Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան–Ալիեւ լիակատար համաձայնություն

Սեպտեմբեր 04,2026 10:00 Share

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ երկկողմ հանդիպմանը քննարկել են հայ–ադրբեջանական գործընթացի օրակարգային հարցեր, իսկ Սահմանադրության փոփոխության հարց՝ չեն քննարկել։ «Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում, ընդհակառակը` մենք արձանագրում ենք՝ արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգն ու հարցը չենք քննարկում»,- հայտարարել է նա։

Վարչապետ Փաշինյանը թերեւս միանգամայն անկեղծ է, երբ հավաստիացնում է, որ չեն քննարկել այդ հարցն ու այն չկա օրակարգում։ Նույնիսկ ավելորդ է հարցը՝ Ալիեւի հետ Սահմանադրության թեմա քննարկվում է, թե ոչ։

Առհասարակ, քննարկվում են այն հարցերը, որտեղ կողմերը՝ քննարկման կամ բանակցության մասնակիցները ունեն տարբեր կարծիքներ, ունեն տարբեր մոտեցումներ, տարբեր ընկալումներ եւ այլն։ Դրա համար է քննարկումը կամ բանակցությունը, որպեսզի մերձենան դիրքորոշումներն ու լինի համաձայնություն։ Մինչդեռ, Սահմանադրության փոփոխության հարցում վաղուց ակնառու է լիակատար համաձայնությունը։ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների դիրքորոշումներում չկա ոչ մի տարակարծություն կամ տարընկալում։

Ադրբեջանի նախագահն ու նրա ենթակաները բարձրաձայնել են պահանջը՝ Սահմանադրությունը պետք է փոխվի եւ պետք է չեղարկվի Անկախության հռչակագրին հղումը, իսկ Նիկոլ Փաշինյանն ու նրա ենթականերն էլ ընդունել են այդ պահանջը եւ հայտարարել դրա իրականացմանը գնալու հաստատակամության մասին։

Հետեւաբար, այլեւս ինչ եւ ինչո՞ւ պետք է քննարկեն Ալիեւն ու Փաշինյանը այդ կապակցությամբ։ Քննարկելու հարց այդ առումով այլեւս չկա։ Կրկնեմ՝ Բաքուն դրել է պայմանը, Երեւանը՝ ընդունել այն եւ նույնիսկ սկսել հիմնավորել։

Չէ՞ որ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի Անկախության հռչակագիրը կոնֆլիկտային է, դա այլ բան չէ, քան Ադրբեջանի պահանջի հիմնավորում։ Հետեւաբար, Փաշինյանն ու Ալիեւը այս հարցում հասել են լիակատար համաձայնության։

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել