Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պուտինյան ճգնաժամը

Օգոստոս 27,2026 11:00 Share

Հանրաքվեի անցկացման վերջնագիր, տնտեսական ճնշումներ. ի՞նչ է ուզում Մոսկվան եւ ի՞նչ անել

 Մոսկվան Հայաստանին դրդո՞ւմ է ԵԱՏՄից դուրս գալու որոշման

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կողմերի միջեւ հակասություններն այլեւս չեն սահմանափակվում առանձին քաղաքական կամ տնտեսական խնդիրներով։ Դրանք արդեն տեղափոխվել են Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման շուրջ դիմակայության դաշտ։ Մոսկվան Երեւանից պահանջում է հստակեցնել՝ արդյոք Հայաստանը շարունակելու է մնալ Ռուսաստանի առաջնորդած տնտեսական եւ անվտանգային կառույցների կազմում, իսկ Երեւանը, միաժամանակ պահպանելով ԵԱՏՄ-ին անդամակցության մասին հավաստիացումները, հրաժարվում է Ռուսաստանի կողմից սահմանվող ժամկետներով որոշումներ ընդունելու տրամաբանությունից։

Այս համատեքստում հստակ էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի վերջերս հնչեցրած հայտարարությունը, ըստ որի՝ ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչեւ դեկտեմբեր հանրաքվե կանցկացնի։ Ավելին՝ Մոսկվան արդեն ոչ միայն պահանջում է հանրաքվե, այլեւ փորձում է նախապես ձեւակերպել դրա հարցը։ Ռուսաստանի առաջարկած տարբերակով ՀՀ քաղաքացիներին ոչ թե պետք է պարզապես հարցնել՝ «ցանկանո՞ւմ եք ԵՄ-ում լինել», այլ անհրաժեշտ է հստակ հարցնել՝ «պատրա՞ստ են արդյոք հրաժարվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից՝ ԵՄ-ին միանալու դեռեւս ոչ հստակ հեռանկարի դիմաց»։ Այսպիսով, Մոսկվան փորձում է Հայաստանին ներքին քաղաքական օրակարգ պարտադրել։

Միեւնույն ժամանակ, ռուսական կողմի ձեւակերպումներից ակնհայտ է դառնում, որ հարցը դիտարկվում է ոչ միայն Հայաստանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման, այլեւ ԵԱՏՄ-ի կազմում նրա հետագա անդամակցության տեսանկյունից։ Գալուզինի խոսքով՝ դեկտեմբերին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում պետք է քննարկվի Հայաստանի մասնակցության դադարեցման հնարավոր հետեւանքների վերաբերյալ զեկույցը։ Այսինքն, հանրաքվեն այլեւս ներկայացվում է որպես իրադարձություն, որով կարող է որոշվել Հայաստանի եւ ԵԱՏՄ-ի հարաբերությունների հետագա ճակատագիրը։

Ինչո՞ւ է Ռուսաստանը հենց հիմա այսպիսի շեշտադրումներ անում եւ ինչո՞ւ է պահանջում հանրաքվե։ Մի տարբերակն այն է, որ Մոսկվան ուղղակի ցանկանում է Հայաստանին հասցնել ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման։ Սակայն սա միայն հնարավոր բացատրություններից մեկն է։ Հավանական է, որ Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը միաժամանակ մի քանի նպատակ է հետապնդում։ Նախ՝ Մոսկվան ցանկանում է կանխել Հայաստանի եվրոպական ինտեգրման խորացումը։ Երկրորդ՝ փորձում են Հայաստանի իշխանություններին եւ հասարակությանը ցույց տալ, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը կունենա կոնկրետ տնտեսական եւ քաղաքական գին։ Երրորդ՝ հանրաքվեի պահանջով Ռուսաստանը փորձում է հարցը տեղափոխել Հայաստանի ներքաղաքական դաշտ՝ դարձնելով այն ոչ միայն ՀՀ իշխանություն-Մոսկվա, այլեւ իշխանություն-հասարակություն հարաբերությունների խնդիր։

Այս առումով ուշագրավ է Մոսկվայի առաջարկած հանրաքվեի հարցի ձեւակերպումը։ Եթե հարցը դրվեր պարզապես «ցանկանո՞ւմ եք արդյոք, որ ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին», ապա այն կարող էր ընկալվել որպես եվրոպական ուղղության վերաբերյալ հասարակական կարծիքի հստակեցում։ Սակայն ռուսական առաջարկով շեշտը դրվում է այն բանի վրա, թե քաղաքացիները պատրա՞ստ են հրաժարվել ԵԱՏՄ-ից՝ հանուն ապագա եւ դեռեւս ոչ երաշխավորված եվրոպական հեռանկարի։ Այս ձեւակերպմամբ՝ ընտրության տնտեսական եւ անվտանգային ռիսկերը նախապես դրվում են մեկ նժարի վրա։ Հետեւաբար, Մոսկվայի նպատակը կարող է լինել ոչ միայն հանրաքվեի անցկացումը, այլեւ այնպիսի հանրաքվեի անցկացումը, որի հարցադրումն ինքնին ազդելու է ընտրողի ընկալման վրա։

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ներկայիս դիրքորոշման մեջ կա մի էական հակասություն, որը հնարավոր չէ շրջանցել։ Երբ 2013-ին Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու որոշման մասին, Մոսկվան Հայաստանի հասարակությունից նման հանրաքվե չէր պահանջում։ Այն ժամանակ Հայաստանի արտաքին տնտեսական կողմնորոշման փոփոխությունը տեղի ունեցավ իշխանության որոշմամբ՝ առանց հասարակությանը նույնպիսի երկընտրանքի առաջ կանգնեցնելու պահանջի։ Այսօր, սակայն, ՌԴ-ն ՀՀ իշխանություններից պահանջում է համաժողովրդական քվեարկություն, սահմանում է դրա ենթադրյալ ժամկետներն ու նույնիսկ՝ ձեւակերպումը, թե ինչ պետք է հարցնել հասարակությանը։ Մոսկվայի ներկայիս պահանջները դժվար է բացատրել միայն «ժողովրդի կամքը պարզելու» մղումով։ Ներկայիս պահանջը առավելապես քաղաքական գործիք է, քան զուտ իրավական կամ ժողովրդավարական պահանջ։

Փաշինյանի պատասխանները եւս ուշագրավ էին։ Նա ասում է, որ հանրաքվե կնշանակվի միայն, երբ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության դիմումը պաշտոնապես կմուտքագրվի, իսկ մինչ այդ Երեւանը մտադիր չէ լքել ԵԱՏՄ-ն։ Ընդհակառակը՝ նա վերահաստատում է, որ ԵԱՏՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այսինքն, Երեւանը փորձում է պահպանել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության համար այդ շուկայի նշանակությունը։ Հայկական կողմի պնդմամբ՝ ԵԱՏՄ-ից անդամ պետությանը հեռացնելու ընթացակարգ չկա, եթե գործը հասնի դրան, Հայաստանն ինքը պետք է նման քայլ նախաձեռնի։

Փաշինյանի գլխավոր ուղերձն այն է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը դեռեւս չի նշանակում անմիջապես ԵԱՏՄ-ից հեռացում։ Այսպիսով, Երեւանը փորձում է պահպանել որոշակի միջանկյալ վիճակ՝ չհրաժարվել ԵԱՏՄ-ից, բայց նաեւ չփակել եվրոպական ուղղության ճանապարհը։

Այս միջանկյալ վիճակը երկարաժամկետ հեռանկարում կարող է էլ ավելի լարել իրավիճակը։ Եթե Հայաստանը շարունակի մնալ ԵԱՏՄ-ում՝ առանց եվրոպական ուղղությունից հրաժարվելու, Մոսկվան շարունակելու է տնտեսական եւ քաղաքական ճնշումների գործադրումը՝ պահանջելով վերջնական ընտրություն։

