Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ​​չես կարողանում լավ աշխատել, ուրեմն սխալ տեղում ես

Սեպտեմբեր 02,2026 12:00 Share

Ձեր տաղանդի շնորհիվ անգամ ծանր աշխատանքը ձեզ էներգիա կտա: Հստակ սահմանված աշխատանքային խնդիրները կարող են մարտահրավեր լինել։ Նման խնդիրներ առաջանում են այն ժամանակ, երբ դուք աշխատում եք կոնկրետ ծրագրի վրա։ Դուք անհամբեր սպասում եք կայացրած որոշմանը և սպասվելիք արդյունքին։ Այն միտքը, որ դուք կարող եք դա անել և ինչպես պետք է դրան հասնել, ձեզ ոգեշնչում է և էներգիա տալիս։

Միխայ Չիկսենտմիխայնը (Mihaly Csikszentmihalyi, 1934–2021 հունգարացի-ամերիկյան նշանավոր հոգեբան( համարվում է պոզիտիվ հոգեբանության հիմնադիրներից մեկը և աշխարհահռչակ է դարձել «Հոսք» (Flow) տեսության շնորհիվ։

Ըստ Միխայ Չիկսենտմիխայնի՝ լավագույն պահն այն ժամանակն է, երբ մարդու մարմինն ու գիտակցությունը կամավոր, ինքնակամ ջանք են գործադրում՝ կատարելով ինչ-որ դժվար և արժեքավոր արարք։ Այլ խոսքով, մենք ամենից շատ տարվում ենք այն աշխատանքով, որը մեզ ստիպում է դուրս գալ հարմարավետության գոտուց, միևնույն ժամանակ չի ենթարկում սթրեսի, որը կխանգարի աշխատանքից հաճույք ստանալուն։ Այդպիսով, Միխայ Չիկսենտմիխայնը սահմանում է «հոսք» (flow) հասկացությունը. երբ գտնվում եք հոսքի վիճակում, այնքան եք կլանված ձեր կատարած աշխատանքով, որ կորցնում եք ժամանակի զգացողությունը։ Դուք դառնում եք ինքնավստահ, և աշխատանքը ձեզ ոգևորում, ոգեշնչում է։ Տվյալ դեպքում հենց աշխատանքն է բերում ուրախություն և տալիս հետաքրքիր խնդիրներ։ Ոգեշնչող աշխատանքը պետք է իր մեջ նպատակ ունենա, որին և դուք ձգտում եք։ Դուք պետք է ստանաք հետադարձ կապ )Feedback(: Այսինքն՝ հուսալի հաստատում ստանաք, որ դուք հասել եք ձեր նպատակին, վերջնարդյունքին։

Քանի դեռ չեք կարողանում լիարժեքորեն գնահատել, թե աշխատանքային խնդրի բարդությունը ինչպես կարող եք հաղթահարել ձեր հմտություններով, դուք չեք կարող արդյունավետ գործել։

Եթե ​​չես կարողանում լավ աշխատել, ուրեմն սխալ տեղում ես։ Շատերին թվում է, որ բավականին ջանք չգործադրեցին, որ ծուլություն  ցուցաբերեցին, որ պետք է կամ ավելի մեծ ջանքեր գործադրեն՝ ավելի քրտնաջան աշխատելով, նոր հմտություններ ձեռք բերելով կամ ինքնուրույն ավելի լավ մոտիվացվելով, կամ ընդմիշտ հեռանան իրենց աշխատանքային ոլորտից։ Յուրաքանչյուրին տանջում է սեփական մասնագիտական կարծրատիպի, կարիերային աճի, հաջողության հասնելու և սեփական աշխատանքից հաճույք ստանալու հարցը։ Շատ հաճախ աշխատանքային հաջողության չեն հասնում, քանի որ տվյալ անձն իր տեղում չէ։ Աշխատանքային վայրում ոչ հարմարավետ վիճակում հայտնվելով՝ տվյալ անձին թվում է, թե պետք է փոխվել, համապատասխանել տվյալ կազմակերպության կամ գործունեության ոլորտի պահանջներին, ստանդարտներին։ Եվ դա առաջին հայացքից, բնական պահանջ է։

Եթե ​​աշխատավայրում ձանձրանում եք, կամ եթե աշխատանքը ձեզ անհանգստություն է պատճառում կամ անիմաստ է թվում, ապա խնդիրն ամենևին էլ դուք չեք, այլ հենց աշխատանքը։

Սթրեսն ու հուզական այրումն առաջին նախազգուշական ազդանշաններն են, որոնք վկայում են, որ դուք լիարժեք ներգրավված չեք կամ զբաղված եք ոչ ձեզ համապատասխանող խնդիրներով՝ ցույց տալով, որ չափազանց երկար ժամանակ կատարել եք ձեզ չհամապատասխանող աշխատանք։

Եթե ​​ձեզ դժբախտ եք զգում, կարծում եք, որ ձեր ներուժը չի իրացվել, իսկ աշխատանքային խնդիրները բավարար չափով հետաքրքիր չեն, ապա դա նշան է, որ ներկայիս իրավիճակում ինչ-որ բան խոչընդոտում է ձեզ լիաժեք դրսևորվել։

Հնարավոր է գտնել աշխատանք, որը կատարելապես համապատասխանում է ձեր հմտություններին ու արժեքներին։  Դուք կարող եք հաջողության հասնել և գործել ձեր ողջ ներուժով միայն այն դեպքում, եթե մնաք ինքներդ ձեզ հավատարիմ, ունենաք ձեր յուրահատուկ հմտություններն ու ուժեղ կողմերը և կիրառեք դրանք արդյունավետորեն։

Առավել քիչ անհանգստացեք, թե ղեկավարներն ինչ կմտածեն, այլ փորձեք պարզել, թե դուք ինքներդ ինչ եք մտածում ձեր իսկ կատարած աշխատանքի մասին։

Bionic ընկերության համահիմնադիր, տնօրեն, ամերիկացի Դեվիդ Կիդերն ասել է. «Մեր կյանքի նպատակն է ապահովել, որ Աստծո կողմից մեզ յուրահատուկ կերպով շնորհված տաղանդները հնարավորինս լավագույն ազդեցությունն ունենան շրջապատի մարդկանց կյանքի և ամբողջ աշխարհի վրա»։

Ամալյա Հարությունյան

«Առավոտ» օրաթերթ
01.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել