Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսափելի ալերգիկ ռեակցիա կարող է զարգանալ անգամ ամբողջ կյանքում մեղվապահությամբ զբաղվող մարդու մոտ․ Արմինե Հակոբյան

Օգոստոս 28,2026 09:30 Share

Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք Հերացի հիվանդանոցային համալիրի Կլինիկական իմունոլոգիայի և Ալերգոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանի հետ՝ անդրադառնալով միջատների, մասնավորապես մեղուների խայթոցների պատճառով առաջացող ալերգիկ ռեակցիաներին և դրանց արձագանքելու հնարավորություններին։

-Բժշկուհի Հակոբյան, վերջերս տեղի ունեցած մի քանի դեպքերը, որոնցից մեկը, ցավոք, մահվամբ ավարտվեց, առիթ դարձան միջատների խայթոցներին անդրադառնալու․ ի՞նչ պետք է իմանան մարդիկ միջատների խայթոցների պատճառով առաջացած ալերգիկ ռեակցիաների մասին։

-Սկսենք նրանից, թե որ միջատները կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, այդ թվում` վտանգավոր, ու որոնք՝ ոչ, քանի որ ամեն միջատի խայթ չէ, որ ալերգիկ ռեակցիա է առաջացնում, թեև հիմա շատերն են ցանկացած միջատի կծածից վախենում ու հաճախ դիմում բժշկի։

Եկեք տարբերակենք նախ միջատները, ապա՝ ալերգիկ ռեակցիան նորմալ ռեակցիայից և տոքսիկ ռեակցիայից։ Ալերգիկ ռեակցիա չեն առաջացնում հետևյալ միջատները՝ կարիճը, սարդը, թեև օձը միջատ չէ, բայց օձն էլ ներառենք այս ցանկում՝ ի պատասխան հաճախ հնչող հարցերի։

Նրանց խայթը երբեք չի առաջացնում ալերգիկ ռեակցիա, այլ առաջացնում է կա՛մ տեղային, կա՛մ տոքսիկ ռեակցիա։ Մոծակի խայթը ևս չի առաջացնում ալերգիկ ռեակցիա, սակայն եզակի դեպքեր են լինում, երբ մոծակների՝ շատ կծելու հետևանքով երկրորդային ալերգիկ ռեակցիա է զարգանում։ Մեկ այլ խմբում են փայտոջիլները, որոնց բազմաթիվ խայթոցները ևս կարող են երկրորդային ալերգիկ ռեակցիայի բերել։

Խայթելու դեպքում ռեալ ալերգիկ ռեակցիա կարող են առաջացնել այս միջատները՝ մեղուն, բոռը՝ վերջինիս ընտանիքից, կրետը։ Կա նաև ալերգիկ ռեակցիա  առաջացնող մրջյունների մի տեսակ, որը Հայաստանում չկա և հանդիպում է ջունգլիներում։

Ինչպես արդեն ասացի, վերոհիշյալ 2-3 տեսակի միջատների խայթը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, այդ թվում՝ ծանր ալերգիկ ռեակցիաներ՝ ընդհուպ մինչև անաֆիլաքսիա և մահ։

-Ինչպե՞ս տարբերակել ալերգիկ ռեակցիան սովորական ռեակցիայից։

-Այս միջատների կողմից խայթվելիս գրեթե 60-70 % դեպքերում առաջանում է տեղային ռեակցիա՝ այտուց, կարմրություն, քոր։ Տարբեր մարդկանց մոտ այդ տեղային ռեակցիան կարող է տարբեր լինել, սակայն պետք չէ դա միանգամից գնահատել որպես ալերգիկ ռեակցիա, և շատ անգամ, երբ մեզ դիմում են՝ ասելով՝ ո՞նց անենք, որ շուտ անցնի, մենք պատասխանում ենք, որ տվյալ՝ նորմալ ռեակցիայի դեպքում ոչինչ չենք կարող անել, պարզապես պետք է սպասել։

