Արդեն ունկնդրի դատին է հանձնվել կոմպոզիտոր, երգչուհի, ժողովրդական երգերի կատարումներով հայտնի Եվա Եգանյանի «Հայրիկ ջան, մայրիկ ջան» երգը: «Առավոտը» երգչուհուց հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ծնվեց երգի գաղափարը, արդյոք սա անձնական, ապրված պատմություն է, թե՞ ընդհանրական նվիրում բոլոր ծնողներին:
«Երգս կարոտից ծնված երգ է, որի ե՛ւ խոսքերի, ե՛ւ երաժշտության հեղինակը ես եմ և գրել եմ Լոս Անջելեսում: Սա երախտագիտության երգ է՝ նվիրված իմ ծնողներին»,-ասաց երգչուհին: Հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է եղել իր ծնողների առաջին արձագանքը երգին: «Հուզմունքն ու ուրախությունը միախառնվել էին իրար, երբ առաջին անգամ լսեցին երգը: Եվ իհարկե երջանիկ էին, որ իրենց դուստրը իրենց նվիրված երգ է գրել»,-նշեց Եվա Եգանյանը:
Մեր դիտարկմանը, որ ծնողներին նվիրված երգերը միշտ զգայուն են, ի՞նչ նոր շեշտադրում կամ ասելիք է ցանկացել փոխանցել, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Երգիս միջոցով ցանկացել եմ ամեն զավակի սրտից ու հոգուց շնորհակալություն ու երախտագիտություն հայտնել ծնողներին»:
Մեր հարցին՝ արդյոք այս երգը նոր ալբոմի կամ ավելի մեծ երաժշտական նախագծի սկի՞զբ է, Եվա Եգանյանի արձագանքն այսպիսին էր. «Առաջիկայում ունեմ ևս մեկ հեղինակային երգ և տեսահոլովակ իմ լսարանին հանձնելու, ինչպես նաև համերգներ թե՛ Լոս Անջելեսում, թե՛ Հայաստանում»:
Հիշեցնենք, որ Եվա Եգանյանը ամենասկզբում ճանաչում ստացավ «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծից: Նա կոնսերվատորիական կրթություն ունի, հանդես է եկել որպես մեներգչուհի Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում, համերգներ է ունեցել Հայաստանում եւ արտասահմանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.08.2026


















































