Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, 2024 թվականի հունիսի 12-ի դեպքերը նկարագրելիս, վկայակոչելով առկա տեսանյութերը, այսօրվա մամուլի ասուլիսում արձանագրեց. «Էլի հիշողության թարմացման կարգով ասեմ։ Տարածված տեսանյութերից շատ հստակ երեւում է, որ ոստիկանությունը մեկ-երկու անգամ իբրեւ թե օրինական պահանջներ ներկայացնելու հայտարարություն է արել։ Բայց դրանից 1-1,5, գուցե, 2 ժամ հետո նոր տեղի են ունեցել բախումները։ Այսինքն, ինչ-որ հերթապահ հայտարարություն են արել, հետո փորձել են դրանով արդարացնել բախումները, թեեւ այդ հայտարարությունից հետո ոչ մի խնդիր չի եղել, եւ ցույցը շարունակվել է իր բնականոն հունով։ Նույն հաջողությամբ կարող էին ասել՝ մի շաբաթ առաջ ենք հայտարարություն արել, թող մարդիկ իմանային, լսեին։
Շատ մարդիկ, որոնք այդ տարածքում են գտնվել բախումների ժամանակ, նույնիսկ այդ հայտարարության պահին ներկա չեն եղել։ Եվ այդ հայտարարությանը հաջորդել է ցուցարարների ծեծը, այդ թվում՝ Աբրահամ Գասպարյանին ոստիկանական շարքերի կողմից գողանալը եւ ծեծելը։ Դրան հաջորդել է Պռոշյան փողոցում մոտ 100-150 անձի անհիմն բերման ենթարկելը։ Սրբազանի պահանջը նաեւ այն էր, որ անհապաղ ազատ արձակեն բերման ենթարկվածներին։ Եվ դրան էլ հաջորդել է կարմիր բերետավորների անմարդկային վերաբերմունքը «Սիրահարների այգում» գտնվող քաղաքացիների նկատմամբ՝ ծեծը, որը քաղաքացիների մոտ վրդովմունք է առաջացրել՝ ստիպելով մտնել «Սիրահարների այգի»։
Բայց նույնիսկ դրանից հետո հստակ տեսագրված երեւում է, թե ինչպես է ամեն ինչ հանդարտվում։ Ոստիկանները դուրս են գալիս «Սիրահարների այգուց», փակում են դարպասները, որին անմիջապես հաջորդում է, կադրերն էլ կան, ինչպես է այն ժամանակվա ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ցուցում տալիս ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանին, վերջինս էլ ցուցում է տալիս շարքային մի ոստիկանի, որ լուսաձայնային նռնակը նետի մարդկանց ուղղությամբ, այդ թվում՝ հավաքված լրագրողների։
Եվ այդ անձը, որ այդ գործով արդեն պետք է ունենար մեղադրյալի կարգավիճակ, մի քանի օր առաջ նոր պաշտոն է ստացել՝ զբաղեցնելով Ռազմական ոստիկանության պետի պաշտոնը»,- արձանագրեց Հովհաննես Խուդոյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

















