2-րդ ռեակցիան տեղային, ալերգիկ այն ռեակցիան է, որն ավելի մեծ մակերես է ընդգրկում, տարածվում է ու ապաքինումն ավելի երկար է տևում․ դա արդեն մի քիչ վտանգավոր է, որովհետև կարող է նախադրյալ ստեղծի, որ հաջորդ ռեակցիան արդեն լինի համակարգային։

Համակարգային ռեակցիան կարող է զարգանալ ընդհանուր շնչառական դժվարությամբ, խզզոցների, մարմնի կարմրության, ցանի, այտուցների առաջացմամբ, իսկ ամենածանր ձևը զարկերակային ճնշման անկումն է, անաֆիլաքսիան, որի դեպքում եթե միջոցառումներ չձեռնարկվեն, կյանքին սպառնացող վիճակ կստեղծվի՝ ընդհուպ մինչև մահվան հանգեցնելով։

-Իսկ ովքե՞ր են ռիսկի խմբում։

-Առաջին տեղում մեղվապահներն են․ ընդհանրապես ալերգիան զարգանում է, երբ անձը մի քանի անգամ հանդիպում է այդ ալերգենին։ Քանի որ մեղվապահներն ամենաշատն են ենթարկվում մեղուների խայթոցներին, նրանց շրջանում մեծ է հավանականությունը սենսիբիլիզացիայի զարգացման, այսինքն՝ ալերգիկ ռեակցիայի առաջացման։

-Այս հարցն ինձ համար իրապես պարադոքսալ է, քանի որ թվում է, թե եթե մարդը հարյուրավոր անգամներ առանց որևէ բարդության առնչվել է մեղուների խայթի հետ, պետք է որ ապագայում էլ խնդիր չունենա։

-Դա իսկապես կապ չունի, մարդը կարող է ամբողջ կյանքում զբաղվել մեղվապահությամբ, բայց 80 տարեկանում նրա մոտ առաջին անգամ սարսափելի ալերգիկ ռեակցիա զարգանա, քանի որ նրա մոտ արդեն կա սենսիբիլիզացիա։ Իհարկե, դա ոչ բոլոր մեղվապահներին է վերաբերվում, բայց այդպիսի ռեակցիայի զարգացման հավանականությունը նրանց դեպքում մեծ է։ Ես ձեզ ասեմ, որ իմ հայրը ևս զբաղվում է մեղվապահությամբ, իհարկե, սիրողական մակարդակի, և չեք պատկերացնի, թե ինչ քանակի մեղուներ են իրեն խայթում, ու ինքս ամեն անգամ սարսափում եմ՝ մտածելով, թե ինչ ռիսկի է նա ենթարկվում այդպիսով։ Թեև, փառք Աստծո, դեռևս ոչ մի ռեակցիա չի զարգացել իր մոտ։

-Հնուց եկած մի համոզմունք կա, որ մեղվի թույնը շատ օգտակար է, և ինձ հայտնի են դեպքեր, երբ մարդիկ հատուկ են այնպես անում, որ մեղուն խայթի իրենց կամ իրենց մտերիմներին՝ առողջական նկատառումներից ելնելով։

-Անկեղծ ասած, ես շատ եմ փնտրել, բայց չեմ գտել որևէ ապացույց օրգանիզմի համար հենց խայթի միջոցով ստացված մեղվի թույնի օգտակարության վերաբերյալ։ Բայց որ ինչքան շատ մարդուն կծեն, այդքան կբարձրանա նրա մոտ ալերգիկ ռեակցիայի զարգացման հավանականությունը, փաստ է ու՝ շատ վախենալու, դրա համար բոլոր մեղվապահներին կոչ եմ անում՝ մի՛ թույլ տվեք, որ մեղուները ձեզ խայթեն արհեստականորեն, մեղուների հետ աշխատելիս մաքսիմալ պաշտպանե՛ք ձեզ։

– Արդյո՞ք ցանկացած մարդու մոտ կարող է մեղվի խայթից ալերգիկ ռեակցիա զարգանալ։

-Այո, ցանկացած մարդու մոտ 2-3 խայթից հետո կարող են զարգանալ այն բոլոր ախտանշանները, որոնք թվարկեցի վերևում, և այստեղ չկա ժառանգական նախատրամադրվածություն, և մենք չենք կարող ասել, թե խայթվելու դեպքում օրգանիզմն ինչպիսի ռեակցիա կտա։

Միայն այստեղ կուզեմ առանձնացնել մաստոցիտոզ կոչվող համակարգային հիվանդությունն ունեցող անձանց․ այս հազվադեպ հիվանդությունն ունեցող պացիենտների մոտ և՛ խայթն է առաջացնում անաֆիլաքսիա, և՛ որոշ դեղերի ընդունումը, թեև նրանց մոտ առանց ակնհայտ պատճառի էլ կարող է անաֆիլաքսիա զարգանալ։

-Իսկ արդյո՞ք մեկ անգամ զարգացած ծանր ռեակցիան հաջորդ անգամ նույնպես կարող է կրկնվել, կամ առավել բարդ ընթացք ունենալ։

-Այո՛, եթե մի քանի անգամ միջատը խայթել է, ռեակցիան տեղային է եղել, մեկ այլ անգամ խայթելուց հետո առաջացել է մաշկի կարմրություն, ցանավորում և մաշկի մակերեսի մեծ ներգրավվածություն, դա արդեն ահազանգ է, որ հաջորդն ավելի ծանր կարող է լինել, ընթանալ զարկերակային ճնշման անկմամբ՝ ստեղծելով կյանքին սպառնացող վիճակ։

Ուրախալի է, որ  Հայաստանում մենք ունենք լաբորատորիաներ ու բավականին ճշգրիտ ախտորոշման հնարավորություն, ինչը թույլ է տալիս մարդուն, որի մոտ նախկինում ռեակցիա է առաջացել, հետազոտել ու հասկանալ՝ տվյալ մարդու մոտ կարո՞ղ է հետագա խայթերի դեպքում զարգանալ համակարգային, ավելի ծանր ալերգիկ ռեակցիա, թե՞ ոչ, կամ եթե արդեն նրա մոտ համակարգային ռեակցիա եղել է, դա ալերգիկ բնույթ ունեցե՞լ է, թե՞ ոչ։

-Եթե հաստատվում է, որ մարդն ունի նման հակվածություն, կամ եթե հաստատ չգիտի, բայց միջատի կողմից խայթվելու ռիսկի խմբում է, ի՞նչ է պետք անել համակարգային ռեակցիայից խուսափելու համար։

– Եթե հաստատվում է, որ մարդու մոտ զարգացել է համակարգային ռեակցիա, կամ եթե նա գտնվում է ռիսկի խմբում, մենք նրան խորհուրդ ենք տալիս իր մոտ ունենալ ադրենալին, սովորեցնում ենք՝ ինչպես օգտագործել այն։ Իհարկե, ավելի օպտիմալ կլիներ ունենալ ինքնաներարկիչ սարք՝ Էպիպեն, որը շատ արագ ու հեշտ է կիրառվում, իսկ նման դեպքերում անգամ վայրկյաններն են կարևոր, բայց, ցավոք, այդ տարբերակը չունենք Հայաստանում։

– Այսինքն` առկայության դեպքում առաջնահերթ ադրենալինի կամ էպիպենի ներարկումն է պետք կատարել, ապա նոր զանգե՞լ շտապ օգնություն։

-Այո՛, եթե պացիենտն ունի իր մոտ ադրենալին, ապա առաջին քայլը ադրենալինի ներարկումն է, որից հետո շատ արագ շտապ օգնություն կանչելը։ Եթե չկա ադրենալին՝ ապա անհապաղ կանչել շտապ օգնություն։ Նորից հիշեցնեմ՝ այս քայլերը պետք է կատարել այն դեպքում, եթե խայթից հետո զարգացել են այնպիսի գանգատներ, ինչպիսիք են շնչառության դժվարացումը, կոկորդում սեղմումը, խայթոցների տեսանելի զարգացումը, ընդհանուր թուլությունը, փսխումը, ուշագնացությունը։

