«Առավոտ» օրաթերթում հաճախ տպագրվում են իրանցի գիտնականների՝ Դոկտոր Աֆսանեհ Ղայիմ (Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի փորձագետ), Դոկտոր Աբբաս Էղբալ Մեհրան (Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի փորձագետ), հայ-իրանական հարաբերությունների ընթացքի եւ ապագայի վերաբերյալ վերլուծությունների թարգմանությունները։
Մարդկության պատմության ընթացքում եզակի դեպք է, երբ երկու հարեւաններ հազարամյակներ կողք կողքի ապրել են ընդհանուր համակեցության պայմաններում, որոշակի ժամանակներում միմյանց նկատմամբ գերիշխանություն ունենալու նկրտումներով, բայց ոչ երբեք միմյանց ոչնչացնելու միտումով։ Այս մոտեցումը մեկ աղբյուր ունի՝ դա պայմանավորված է երկուսի արիականությամբ` արիական ազգեր լինելու հանգամանքով։ Այսինքն, արմատը նույնն է։
Ինչո՞ւ են պատվարժան գիտնականներն այս ամենակարեւոր հանգամանքը անտեսում կամ շրջանցում, դժվարանում եմ ասել, կարող եմ միայն ենթադրություն անել։
Նրանց մոտեցումները հիմնականում արտացոլում են այն պատկերացումները, որոնք պետք է արդեն իրականացված լինեին, սակայն, կարծում եմ, չիրականանալու հիմնական պատճառը եղել են Հայաստանի իշխանությունները, իրենց, ժամանակակից աշխարհի գերտերությունների կարծիքը առաջնային համարելու արատավոր մոտեցումով։ Բայց կա անտեսանելին, հոգեւորը: Որքան էլ մենք, պարսիկները եւ հնդիկները տարբեր կրոններ ենք դավանում, սակայն միմյանց հետ կապված ենք հազարավոր տարիներից եկող արիականությամբ: Մենք, պարսիկները եւ հնդիկները արիացիներ ենք: Եթե մենք կտրվում ենք արիականության հիմքից, բոլոր ենթադրություններն ու կանխատեսումները դառնում են մտավարժանք եւ ժամանակավոր վերլուծություններ, այսօրեական։ Արիականությունն այն աղբյուրն է, որ սնել է այս երկու հինավուրց ազգերին հազարավոր տարիներ ի վեր։
Մեզ՝ հայերիս, որպես արիականության եւ ազնվականության հիմնադիր, հանձինս Հայկ Նահապետի, Աստված ավելի մեծ պատասխանատու է համարում մարդկության ընթացքի համար, որովհետեւ մեզ է պարգեւել մարդկության օրրանը՝ Հայկական Բարձրավանդակը, որտեղ հիմնեց երկրային դրախտը՝ Բյուրակնում, ստեղծեց մարդուն իր նմանությամբ եւ պատկերով, փրկեց ջրհեղեղից՝ Նոյին իր ընտանիքով հանգրվանեցնելով Մասիսի գագաթին, կրկին բազմացրեց մարդկությանը Արարատյան դաշտում եւ հիմնեց իր առաջին քրիստոնեական տաճարը՝ Սուրբ Էջմիածինը։
Այսօր տեղի է ունենում երկու ուժերի՝ Բարու եւ չարի դաժան պատերազմ։ Հանձինս Բարու հանդես է եկել եւ գալիս է հայ ժողովուրդը, իսկ չարի դերում վերջին հազարամյակում եղել է եւ մնում է թուրքը՝ իր տարբեր դրսեւորումներով։ Ես այս երեւույթը անվանում եմ երկու առանցքների պատերազմ՝ արիական առանցքի եւ թուրանական առանցքի։
Արիական առանցքի մաս են կազմում Հայաստանը, Իրանը, Հնդկաստանը եւ Հունաստանը։ Արիական առանցք նշանակում է, որ ձեւավորվում է այն պետությունների համագործակցությունը, որոնք ծագումով արիացիներ են: Ձեւավորվում է Հնդկաստան (Բհարատ՝ վերականգնվել է Հնդկաստանի հին անվանումը)-Իրան-Հայաստան-Հունաստան-Եվրոպա Արիական առանցքը:
