«18 Արդարների» գործով Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթեւիկ Սողոյանն այսօր հրավիրված ասուլիսում, ներկայացնելով ՄԱԿ-ի փորձագետների հետ կառավարության եւ իրենց հաղորդակցության տարբերությունները, բավականին հետաքրքիր օրինակներ բերեց։
«ՄԱԿ-ի փորձագետներն առաջին կարեւոր հարցով կառավարությանն ասում են՝ գնահատեք, թե ինչո՞ւմ են ձեզ մեղադրում հունիսի 12-ի եւ «18 Արդարների» գործերով։ Հունիսի 12-ի գործով ՀՀ կառավարությունը մոտավորապես հետեւյալ պատասխանն է տվել։ Ասում են՝ մենք չէինք բռնություն գործադրում, այդ բռնարարները ցուցարարներն էին։ Ու որպես բռնարարության ամենացայտուն օրինակ ներկայացնում են Բագրատ Սրբազանի խոսքը, իբրեւ Սրբազանը ոստիկաններին կոչ է արել հանել սաղավարտները։ Բացում ենք, թե Սրբազանը ինչ է ասել իրականում։ Ասում է. «Տղաներ, սաղավարտ կրելու կարիք չկա, որովհետեւ ձեզ այստեղ ոչինչ չի սպառնում։ Ուղղակի ասում եմ, քանի որ շոգ է սաղավարտների տակ»։ Եվ այս ամենը կառավարությունը պաշտոնապես ներկայացնում է որպես ապացույց, որ ցուցարարներն են եղել բռնարար»,- ասաց տիկին Սողոյանը։
Իսկ Բագրատ Սրբազանը միտքը շարունակեց՝ հիշեցնելով, որ այդ մասին հետագայում Նիկոլ Փաշինյանն էլ է խոսել. «Ասել է, որ եպիսկոպոսը խոսել է՝ ոստիկաններին համոզելու, որպեսզի սաղավարտները հանեն եւ հետո գնացել, քարանետում է կազմակերպել։ Սա խոսել է խորհրդարանի ամբիոնից։ Եվ սրա համար մենք դատի ենք տվել իրեն։ Ու եթե տեսնեք, թե ինչ են ներկայացրել իր պաշտպանները այդ իմաստով։ Որ Փաշինյանը նկատի չի ունեցել ինձ՝ «արդյո՞ք այնտեղ միայն Բագրատ սրբազա՞նն էր հոգեւորական»։ Ու այդպիսի ստերի մի շարք։ Եվ վերջում, տեսնելով, որ դրանք չեն անցնում, հայցային վաղեմության ժամկետով դատարանը մերժել է մեր հայցը։ Սա է սրանց պատկերը»։
Տաթեւիկ Սողոյանը շարունակեց. «Հետո ասում են՝ ոստիկանությունը բազմաթիվ անգամ, իրենց սիրելի արտահայտությունն է, օրինական պահանջներ են ներկայացրել՝ դրանց չեն ենթարկվել եւ փորձել են ճեղքել ոստիկանական պատը, մտնել հատուկ պահպանվող տարածք։ Մենք ՄԱԿ-ի փորձագետներին ընդամենը մի պատասխան ենք տվել։ Ասում ենք, խնդրում ենք՝ ապացույց ներկայացնել։ Եթե համեմատում ենք մեր եւ կառավարության գրածները, մեր գրեթե ամեն նախադասության վերջում տողատակ կա եւ դրված է մեր կատարած պնդումը հավաստող ապացույցը՝ տեսանյութ, լուսանկար, հայտարարություն, բառացի թարգմանություն եւ այլն։ Եվ ի՞նչ է դրված կառավարության պատասխանների տակ։ Ոչ մի բան։ Ուղղակի՝ հավատացեք մեր ազնիվ խոսքին»։ Սրբազանն էլ ավելացրեց. «Իրենց սիրած՝ հորս արեւը»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