-Դուք նշեցիք ադրենալինի մասին, բայց որքան ինձ հայտնի է, շատերը նույն մեղվի խայթոցից առաջացած ալերգիկ ռեակցիաները կանխելու համար իրենց մոտ հակահիստամինային դեղամիջոցներ են պահում և գործածում։ Արդյո՞ք դրանք արդյունավետ չեն։

– Հակահիստամինային դեղամիջոցների մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել, ու պետք չէ դրանք կիրառել, բայց ամենամեծ մոլորությունն այն է, երբ ալերգիկ ռեակցիայի կամ անաֆիլակտիկ շոկի դեպքում առաջինը ստերոիդներ են կիրառում՝ այդպիսով ժամանակ կորցնելով ու պացիենտին հսկայական ռիսկի ենթարկելով։ Այնպես որ առաջինն ու անհապաղը, ինչ պետք է անել, ադրենալինի ներարկումն է։

Իսկ ընդհանուր առմամբ կան մի քանի միջոցառումներ, որոնք պետք է պահպանվեն, եթե գտնվում եք այնպիսի վայրերում, որտեղ միջատի կողմից խայթվելու վտանգ կա․ խոտերի վրա չքայլել ոտաբոբիկ, կրել փակ կոշիկներ, փակ հագուստ, հագուստը չպետք է լինի վառ գույների, որպեսզի չգրավի միջատին, խուսափել օծանելիքի, հոտավետ նյութերի օգտագործումից։ Եթե մարդն ունի խնդիր, պետք է կողքինին զգուշացնի ըստ անհրաժեշտության իրեն ադրենալին ներարկելու կամ շտապօգնություն կանչելու մասին։

-Իհարկե, շատ դժվար է մշտական վախի մեջ ապրելը, հատկապես խոսքը մեղվապահների մասին է։ Կա՞ արդյոք մի միջոց, որն ավելի երկարաժամկետ ու հուսալի պաշտպանություն է ենթադրում։

-Աշխարհում կա միջոց, որը կոչվում է սպեցիֆիկ իմունոթերապիա։ Հայաստանում, ցավոք, չունենք այն իրականացնելու հնարավորությունը, թեև այնպես չէ, որ աշխարհի շատ երկրներում է դա հասանելի։ Սպեցիֆիկ իմունոթերապիան, ըստ էության, ալերգոպատվաստում է, երբ միջատի թույնից ստացված ալերգենը փոքր չափաբաժիններով ամեն ամիս ներմուծվում է օրգանիզմ։ Դա բավականին երկար է տևում՝ 3-5 տարի, բայց կյանք փրկող, ռեալ, ռադիկալ ուղղություն է։

-Եվ վերջին հարցս, արդյո՞ք մեր օրերի վատ էկոլոգիան, օդի աղտոտվածությունը նպաստում են մարդկանց մոտ ալերգիկ ծանր ռեակցիաների, անաֆիլաքսիայի՝ ավելի հաճախ զարգացմանը։

– Իրականում գիտական  ապացույցներ չունենք, որ հենց էկոլոգիական փոփոխություններն են բերում սրան։ Օրինակ՝ բրոնխիալ ասթմայի կամ սեզոնային ալերգիկ ռինիտի վերաբերյալ կարող ենք նշել հստակ  պատճառներ և տեսություններ, բայց այս դեպքում՝ ոչ։ Մեղվի խայթից կամ միջատի խայթից զարգացած անաֆիլաքսիայի մասին առաջին տեղեկությունները եգիպտական ժայռապատկերների վրա պատկերվել են դեռևս մեր թվարկությունից առաջ․ մենք տեսնում ենք, թե ինչպես է փարավոնը միջատի խայթից հետո ընկնում ու մահանում։ Եվ որքան էլ այս վտանգը գալիս է դարերի խորքից՝ մարդիկ մինչ օրս չեն դադարում զբաղվել այն բարի գործով, որը մարդկանց քաղցրություն է պարգևում, իսկ մեզ մնում է հուսալ, որ այսօր բոլորին հասանելի  տեղեկություններն ու միջոցները շատ- շատերին կպաշտպանեն եգիպտական հիշյալ փարավոնի դժգույն ճակատագրից։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել