորվածություններն ամբողջ գծի երկայնքով ունենանք, հետո նոր հայելային անենք։ Այսինքն՝ եթե մեր պահանջն է, որ իրենք մեր սուվերեն տարածքից պետք է դուրս գան, մենք կոպիտ ասած քցված չպետք է մնանք, որ դուրս գանք այն տեղերից, որտեղից իրենք են ուզում, բայց իրենք դուրս չգան։ Իսկ մենք տեսնում ենք, որ իրենք բոլոր այդ տեղերում ամրաշինական աշխատանքներ են անում ու չեն պատրաստվում դուրս գալ։ Բայց այս բոլոր հարցադրումները պատասխան չեն ունեցել, մի անգամ էլ Նիկոլ Փաշինյանն իմ այս հարցադրմանն ասաց՝ Կիկոսի մահն եք դարձնում։ Թե ինչ ենք անելու Տիգրանաշենի մասով, այս պահին ես պատրաստ չեմ այդ հարցին հստակ պատասխանել, բայց միանշանակ գործողություններ հետևելու են»։
Լևոն Քոչարյանն ասաց, որ 8 տարի հետապնդումների են ենթարկվել, հիմա էլ տեղեկություններ կան, որ իրավապահներն ինչ-որ գործընթաց են նախաձեռնում իրենց դեմ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































