Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի ներկայացմամբ է այս տարի մեկնարկել Կիպրոսի Պաֆոս քաղաքում 24-րդ անգամ անցկացվող «Աֆրոդիտե» միջազգային փառատոնը։
Aravot.am-ը հիշյալ օպերային անդրադարձել էր 2023թ., պրեմիերայից անմիջապես հետո։ Հիշեցնենք, որ Դոնիցետիի այս մեծակտավ ստեղծագործության ռեժիսոր, գեղարվեստական հայեցակարգի հեղինակ Օլգա Գուսևան մեզ հետ զրույցում ասել էր. «Ըստ Էժեն Սկրիբի համանուն կատակերգության, Ռոմանիի լիբրետտոյի պարզ զավեշտալի պատմությունը վերաիմաստավորելով փիլիսոփայականի՝ մենք ստեղծել ենք հավերժական համատեքստ, որը տեղին է պատմության յուրաքանչյուր փուլում, բայց հատկապես այսօր, երբ տեսնում ենք աշխարհում տեղի ունեցող խառնաշփոթը, որի կասեցման համար անհրաժեշտ են պարզ, բայց մարդկային զորեղ զգացմունքներ»։
Կիպրոս մեկնելուց առաջ թատրոնի տնօրեն, մաեստրո Կարեն Դուրգարյանը, որը հիշյալ բեմադրության երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է, մեզ փոխանցեց հետևյալ խոսքը. «Օպերան մարդկանց և մշակույթներին միավորելու բացառիկ ուժ ունի, և մենք ուրախ ենք դառնալ Պաֆոսի հեղինակավոր «Աֆրոդիտե» փառատոնի յուրահատուկ մթնոլորտի մի մասը՝ հանդիսատեսին փոխանցելով այս ստեղծագործության ջերմությունն ու հրաշալի երաժշտությունը։ Սա նաև հնարավորություն է միջազգային հանդիսատեսին ներկայացնելու հայկական օպերային արվեստի ավանդույթները և միաժամանակ ամրապնդելու Հայաստանի ու Կիպրոսի միջև մշակութային կապերն ու բարեկամությունը»։
Կարդացեք նաև
Օրերս է օպերային թատրոնը վերադարձել կիպրոսյան փառատոնային շրջագայությունից։
Ներկայացնում ենք «Աֆրոդիտե» փառատոնի պաշտոնական կայքում սեպտեմբերի 6-ին փառատոնի բացման արարողության, ապա Երևանի օպերային թատրոնի «Սիրո ըմպելիք» ներկայացումից անմիջապես հաջորդ օրը տպագրված հոդվածը, որը կարծում ենք կբավարարի ընթերցողի «փառատոնային» հետաքրքրությունները:
Նշենք, որ ներկայացումներին մասնակցել են մեր թատրոնի երգչախումբը (խմբավար՝ Հրաչ Բորյան), առաջատար մեներգիչներ՝ Սիլվա Պետրոսյանը, Նունե Գրիգորյանը, Տիգրան Օհանյանը, Տիգրան Հակոբյանը, Գագիկ Վարդանյանը, Ալեքսեյ Շապովալովը, Գոշ Սարգսյանը, Հովհաննես Ներսեսյանը, Կատարինա Ֆարսադյանը (թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմեյստեր Ելենա Վարդազարյանը)։
«ՍԻՐՈ ԸՄՊԵԼԻՔԸ» ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԿԵՐՊՈՎ ՈՂՈՂԵՑ ՊԱՖՈՍԸ
ԵԶԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱ՝ ՊԱՖՈՍԻ ԱՖՐՈԴԻՏԵ ՓԱՌԱՏՈՆԻ 24-ՐԴ ՀԱՄԱՐԻ
ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Գաետանո Դոնիցետիի երաժշտությունը երեկ երեկոյան ողողեց Պաֆոսի միջնադարյան ամրոցի հրապարակը, որտեղ Պաֆոսի Աֆրոդիտե փառատոնի 24-րդ թողարկումը հանդիսատեսին ներկայացրեց «L’Elisir d’Amore» («Սիրո էլիքսիրը») օպերան՝ միջազգային բեմադրություն, որը մեկ բեմում համախմբեց Հայաստանի և Կիպրոսի անվանի արտիստների ու երաժիշտների։
Միջնադարյան ամրոցն ու ծովը որպես տպավորիչ տեսարան ունենալով՝ խորհրդանշական հրապարակը կրկին վերածվեց յուրօրինակ բացօթյա օպերային բեմի՝ հանդիսատեսին պարգևելով բացառիկ գեղարվեստական փորձառություն։
Երեկոյի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան Պաֆոսի Աֆրոդիտե փառատոն Կիպրոսի տնօրենների խորհրդի նախագահ և Պաֆոսի քաղաքապետ պարոն Անգելոս Օնիսիֆորոսը (Angelos Onisiforou), ինչպես նաև մշակույթի փոխնախարար Կլեանա Խատզիեստեֆանու-Պապաելինան, որը Հանրապետության նախագահի անունից հայտարարեց փառատոնի բացումը։
Իր ողջույնի խոսքում պարոն Օնիսիֆորոսն ընդգծեց փառատոնի միջազգային նշանակությունն ու հեղինակությունը՝ նշելով, որ շուրջ երեք տասնամյակ Պաֆոսը ապացուցում է, որ մեծ մշակութային ներկայություն ունեցող փոքր քաղաքը կարող է ձևավորել միջազգային ճանաչում և հեղինակություն վայելող գեղարվեստական կառույց, որի համբավը դուրս է գալիս Կիպրոսի սահմաններից։
Նա առանձնահատուկ անդրադարձ կատարեց Միջնադարյան ամրոցի հրապարակին՝ նշելով, որ Պաֆոսի Աֆրոդիտե փառատոնը «հանդես է գալիս որպես եվրոպական մշակույթի փարոս Արևելյան Միջերկրականում», միաժամանակ ընդգծելով Կիպրոսի՝ որպես Եվրոպայի և տարածաշրջանի ավելի լայն տարածքի միջև կամուրջի դերը։
Պարոն Օնիսիֆորոսը կարևորեց նաև Կիպրոսի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունը, որը փառատոնի բեմադրությանը միանում է առաջին անգամ։ Նա այս համագործակցությունը բնութագրեց որպես Կիպրոսի մշակութային ներուժի և միջազգային գեղարվեստական համագործակցության անհրաժեշտության գործնական դրսևորում։ Միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց մշակույթի փոխնախարարությանը՝ վճռորոշ ֆինանսական աջակցության համար՝ ընդգծելով, որ փառատոնի շարունակականությունը միայն Պաֆոսի հարցը չէ, այլև Կիպրոսը միջազգային մակարդակով ներկայացնող կարևոր մշակութային հաստատության պահպանման խնդիր։
Իր հերթին մշակույթի փոխնախարար Կլեանա Պապաելինան անդրադարձավ Հայաստանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թատրոնի հետ միջազգային համագործակցությանը, ինչպես նաև անվանի դիրիժոր Կարեն Դուրգարյանի և ճանաչված արտիստների մասնակցությանը։
Ինչպես նա նշեց, այս համագործակցությունը «ամրապնդում է Կիպրոսի մշակութային արտաքին կապերը, խթանում միջմշակութային երկխոսությունը և ստեղծում մասնագիտական գիտելիքների ու գեղարվեստական փորձի փոխանակման նոր հնարավորություններ»։
Տիկին Պապաելինան ընդգծեց, որ Կիպրոսի կառավարությունը գիտակցում է Պաֆոսի Աֆրոդիտե փառատոնի նշանակալի ներդրումը Պաֆոսի և ամբողջ Կիպրոսի մշակութային, սոցիալական ու զբոսաշրջային զարգացման գործում և գործնական աջակցություն է ցուցաբերում դրա կազմակերպմանը։
Միաժամանակ նա հայտարարեց, որ 2027 թվականից նախատեսվում է համագործակցության նոր շրջանակի ձևավորում Պաֆոսի քաղաքապետարանի, մշակույթի նախարարության և Կիպրոսի սիմֆոնիկ նվագախմբի միջև՝ նպատակ ունենալով ապահովել Կիպրոսում օպերային արվեստի երկարաժամկետ զարգացումը և կրթական ծրագրերի միջոցով ստեղծել ապագայի նոր սերունդ։
Պրեմիերային ներկա էին Կիպրոսի հասարակական և մշակութային կյանքի պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած անվանի հյուրեր և մեծաթիվ հանդիսատես։
Իր 24-րդ թողարկմամբ Պաֆոսի Աֆրոդիտե փառատոնը վերահաստատում է իր դինամիկ և միջազգային բնույթը՝ շարունակելով մնալ արվեստագետների, մշակույթների և համայնքների հանդիպման կարևոր հարթակ և ամրապնդելով Պաֆոսի դիրքը՝ որպես Արևելյան Միջերկրականի նշանակալի մշակութային կենտրոն։
Սամվել Դանիելյան
Լուսանկարները տրամադրել է Երևանի օպերային թատրոնի լուսանկարիչ Տիգրան Առաքելյանը/В© Constantinos Larkos


























































