Հաճախ առաջնորդը պաշտոնական դիրք ունենալով, չի ունենում հեղինակություն
Առաջնորդության ոլորտում կան տարբեր տեսակի հեղինակություններ։
Բնական հեղինակություն, երբ որոշ մարդիկ ունեն ավելի ուժեղ ազդեցություն, քան ուրիշները, դրա համար վերցնում են առաջնորդի դերակատարությունը։
Պաշտոնական հեղինակություն – այս տեսակի հեղինակությունը մարդն ստանում է զբաղեցրած դիրքի կամ պաշտոնի շնորհիվ, և այն համապատասխանում է առաջնորդության ամենացածր մակարդակին։
Կարդացեք նաև
Գիտելիքի հեղինակություն, երբ մարդը գիտի ուրիշներից ավելի շատ կամ տիրապետում է կոնկրետ տեղեկատվությանը, դա կարող է նրան առավելություն տալ։
Իրավիճակային հեղինակություն, անձնական հեղինակությունը կարող է առաջանալ որոշակի պայմաններում, որոնք պահանջում են, որպեսզի այս իրավիճակում առաջնորդի դերը ստանձնի ամենահամապատասխան մասնագետը։
Հարաբերությունների հեղինակություն, երբ անձը, ով կարողանում է կապ հաստատել և պահել հարաբերություններ մյուս անձանց հետ, ձեռք է բերում ազդեցություն, որը թույլ է տալիս նրան դառնալ առաջնորդ։
Մոտիկության, մերձավորության հեղինակություն, երբ մարդը մոտ է իրական առաջնորդին կամ հեղինակավոր կերպարին, նա կարող է օգտագործել այդ առաջնորդի ազդեցությունը ուրիշներին ներգրավելու, իր հետևից տանելու համար։
Հաջողության հեղինակություն, հաջողությունը ցույց է տալիս, որ մարդն արժանի է վստահության, և մյուսները ցանկանում են միանալ նրա թիմին՝ մասնակցելու նրա հաջողությանը։
Ուսուցչի, մենթորի հեղինակություն, երբ մարդը զարգացնում է ուրիշներին, նրա ազդեցությունը նրանց վրա, ում նա ուսուցանում է, ուժեղանում է, և նա ստանում է մեծ վստահություն։
Ավագի հեղինակություն, որոշ մշակույթներում հեղինակություն ձեռք են բերում ավագները կամ այն մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ տվյալ կազմակերպությունում, ընկերությունում։
Ինչ վերաբերում է բարոյական հեղինակությանը, ապա Թեոդոր Բրաունն ասել է, որ դա կարողություն է համոզել մյուսներին, թե ինչպիսին պետք է լինի աշխարհը։
Բարոյական հեղինակությունն ընդունելն է մարդու առաջնորդական ազդեցությունը, որը կապված չէ զբաղեցրած պաշտոնի հետ։ Այս հեղինակությունը ձեռք է բերվում իրական կենսակերպի պահպանման արդյունքում։ Դա վստահություն է ներշնչում և ապացուցվում մարդու ձեռք բերած հաջողություններով։ Ղեկավարները կարող են ձգտել վաստակել բարոյական հեղինակություն՝ ըստ իրենց կենսակերպի, նրանց ասած խոսքն ու կատարած աշխատանքը համընկնում են։
Բարոյական հեղինակությունը ոգևորում է մարդկանց, նրանց բարձրացնում ավելի բարձր մակարդակի, սակայն միևնույն ժամանակ օգնում չկտրվել իրականությունից և վստահություն ներշնչել։
Բարոյական հեղինակությունը նպաստում է, որ ընկերությունում տիրի առողջ մթնոլորտ, բոլորը հարգեն ղեկավարին և փորձեն նրան նմանվել, հետևել նրա օրինակին։ Այն առաջնորդից պահանջում է լինել կոմպետենտ, գիտակ, քաջ, հետևողական և ունենալ լավ բնավորություն։
Գիտակ, իրազեկ լինելը բարոյական հեղինակության հիմքն է։ Եթե դուք չեք կարողանում կատարել ձեր աշխատանքը, սպասելիքներն արդարացնել և թիմն առաջնորդել, ապա ով կուզի ձեզ հետևել։ Եթե մարդիկ ձեզ չհարգեն, դուք չեք ունենա բարոյական հեղինակություն։ Ջորջ Լյուսեն Դեվիսն ասել է, որ հեղինակությունն այն է, ինչին մենք արժանանում ենք մեր ենթակաների կողմից, ոչ ղեկավարության, ոչ սեփական աչքում։ Ոչ մի ղեկավար չի կարող հասնել արդյունքի, քանի դեռ նա հարգանք, վստահություն չի ստացել իր իսկ աշխատողների, ենթակաների կողմից։
Որոնք են առաջնորդության հինգ կատեգորիաները։
Մարդիկ ձեզ հետևում են, որովհետև պարտավոր են հետևել։ Այս կոնտեքստով առաջնորդվելիս՝ ղեկավարը պարտավոր չէ ունենալ բարձր գիտելիք։
Մարդիկ ձեզ հետևում են, որովհետև ուզում են։ Մարդկանց հետ լավ փոխհարաբերություններ ստեղծելով՝ ղեկավարի հետ ցանկանում են աշխատել, որովհետև վերջինս մարդկանց դուր է գալիս, և նրանք թույլ են տալիս իրենց առաջնորդել։
Մարդիկ ձեզ հետևում են, որովհետև տեսնում են, որ դուք հասնում եք արդյունքի, հաղթանակի և ուզում են լինել նույն թիմում, հաղթողի կողքին։
Մարդիկ ձեզ հետևում են, որովհետև դուք օգնում եք, որպեսզի նրանք դառնան ավելի լավը, ավելի գիտակ, հաջողակ։ Նրանք ձեզ վստահում են, և ձեր հեղինակությունը կտրուկ աճում է։
Մարդիկ ձեզ հետևում են, որովհետև դուք ունեք լավ առաջնորդի հեղինակություն։ Եթե տևական ժամանակ լինեք գիտակ մասնագետ, օգնեք մարդկանց դառնալ առաջնորդ, ապա կունենաք բարոյական հեղինակություն։
Բարոյական հեղինակության համար շատ կարևոր է նաև քաջությունը։ Առաջնորդի հեղինակությունն ընկնում կամ բարձրանում է անձի դրսևորած քաջության հետ։ Մեզ գրավում է հետևել ուժեղ առաջնորդին։
Ամալյա Հարությունյան
«Առավոտ» օրաթերթ
17.06.2026


















































