Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այս տարվա ապրիլին ներկայացրեց նոր ուսումնական ծրագիր՝ ուղղված ՀՀ զինված ուժերում կանանց իրավունքների իրազեկմանը և դասավանդմանը: Կազմակերպությունն իր կայքում տեղեկացրեց, որ Ուղեցույցը ներկայացվել է ՀՀ ՊՆ-ին՝ «դիտարկումներ ներկայացնելու նպատակով»։ Ուղեցույցից պարբերաբար տպագրվում են հատվածներ «Գենդերային խտրականության դրսևորումները և սեքսիզմը ՀՀ ԶՈՒ-ում», «Ի՞նչ պետք է երաշխավորվի կին զինծառայողների համար», «Ի՞նչ է խտրականությունը», «Համազգեստով քաղաքացի» …
Օրեր առաջ իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրեց միջազգային փորձի մասին՝ զուգահեռներ տանելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքին։
Ըստ ԵԽԽՎ թիվ 2120 բանաձևի (կետ 6.2.5)՝ կին զինծառայողները պետք է բնակվեն այնպիսի պայմաններում, որ կարողանան բավարարել իրենց նվազագույն կարիքներն ու պահպանել առողջությունը։
Միջազգային փորձ (Նորվեգիա). 2015թ.-ից գործող գենդերաչեզոք համակարգով կիրառվում են համատեղ-գենդերային հանրակացարաններ՝ որպես հավասարության և թիմային համախմբվածության ռազմավարություն։
Կարդացեք նաև
ՀՀ ԶՈՒ ներկա պրակտիկա. Պայմանագրային կանայք ծառայում են տղամարդկանց հետ համատեղ։ ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն՝ նրանց համար նախատեսվում են առանձին ննջարաններ, ցնցուղարաններ, զուգարաններ և հանգստի սենյակներ:
Կին զինծառայողները, ի տարբերություն տղամարդկանց, տեղավորվում են բացառապես մեկ հարկաշարքով մահճակալներով ննջարաններում (Մահճակալների դասավորություն, Կանոնագիրք, հոդ. 167)։
Կանանց ստորաբաժանումներ. Նախատեսվում է 4 զինծառայողի համար 1 առանձին սենյակ՝ անհատական կենցաղային պայմաններով, առանձին ճաշարան, սպորտային դահլիճ, բուժկետ, առանձին սպորտային ավան և շարահրապարակ։
Դաշտային պայմաններ. Զորավարժությունների ժամանակ կանանց ստորաբաժանումների համար նախատեսված են առանձին հանգստի վրաններ և զուգարաններ։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.08.2026


















