Այս երեւույթի՝ առայժմ անտեսանելի, համաշխարհային նշանակությունը ակնհայտ է, որը ոչ միայն ռազմաքաղաքական եւ տնտեսական նշանակություն է ունենալու, այլեւ, ամենակարեւորը՝ հոգեւոր: Այո, տեղի է ունենում արիական ազգերի՝ հայ, պարսիկ, հնդիկ եւ հույն-Եվրոպա (սրանք այն ազգերն են, որոնք արիական ծագում ունեն եւ տարածվել են մարդկության բնօրրանից՝ Հայկական Բարձրավանդակից) միավորումը, եւ այդ միավորումը դառնալու է աշխարհի ապագան որոշող առանցքը: Բնականաբար, որպես Աստուծո ընտրյալ ազգ հայ ժողովուրդն այս առանցքում կարեւորագույն հանգույցն է: Աշխարհը կրկին իր հայացքն ուղղում եւ վերադառնում է իր հոգեւոր կենտրոնին՝ հին աշխարհում Արեւելք, Հաբեթի տուն, Թորգոմի տուն կոչվող Հայաստանին, նրա շուրջը համախմբվելու առաքելությանը:
Թուրանական առանցքը բոլորին հայտնի է։ Դա քոչվոր թյուրքական ցեղերի զառանցանքն է, որի գոյատեւումը մոտենում է մայրամուտին։
Ով քիչ թե շատ ծանոթ է հին աշխարհի պատմությանը, գիտի, որ արիական ցեղերը տարածվել են Հայկական Բարձրավանդակից՝ դեպի, բնականաբար, Պարսկաստան եւ Հնդկաստան, եւ դեպի Հունաստան (չպետք է մոռանանք, որ մենք եւ հույները հազարավոր տարիներ հարեւաններ՝ դրացիներ ենք եղել, որը հույսով ենք՝ Աստուծո ողորմածությամբ առաջիկայում կվերականգնվի)-Եվրոպա։
Ահա այստեղ է, որ մեր հարգարժան գիտնականները մատնանշելով մեր անցյալի ժառանգությունը, ուղղակի չեն շեշտադրում դրա հիմքը, ես հասկանում եմ, թե ինչու, որովհետեւ նրանք քաղաքագետ-գիտնականներ են, զգուշավոր։ Սակայն գիտությունը պահանջում է նաեւ խիզախություն, որպեսզի ներկայացվի այն, որը բացահայտ ճշմարտություն է։
Ես արիական առանցքի պետությունների համագործակցության եւ միություն կազմելու խնդրին անդրադարձել եմ եւ իմ հարցազրույցներում «Առավոտ» օրաթերթում եւ հոդվածներում, եւ գրքում (Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն, «Ապագա Հայաստանի տեսլականը», Երեւան, 2026), որը տպագրվել է օրերս։
Այս առանցքը նյութականացված տեսքով նշանակում է Հնդկաստանը՝ Հնդկական օվկիանոսը Պարսից ծոցով՝ Իրան-Հայաստան-Սև ծով կապել Եվրոպայի հետ:
Նշյալ երկրների համագործակցությունը, համակցությունը վեր է ածվելու հոգեւոր-մշակութային, տնտեսաքաղաքական եւ ռազմաքաղաքական միության, որի կենտրոնական կայանատեղին հաստատվելու է Հայաստանում:
Այո, այդ առանցքը ապագա աշխարհի շարժիչ ուժն է լինելու։ Այդ առանցքի երկրների միությամբ հիմնվում է երեք կրոնների՝ քրիստոնեական, մահմեդական եւ հինդու միավորումը, նույն արժեհամակարգով՝ արիականության, համագործակցություն, որը եւ բերելու է Բարու հաղթանակին եւ մարդկության Աստվածային արժեհամակարգային զարթոնքին եւ վերելքին։
Իհարկե, ներկայիս նյութականացված աշխարհում, որտեղ մարդկության մեծամասնությունը հեռու է Աստուծուց, նրան ընկալելի չէ հոգեւորի առաջնայնությունը, բայց չէ՞ որ Աստված չի շարժվում մարդկանց ցանկությամբ, այլ իր Աստվածային ծրագրերով: Որքան էլ Ռուսաստանը եւ իր եղբայրակից Թուրքիան եւ Բաքվի խանությունը եւ այլ չարի կենտրոններ փորձեն խափանել Արիական առանցքի ձեւավորումը, դա նրանց չի հաջողվելու, որովհետեւ ժամանակը մոտենում է իր լրումին Հայոց համար:
Այս առանցքի կայացման խնդիրը լուծվելու է Հայաստանում, երբ Հայաստանը վերածվի քրիստոնեական արժեքներով պետության, երբ պետության հզորություն ասելով այլեւս նկատի է առնվելու առաջինը պետության հոգեւոր հզորությունը, իսկ տնտեսական կամ այլ արժեքները ընդամենը ածանցյալ են հոգեւոր արժեքներից, հոգեւոր հզորությունից։
Տէր Աստված, պահիր, պահպանիր եւ Քո արդարությունը հաստատիր երկրումս Հայոց։
Տէր Աստված, Քո առաջ խոնարհվող եւ Քո պատվիրաններով առաջնորդվող իշխանություն տուր ազգիս Հայոց։
Մեխակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.08.2026


















































