Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուկ Սուքիասյան. «Փաշինյանը մտածում է, թե պրովինցիալ «շուստրիությամբ» կարող է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ աճպարարություններ անել»

Սեպտեմբեր 02,2026 20:04 Share

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը, «Հայելի» ակումբում խոսելով Բիշքեկում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման մասին, ասաց. «Փաշինյանը մտածում է, թե իր պրովինցիալ «շուստրիությամբ» կարող է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ աճպարարություններ անել, ինչին հենց տեղում հրապարակային հակադարձեց Պուտինը։

Դրա վտանգները նորություն չեն, բայց այդ վտանգներն արդեն բացահայտ կերպով հրապարակվեցին։ Եվ այն ճղճիմ, պրիմիտիվագույն բացատրությունները, իբրեւ թե եվրաինտեգրման մասին օրենքը ինքը պառլամենտում ընդունել է, որ քաղաքացիական հասարակությունը՝ ենթադրյալ արեւմտամետները, 350 հազար ստորագրությունով հանրաքվե չնախաձեռնեն, ծայրից ծայր կեղծիք է, մանիպուլյացիա է։ Մենք տեսնում ենք, թե այդ քաղաքացիական հասարակություն կամ արեւմտամետ կոչվածները մեր հանրության մեջ որքան իրական վարկանիշ ունեն։ Նրանք անցողիկ շեմը չհաղթահարեցին Գյումրիի ընտրություններում, անցողիկ շեմը չհաղթահարեցին ԱԺ ընտրություններում։ Եվ հեքիաթների ժանրից է, որ այդ արեւմտամետ կոչված ուժերը կարող էին 350 հազար ստորագրություն հավաքել։ Ի վերջո, բառացիորեն օգոստոսի 24-ին է Փաշինյանը հայտարարել եվրաինտեգրման պրոցեսի մեկնարկի մասին։ Հետեւաբար, չի կարելի փորձել դիմացիններին դնել հիմարի տեղ, այստեղ ասել մի բան եւ գնալ, այնտեղ ասել հակառակ բաներ։

Ակնհայտ է նաեւ, որ մեր անվտանգության, Արցախի եւ անկախ Հայաստանի տարածքների հետ կապված այս զիջողական, խայտառակ, ազգադավ մոտեցումները, երբ հովանավորվում են եվրոպական կառույցների կողմից, իմիտացիա են ստեղծում, թե եվրոպական շուկաները բացել են հայ արտահանողների համար։ Այդ ամեն ինչը գին ունի։ Այդ ամեն ինչի գինը հակառուսականությունն է, ռուսական գործոնը Հարավային Կովկասից դուրս մղելը։ Այդ ամեն ինչի գինը թուրք-ադրբեջանական գծի մեջ տեղավորվելն է։ Եթե դա մենք վերլուծում ու հասկանում ենք, բնականաբար, ռուսական կողմը նույնպես հասկանում է։ Եվ այդ էժանագին կեղծիքը հաստատապես չի փարատելու ռուսական կողմի մտավախությունները։

Իսկ ինչպես նշեցի, այդ պրովինցիալ հնարամտությունը, որ փորձենք սիրախաղը զարգացնել եվրոպացիների հետ, բայց քանի որ ռուսական, ԵԱՏՄ-ի շուկան մեզ շատ անհրաժեշտ է, այս ընթացքում ռուսական կողմին ասենք. «Վայ, չէ։ Ի՞նչ եք ասում: Չկա նման պրոցես։ Դեռեւս չկա»։ Իսկ «դեռեւս չկա»-ն նշանակում է, որ մոտ ապագայում կարող է լինել։ Իրականում վաղուց դա կա։ Եվ դա իրականում եվրաինտեգրացիա չէ, դա մեր երկիրը ուղղորդված հակառուսական պլացդարմ դարձնելու դասական քաղաքականություն է։ Դրա միջով անցել են Վրաստանը, Ուկրաինան։ Եվ ահա Հայաստանը նույնպես այդ թակարդի, այդ ծուղակի մեջ է հայտնվել։

Եվ Աստված մի արասցե, որ իրականություն դառնա ռուսական զորքը այստեղից հանելու՝ նախօրեին Վլադիմիր Պուտինի կողմից ակնարկված հեռանկարը։ Դա հղի է շատ լրջագույն վտանգներով, եւ շատ կարճ ժամանակահատվածում երկիրը ուղղակի կթաթախվի մղձավանջի մեջ։ Հետեւաբար, ռիսկերը պետք է գնահատել եւ կառավարել։

Ինչ վերաբերում է Տիգրանաշենին, մարդը հենց քարոզարշավի կիզակետին է հայտարարել, որ Տիգրանաշեն չէ, Քյարքի է եւ ինքը պատրաստ է այն զիջել։ Բայց արի ու տես, որ շրջանցիկ ճանապարհի շինարարություն այս պահին չկա։ Ենթադրաբար, ինչ-որ ավանտյուրա է պատրաստվում Արծվաշենի եւ Ջերմուկի հատվածում ադրբեջանցիների գրաված հողերի հաշվին իբրեւ թե փորձեն հանրությանը մատուցել, թե տեսեք, համաձայնության ենք եկել։ Բայց դա լինելու է նվաստացման եւ մեր ազգային շահերը զիջելու գնով»,-ասաց »Մայր Հայաստան» խմբակցության Երեւանի ավագանու ղեկավարը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930