«Այն, ինչ կատարվում է սեփականության իրավունքի նկատմամբ Հայաստանում, պարզապես խայտառակություն է։ Դա ոչ միայն մեր ներքին խնդիրն է, այլ նաեւ մեր պետության համբավի ու հեղինակության խնդիրն է։ Եվ երբ ես պարբերաբար ասում եմ, թե ի՞նչ են մտածում այս իշխանությունները, արդյոք չեն տեսնո՞ւմ, որ սա Հայաստանի համար լուրջ խնդիրներ է առաջացնելու, ես դա ասում եմ հիմնավոր, որովհետեւ որեւէ ներդրող այս պարագայում Հայաստանում ներդրում անելու համարձակություն չի կարող ունենալ»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Ես վստահ եմ՝ Գագիկ Ծառուկյանը կարճ ժամանակ հետո ուղղակի ազատության մեջ է լինելու, նա պետք է անպայման ազատ արձակվի, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այն բոլոր վնասները, որոնք այս գործերի քննության ընթացքում հասցվել են Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությանը, ցավոք սրտի, փոխհատուցվելու են պետության կողմից։ Ես վստահ եմ՝ սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգությունները քննարկման առարկան են դառնալու ոչ միայն ներհայաստանյան դատական ատյաններում, այլ նաեւ միջազգային ատյաններում։ Իսկ դա նշանակում է, որ այս իշխանությունների անպատասխանատու գործողությունների հետեւանքով պատասխանատվությունը կրելու է ՀՀ-ն եւ ՀՀ քաղաքացին»,- ասաց Էլինար Վարդանյանը։
Նա նշեց, որ այս բոլոր իրավունքների խախտումները կարող է պրոյեկտել նաեւ մնացած քաղբանտարկյալների վրա։ «Ես կարող եմ նույնը պրոյեկտել Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերի վրա։ Այսինքն՝ մենք ունենք այս իշխանությունների կողմից որդեգրված մոտեցում՝ խախտել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ դրան համապատասխան մեր Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված եւ երաշխավորված մարդու իրավունքները»,- ասաց նա։
«Քաղաքական առաջատար ուժերի ներկայացուցիչները մեկուսացվում են այս իշխանության կողմից որոշակի կոնկրետ նպատակներով։ Մենք շատ կարճ ժամանակ հետո կտեսնենք եւ ինքներս էլ կհասկանանք, թե որոնք էին այդ նպատակները»,- հայտարարեց Էլինար Վարդանյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով Բաքվի բանտերում պատանդ պահվող հայերին՝ Էլինար Վարդանյանն ասաց․ «Մենք իսկապես լուրջ առաքելություն ու խնդիր ունենք, որպեսզի եւ ՀՀ-ում, եւ Ադրբեջանում հետապնդումների ենթարկվող եւ պատանդված մեր հայրենակիցների իրավունքները կարողանանք բարձրաձայնել եւ հասցնել պատշաճ մարմիններին, նրանց կողմից ստանալ նաեւ աջակցություն»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































