Monumentwatch. 2026 թվականի օգոստոսի 26–29-ը Աթենքում անցկացվող Եվրոպական հնագետների ասոցիացիայի (EAA) տարեկան համաժողովը դարձել է մասնագիտական և բարոյական լուրջ բանավեճի հարթակ։ 2026 թվականի հունվարին անցկացված էլեկտրոնային քվեարկության ժամանակ ասոցիացիայի քվեարկող անդամների 67 տոկոսը (486 կողմ, 237 դեմ և 77 ձեռնպահ հարաբերակցությամբ), աջակցել է Իսրայելի պետական և ակադեմիական հաստատությունների մասնակցությունը սահմանափակելու առաջարկին՝ պահպանելով անհատ հնագետների մասնակցության հնարավորությունը։ Սակայն Աթենքի համաժողովի ծրագրում իսրայելական հաստատությունները շարունակում են ներկայացված լինել։ Այս հանգամանքը հատկապես խնդրահարույց է թվում այն պատճառով, որ ռուսական և բելառուսական հաստատությունների նկատմամբ EAA-ն շարունակում է կիրառել սահմանափակող մոտեցում։
Քննադատների հիմնական հարցը ազգային պատկանելությունը չէ, այլ այն հաստատությունների պատասխանատվությունը, որոնք հնագիտությունն օգտագործում են բռնազավթված տարածքների նկատմամբ քաղաքական և տարածքային հավակնություններն ամրապնդելու համար։ Իսրայելի հնությունների վարչությունը և որոշ համալսարաններ պեղումներ են իրականացնում Արևելյան Երուսաղեմում ու բռնազավթված Արևմտյան ափում։ Դրանք երբեմն ուղեկցվում են հողի օտարմամբ, բնակիչների տեղահանմամբ և հնագիտական ժառանգության քաղաքական վերաիմաստավորմամբ։
Այս քննարկումն անմիջական զուգահեռներ ունի Արցախի իրավիճակի հետ։ 2023 թվականին ավելի քան 120,000 հայերի բռնի տեղահանումից հետո Ադրբեջանը Արցախի հայկական հուշարձանները, թանգարանները և մշակութային տարածքը ներառում է իր պետական քարոզչության ու զբոսաշրջային ծրագրերի մեջ՝ հաճախ լռեցնելով դրանց հայկական ծագումը և շրջանցելով նախկին բնակիչների իրավունքները։ Դրա վերջին օրինակներից մեկը Marriott Bonvoy հարթակում առաջարկված շրջայցն էր դեպի բռնազավթված Շուշի և Ստեփանակերտ։ Այն ներառում էր նաև «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, սակայն չէր ներկայացնում դրա հայկական ծագումը և բնակչության բռնի տեղահանման փաստը։ Հայտնի է, որ միջազգային բողոքի արշավից հետո առաջարկը հանվեց հարթակից:


















