Այդ ճնշման առաջին իրական դրսեւորումներն արդեն իսկ տեսանելի են։ Հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումները կիրառվում են այն ժամանակ, երբ հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար ռուսական շուկան առանձնահատուկ նշանակություն ունի։ Արգելված արտադրանքի տեսականին ընդլայնվել է, իսկ հայկական արտադրողները ստիպված են նոր շուկաներ փնտրել՝ կորցնելով ռուսական բազմամիլիոնանոց սպառողական շուկայի մի մասը։

Սա արդեն Հայաստանի համար ոչ միայն արտաքին քաղաքական, այլեւ տնտեսական անվտանգության խնդիր է։ ԵԱՏՄ անդամակցության կարեւորագույն հիմնավորումներից մեկը հենց միասնական շուկայի տրամաբանությունն է։ Եթե այդ շուկայի ամենախոշոր անդամը քաղաքական պատճառներով սահմանափակում է մեկ այլ անդամի ապրանքների մուտքը, ապա առաջանում է հարց՝ որքանո՞վ է գործում տվյալ ինտեգրացիոն կառույցը իր իսկ հռչակած կանոններով։

Փաշինյանի՝ հուլիսի վերջին հնչեցրած հայտարարությունը՝ եթե խնդիրը արագ չլուծվի, դա կարող է դառնալ ԵԱՏՄ-ի «վերջի սկիզբը», հենց այս հակասության մատնանշումն էր։ Սակայն մի քանի շաբաթ առաջ Փաշինյանի հռետորաբանությունը որոշ չափով մեղմացավ, ԵԱՏՄ-ն այլեւս չներկայացվեց որպես ամբողջությամբ կաթվածահար կառույց։ Փոխարենը նա խոսեց միասնական շուկայի լիարժեք չգործելու եւ վարչական սահմանափակումների մասին։

Այս իրավիճակում Հայաստանի համար հատկապես վտանգավոր է այն հանգամանքը, որ տնտեսական եւ քաղաքական ճնշումներն արդեն փոխկապակցված են։ Եթե ռուսական շուկայի սահմանափակումները խորանան, Հայաստանի տնտեսության առանձին ոլորտներ կարող են լուրջ կորուստներ կրել։ Դա հատկապես զգայուն է գյուղատնտեսության եւ այն արտադրողների համար, որոնց արտահանման մոդելը երկար տարիներ կառուցված է եղել ռուսական շուկայի վրա։ Միաժամանակ, եթե Հայաստանը ստիպված լինի շատ արագ փոխարինել այդ շուկաները, նոր ուղղությունների ստեղծումը կարող է պահանջել ժամանակ, ներդրումներ եւ համապատասխան ստանդարտների ու լոգիստիկ համակարգերի ապահովում։

Հետեւաբար, Հայաստանի հիմնական խնդիրը ոչ թե պարզապես «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» ընտրությունն է, այլ այն, թե ինչպես կարելի է արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության հնարավոր գործընթացը իրականացնել այնպես, որ երկրի տնտեսությունը չհայտնվի մեկ շուկայի կորուստից առաջացած ցնցումների մեջ։

Օգոստոսի 24-ին խորհրդարանի ամբիոնից Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առաջիկայում կսկսի ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը, հավելելով, որ Եվրամիությանն անդամակցության շուրջ հանրաքվեն պետք է անցկացնել, ոչ թե գործընթացի մեկնարկին, այլ երբ արդեն առկա կլինի հստակ ճանապարհային քարտեզ. «Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց եւ գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»: Նա նաեւ նկատել է. «Ես վստահ եմ, Հայաստանում անպայման տեղի կունենա ԵՄ-ին անդամագրվելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե։ Խնդիրը ժամկետներն են, բայց ժամկետը ոչ միայն կազմակերպչական կարեւորություն ունի, այլեւ բովանդակային»։

ՀԱՊԿի հարցում հարաբերությունները մոտեցել են բաժանման կետին

Առանձնահատուկ է նաեւ ՀՀ-ին ՀԱՊԿ-ի անդամակցության հարցը։ Եթե ԵԱՏՄ-ի դեպքում Հայաստանը դեռեւս պաշտոնապես հայտարարում է անդամակցության շարունակականության մասին, ապա ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն արդեն փաստացի սառեցված են։ Հայաստանը չորրորդ տարին չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, 2024-ից պաշտոնապես սառեցրել է անդամակցությունը եւ հրաժարվել է կազմակերպության գործունեության ֆինանսավորումից։ Պատճառը՝ 2022-ի ադրբեջանական հարձակումից հետո ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի ակնկալած քաղաքական եւ անվտանգային աջակցության բացակայությունն է։

Հիմա Մոսկվան ՀԱՊԿ-ի հարցում եւս անցել է կոշտ քաղաքական գծի։ ՌԴ իշխանության ներկայացուցիչները պարբերաբար հիշեցնում են Հայաստանի անդամավճարի պարտավորության մասին եւ խոսում են ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ նախատեսված միջոցների կիրառման հնարավորության մասին։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանին կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքից զրկելու մասին է։

Սակայն այստեղ եւս կարեւոր հանգամանք կա։ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու պաշտոնական որոշում չի ընդունել։ Փոխարենը ստեղծվել է մի իրավիճակ, երբ անդամակցությունը իրավական իմաստով կա, սակայն դրա քաղաքական եւ գործնական բովանդակությունը վերացել է։ Երեւանը չի մասնակցում աշխատանքներին, չի վճարում անդամավճարը եւ բացահայտ ասում է, որ իր դիրքորոշումը չի պատրաստվում փոխել։ Փաշինյանն էլ հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ անդամները որոշեն հեռացնել Հայաստանին, Երեւանը դա պարզապես կընդունի ի գիտություն։

Օգոստոսի 24-ին Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ առաջիկա 5 տարում ՀՀ-ն ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չունի. «Կարող եմ վստահ ասել՝ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու», ապա նաեւ հավելեց. «Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի հեռացնել Հայաստանին ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»։

Այսպիսով, Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում ձեւավորվել է յուրահատուկ իրավիճակ․ ՀԱՊԿ-ի մասով հարաբերությունները փաստացի մոտեցել են բաժանման կետին, իսկ ԵԱՏՄ-ի հարցում դեռ պահպանվում է որոշակի երկիմաստությունը։

Լավագույն տարբերակը՝ դիվերսիֆիկացումն է

Հայաստանի համար այս իրավիճակի ամենամեծ վտանգը ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն է, այլ այն, որ այդ վատթարացումը կարող է տեղի ունենալ առանց Հայաստանի կողմից նախապես պատրաստված այլընտրանքների։

Եթե Մոսկվան շարունակի սահմանափակել հայկական ապրանքների մուտքը երկիր, ապա տնտեսական հետեւանքները կարող են աստիճանաբար խորանալ։ Եթե ԵԱՏՄ-ի մակարդակով սկսվեն Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման կամ սահմանափակման վերաբերյալ գործնական քայլեր, Հայաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ իր արտաքին քաղաքական ընտրությունը կձեւավորվի ոչ թե ամբողջությամբ սեփական օրակարգով, այլ արտաքին ճնշումների հետեւանքով։

Հետեւաբար, Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր սցենարների։ Եթե ՀՀ իշխանությունները ցանկանում են, որպեսզի ՀՀ-ն պահպանի ԵԱՏՄ անդամակցությունը, պետք է հասնեն նրան, որ Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումները վերացվեն եւ կառույցի կանոնները գործեն բոլոր անդամների համար։ Եթե, մյուս կողմից, եվրոպական ուղղությունը պետք է խորանա այնքան, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն այլեւս անհամատեղելի դառնա այդ գործընթացի հետ, ապա Հայաստանը պետք է նախապես պատրաստի շուկաների դիվերսիֆիկացման, արտահանման, էներգետիկայի, տրանսպորտի եւ անվտանգության այլընտրանքային մեխանիզմներ։

Այստեղ է, որ առավել կարեւոր է դառնում Փաշինյանի բազմիցս հնչեցրած՝ «այլընտրանքներ ունենալու» գաղափարը։ Նախկինում Հայաստանի անվտանգության եւ տնտեսության զգալի հատվածը կառուցված էր մեկ կենտրոնի հետ հարաբերությունների վրա։ Ներկայիս ճգնաժամը ցույց է տալիս այդ մոդելի վտանգավորության աստիճանը. մեկ կախվածությունը մյուսով փոխարինելը նույնպես լուծում չէ։

Հայաստանի համար լավագույն տարբերակը՝ դիվերսիֆիկացումն է Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի եւ այլ գործընկերների հետ։ Այսինքն, հարաբերությունների զարգացում՝ առանց մեկ ուղղությունից անմիջապես մյուսին տեղափոխվելու տրամաբանության։ Սա հատկապես կարեւոր է այն պատճառով, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը սահմանափակում է արտաքին քաղաքական մանեւրի հնարավորությունները, իսկ անվտանգության եւ տնտեսական հարցերը փոխկապակցված են։

Այս տեսանկյունից Մոսկվայի հանրաքվեի պահանջին Երեւանի պատասխանը պետք է մնա նույնքան հստակ՝ Հայաստանի ինքնիշխան որոշումների ժամկետներն ու բովանդակությունը որոշում է Հայաստանը։ Սակայն այդ սկզբունքը պետք է լրացվի գործնական քաղաքականությամբ, ինքնիշխանության մասին հայտարարությունները բավարար չեն, եթե երկիրը պատրաստ չէ դրա տնտեսական հետեւանքներին։

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս ճգնաժամը, հետեւաբար, արդեն վաղուց դուրս է եկել երկու կառավարությունների միջեւ տարաձայնության շրջանակից։ Այն Հայաստանի արտաքին քաղաքական մոդելի վերանայման գործընթացում է։ Ռուսաստանը հստակություն է պահանջում ՀՀ-ից, ժամկետներ է սահմանել։ Երեւանն իր հերթին փորձում է հնարավորինս երկար պահպանել մանեւրելու տարածքը։ Ու հիմա հիմնական հարցն այն է, թե որքան երկար հնարավոր կլինի պահպանել այս իրավիճակը։

Եթե Մոսկվայի ճնշումները շարունակվեն՝ այսօրվա միջանկյալ վիճակը կարող է աստիճանաբար դառնալ անկայուն ու նոր խնդիրներ առաջացնել Հայաստանի համար։ Այդ դեպքում ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ ընտրությունը կարող է այլեւս չհանդիսանալ քաղաքական բանավեճի վերացական հարց, այլ արդեն կդառնա գործնական անհրաժեշտություն։ Ընտրությունը Հայաստանի համար պետք է կատարվի ոչ թե Ռուսաստանի վերջնագրերի, այլ սեփական հաշվարկի հիման վրա։

Որքան ավելի կոշտ է դառնում ռուսական «ընտրության» պահանջը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանի համար նախկին՝ մեկ ուղղության վրա հիմնված արտաքին քաղաքական համակարգն այլեւս չի կարող նույն կերպ շարունակվել։

Հայաստանի շահը ոչ թե Ռուսաստանից պաշտոնապես հեռանալն է կամ Եվրոպա շտապելը, այլ այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց պարագայում որեւէ արտաքին կենտրոն չի կարող Հայաստանին վերջնագրեր ներկայացնել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ ոչ միայն քաղաքական կամք, այլեւ տնտեսական, անվտանգային եւ դիվանագիտական իրական այլընտրանքներ։

Հետեւաբար, առաջիկա ամիսների հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե Մոսկվայի սահմանած դեկտեմբերյան ժամկետին հասցնել-չհասցնելու հարցը, այլ Հայաստանի կողմից սեփական ժամկետների եւ սեփական օրակարգի ձեւավորումը։

Եթե Հայաստանը կարողանա այդ ընթացքում նվազեցնել իր միակողմանի կախվածությունները, նոր շուկաներ ձեւավորել, ամրապնդել անվտանգային կապերը եւ հստակեցնել ԵՄ-ի հետ հարաբերությունների իրական հեռանկարը, ապա հանրաքվեի կամ ԵԱՏՄ-ի ապագայի հարցն այլեւս չի լինի արտաքին ճնշման պայմաններում կատարվող ընտրություն։ Այն կդառնա Հայաստանի քաղաքացիների եւ պետության ինքնուրույն ռազմավարական որոշումը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել