«Ձեր խոսույթի մեջ ներկայացրեցիք այն կոնֆլիկտի հիմքը, որը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբին։ Եվ փորձեցիք ցույց տալ, որ կոնֆլիկտի հիմքերից մեկը նաեւ մեր մոտեցումն էր, մեր հակադրությունը թուրքական իշխանության քաղաքականությանը։ Միեւնույն ժամանակ, այսօր ուրիշ իրավիճակ է՝ ձեր խոսույթը խզում ունի մեր հարեւան երկրի առաջնորդի խոսույթից՝ Իլհամ Ալիեւն այլ բան է խոսում, դուք՝ այլ բան։ Իլհամ Ալիեւը 15 օր առաջ ասում էր, որ մեր երկիրը կապիտուլացվել է։ Ալիեւը մտնում է մեր երկրի ներքին գործերի մեջ, ասում է՝ ատոմակայանը պետք է փակվի։ Ե՞րբ են իրենք վերադարձնելու մեր հողերը Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում։ Երկու տարի է՝ սկսվել է դելիմիտացիայի պրոցեսը, բայց առաջին էտապն ավարտվել է նրանով, որ մենակ մենք ենք տվել։ Ե՞րբ են նրանք վերադարձնելու մեր հողերը, որպեսզի մենք իմանանք, որ չենք քցվել»,- Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Փաշինյանն արձագանքեց․ «Շատ մեծ նորություն բացահայտվեց․ պարզվում է՝ իմ խոսույթը դիսոնանս ունի, բա մինչեւ հիմա ընդդիմության ամբողջ խոսույթը նրա մեջ էր, որ իմ խոսույթը ճշգրիտ նույնական է Ադրբեջանի նախագահի խոսույթի հետ»։
Պատասխանելով ՀՀ օկուպացված տարածքների վերադարձի մասին հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Ես նրա համար եմ ասում՝ Քյարքի, ոչ թե որ ադրբեջանամետ եմ, այլ ես հասկանում եմ, որ եթե կասկածի տակ դրվեն այն քարտեզները, որոնք այսօր գտնվում են խաղաղության իրավական հիմքում, բոլորը կսկսեն կասկածի տակ դնել այդ քարտեզները։ Այդ տարածքները մենք փոխադարձաբար սահմանի երկայնքով կփռենք եւ ճշգրիտ․․․ Մի բան ակնհայտ է՝ ՀՀ տարածքը 29 743 քկմ է լինելու այդ ամենի արդյունքում»։
Կարդացեք նաև
Նարեկ Կարապետյանը հայտարարեց․ «Սիրելի տիգրանաշենցիներ, այսօր վտանգ կա, որ ձեր տները հանձնվելու են Ադրբեջանին։ Մենք պայքարելու ենք դրա համար, բայց դուք էլ օգնեք մեզ, որ պաշտպանենք ձեր տները»։
«Դուք ապացուցեցիք, որ պատերազմի կուսակցություն եք, որովհետեւ հիմա դուք ասացիք, որ պատրաստ եք դրա համար պատերազմ սկսել Ադրբեջանի հետ։ Դուք դրանով ապացուցեցիք, որ չեք ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Եթե դա մերն է, ուրեմն բոլորն էլ կասեն՝ ինչ ռազմական ուժով վերցրել ենք, դա մերն է։ Եվ փակվեց թեման, էլ չեմ ասում՝ դա կբացի նոր ճանապարհ՝ ռազմական ուժով նորից վերցնելու»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































